Ի՞նչ է կատարվում արվեստի բուհերում

08/08/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Օպերան այսօր մեծ դահլիճներ չի հավաքում (խոսքը շոուների մասին չէ), շարքային դերասանի աշխատավարձը 20.000 դրամ է, դասական երաժշտությունը նույնպես չի արժանանում մեծ ուշադրության, իսկ նկարիչները եւ ցուցասրահները դժվարությամբ են վաճառում հայ նկարիչների ստեղծագործությունները: Ու չնայած այս ամենին՝ այսօր Հայաստանում երիտասարդների մի մեծ խումբ երազում է մեծ բեմի եւ արվեստագետի փառքի մասին։ Հուլիսի 28-ից ՀՀ արվեստի բուհերում սկսվել են ընդունելության քննությունները։

«Ով չի ալարում՝ երգում է»

Այսօր երգարվեստը դարձել է մշակույթի ամենաշահեկան ոլորտը։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են գոնե մի քանի նոտա մաքուր երգել, իրենց աստղ համարելով՝ աշխատանքի են տեղավորվում գիշերային ակումբներից որեւէ մեկում: Ու քիչ գումարներ չեն վաստակում։ Այս ամենը շատ լավ հասկանում են նաեւ երիտասարդները, եւ պատահական չէ, որ այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ամենամեծ մրցույթը հենց վոկալի բաժնում է, մասնավորապես` ջազ վոկալ եւ ժողովրդական երգ՝ ֆակուլտետներում։ 84 դիմում՝ 8 անվճար, 30 վճարովի եւ 12 ԱՏ տեղերի համար։ «Դժբախտաբար այսօր երգողների մեծ մասը, որոնց տեսնում ենք հեռուստատեսությամբ, թերուս են։ Կապկելով սրան-նրան՝ փորձում են երգել։ Նրանք, ովքեր մտնում են Կոնսերվատորիա, գոնե կարողանում են երաժշտական ճաշակ ձեռք բերել»,- ասում է Դավիթ Ղազարյանը՝ Կոնսերվատորիայի Վոկալ տեսական ֆակուլտետի դեկանը։ Խոսելով դասական վոկալի մասին՝ Դ. Ղազարյանը նշեց, որ այս քննությունների ընթացքում առիթ են ունեցել լսել նաեւ լավ ձայներ, չնայած 20 գնահատականի արժանի դիմորդներ այդպես էլ չեն գտնվել։ «Դասական վոկալի համար լավ ձայնից զատ պետք է նաեւ տեսք, կուլտուրա ունենալ։ Սրանք ապագա օպերային երգիչներն են։ Կարճ, անշուք մարդու տեղը չէ սա։ Դիմորդի արտաքին տեսքը նույնպես գնահատվում է»,- ասում է նա։ Ի դեպ, այսօր Հայաստանում կա տղամարդկանց տենորի՝ հատկապես լիրիկական տենորի եւ կանանց կոլորատուրային սոպրանոյի պակաս։ Փաստորեն, ապագա Գոհար Գասպարյանների սպասելիքներ դեռ չունենանք։

Խմբավարություն, երաժշտագիտություն եւ կոմպոզիցիայի ֆակուլտների դիմորդների թիվը շատ քիչ է։ Հասկանալի է, խմբավարներն ու երաժշտագետներն այսօր աշխատանք չեն գտնում։ Սակայն անհասկանալի է, թե ի՞նչ կրթություն են ստացել այն մարդիկ, ովքեր այսօր հայ «աստղերի» համար երեք նոտայանոց երգ են գրում եւ իրենց կոմպոզիտոր համարում։ Մեծ մասը կոմպոզիցիա առարկայի մասին գաղափար անգամ չունի։

Նվագախմբային գործիքների առումով քննությունը սովորականի պես է։ Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խաչատրյանը ոչ մի արտասովոր դեպքի ականատես չի եղել: Ամենաբարձր գնահատականը 19-ն է եղել, որին արժանացել է մեկ հոգի։ Վ. Խաչատրյանի հիմնական նկատողությունն այն էր, որ երեխաները գերագնահատում են իրենց ունակությունները ու շատ հաճախ ընտրում են չափից դուրս ծանր ծրագրեր, որոնց տակից չեն կարողանում դուրս գալ։ Ժամանակին Կոնսերվատորիայում ամենամեծ մրցույթը դաշնամուրի բաժնում էր, սակայն այսօր այստեղ կան թափուր տեղեր։ 43 տեղերի համար եղել է 42 դիմորդ, որից մեկն էլ կտրվել է օտար լեզվի քննությունից։ Հետաքրքիր մի փաստ. դաշնամուրային բաժնի դիմորդներից մեկը 54-ամյա մի կին էր՝ Աշտարակից, ով իր քաղաքի երաժշտական դպրոցում դաշնամուրի ուսուցիչ էր աշխատում։

Նկարիչներին փոխարինելու են եկել դիզայներները

Այս տարի Գեղարվեստի պետական ակադեմիան 92 տեղ է հատկացրել 184 դիմորդի համար։ «Համարյա 1-ը՝ 2-ին մրցույթ կա։ Սա նորմալ թիվ է արվեստի համար։ Քանի որ բոլորը պատրաստված են գալիս»,- ասում է ԳՊԱ-ի դասախոս, ընդհանուր հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փափազյանը։

Նկարչի համար աշխատանք գտնելը բավական դժվար է ու շատ նկարիչների ճանապարհը Վերնիսաժից այն կողմ չի անցնում։ «Արվեստը հոգեկան պահանջ է։ Հին ժամանակներում էլ նկարիչները սոված էին, բայց նկարում էին»,- ասում է Հ. Փափազյանը։ Սակայն ժամանակը թելադրում է իր պահանջները, եւ անգամ նրանք, ովքեր պատրաստ են «սոված լինելով» մնալ արվեստում, դառնում են շատ ավելի պրագմատիկ եւ կարողանում են համատեղել հաճելին օգտակարի հետ։ Այս դարաշրջանում ծնունդ առած՝ դիզայների մասնագիտությունը հենց այդ հաճելին ու օգտակարն է։ Գեղարվեստի ակադեմիայում այսօր հիմնական մրցույթը հենց դիզայնի եւ համակարգչային գրաֆիկայի բաժիններում է։ «Այսօր հասարակությունը տեղ է հատկացնում այս մասնագիտություններին, որովհետեւ մարդիկ իրենց բնակարանները, տները, խանութները կառուցելիս արդեն դիմում են դիզայներներին»,- ասում է Հ. Փափազյանը։

Թատերականը բանակի «բրոնյա՞» է

Երեւանի Կինոյի եւ Թատրոնի պետական ինստիտուտը «Շարմ» ընկերության հետ համատեղ այս տարի բացեց նոր բաժին՝ արվեստի կառավարում։ Այս բաժինը կպատրաստի ապագա պրոդյուսերների։ «Մենք այսօր ունենք պրոդյուսերների մեծ պակաս՝ էստրադայի, կինոյի ասպարեզում։ Իհարկե, այս կուրսով այդ հարցը չի լուծվում։ Սակայն մենք հույս ունենք, որ 4 տարի հետո այս երեխաներն այնքան պատրաստ կլինեն, որ տարբեր կազմակերպությունների կողմից բարձր աշխատավարձով աշխատանքի հրավերներ կստանան»,- ասում է «Շարմ»-ի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, որը լինելու է այս կուրսի ղեկավարը։ Նրա խոսքերով՝ կուրսում դասավանդելու են տեղացի եւ արտասահմանցի լավագույն դասախոսները։ Ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքային ծրագրերով մեկնել արտերկիր, որտեղ անմիջական մասնակցություն կունենան համերգների եւ այլ ծրագրերի աշխատանքների կազմակերպմանը։

Դիտելով քննության ընթացքը՝ մի բան ակնհայտ էր՝ ապագա պրոդյուսերներից շատերը պատկերացում չունեին Շիրվանզադեի, Մալյանի եւ շատերի մասին։

«Նորություն չէ, որ երիտասարդները քիչ են կարդում։ Սակայն այս երեխաները, շատ բաներ չիմանալով, հաճախ հարցերին կարողանում են պատասխանել՝ այսինքն՝ տակից դուրս են գալիս։ Ինչը եւ պետք է պրոդյուսերի գործի համար։ Հիմնական շեշտը ես հենց դրա վրա եմ դնում։ Իհարկե, գիտելիքները նույնպես պետք են»,- ասում է Ռ. Ջաղինյանը։

Թումանյանին Սպենդիարյանից չեն տարբերում նաեւ դերասանության վարպետություն քննություն հանձնող դիմորդներից մի քանիսը։ Սակայն, ըստ ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Մազմանյանի՝ «դիմորդների որակն այնքան էլ վատ չէ»։ Ի դեպ, բավական մեծ մրցույթ է դերասանի վարպետության բաժնում՝ 105 դիմորդ՝ 2 անվճար, 18 վճարովի եւ 10 ԱՏ տեղերի համար։

Կոնկրետ չափանիշ չկա, որով ընտրվում է տաղանդավոր դերասանը, սակայն կան պարտադիր պայմաններ, ու դրանցից մեկն էլ դիմորդի՝ ներկայանալի տեսք ունենալն է։ «Արտիստն էսթետիկա կրող է եւ հակաէսթետ չպետք է լինի։ Ժամանակին ունեցել ենք սիրունների պրոբլեմ, սակայն, կարծես, այս տարի սիրունատես, բոյ-բուսաթով տղաներ եւ աղջիկներ ունենք։ Իմ բախտն այդ հարցում կարծես բերում է»,- ասում է Ա. Մազմանյանը։

Արվեստի բուհերում պատահական մարդիկ չեն հայտնվում։ Այսպես են կարծում մասնագետները՝ բացատրելով, որ սրանք այն երեխաներն են, ովքեր արդեն իրենց ուղին տեսնում են միայն արվեստում։ Սակայն, թերեւս, միշտ չէ, որ այս ոսկե օրենքը գործում է։

«Տղա ջան, Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը բանակի «բրոնյայի» տեղ չի։ Եթե ֆիզիկայից կամ քիմիայից կտրվում են, չի նշանակում, որ պետք է այստեղ գալ»,- մոտավորապես այսպես դիմեց Ա. Մազմանյանը մի դիմորդի, որ ընդամենը մեկ բանաստեղծություն գիտեր եւ խոստովանեց, որ վերջին օրն է գործերը հանձնել ու չգիտի՝ ի՞նչ է պետք անել։