Մասնակցող դիմորդների թիվը 743 է, որը նախորդ տարվա համեմատ 150-ով ավելի է: Չնայած մեծ ֆուտբոլի աշխարհում Հայաստանի արդեն երկար տարիներ մասնակից չլինելու փաստին, երիտասարդ դիմորդների մեծամասնությունն ընտրել է ֆուտբոլ մասնագիտությունը՝ 19 տեղի համար պայքարելու են 81 դիմորդ: «Այս մարզաձեւը միշտ էլ ժողովրդի մեջ մեծ մասսայականություն է վայելել: Մարզաձեւը ժողովրդականացված է, բնական է, մասսայականությունը պիտի որակ էլ տա, բայց այսօր մենք չունենք այդ հնարավորությունը, երեւի մանկապատանեկան ֆուտբոլին ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք եւ հնարավորինս ընդգրկվենք եվրոպական ակումբներում: Օրինակ, Էդգար Մանուչարյանը, որը մեր ուսանողն է եղել, հիմա խաղում է եվրոպական թիմում (Հոլանդիայի «Այաքս» ակումբ) եւ ցանկալի է, որ նա ունենա շարունակողներ: Կգա ժամանակ, որ մենք էլ ֆուտբոլային աշխարհում կունենանք եվրոպական չափանիշների աստղեր»,- հավաստիացնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոլյա Բաբայանը:
Այլ պետական բուհերի կենտրոնացված համակարգով քննություններից տարանջատ՝ այստեղ դրանք ընթանում են գծային համակարգով: «Մեզ մոտ թափանցիկ արտահայտությունը լիարժեք օգտագործվում է, որովհետեւ գծային՝ մասնագիտական քննություններ են. դիմորդների 90 տոկոսն իրար ճանաչում են: Հանպատրաստի դիմորդներ չունենք, ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մեր դիմորդների պատրաստվածությունը բավականին բարձր է»,- նշում է հանձնաժողովի նախագահը: Զրույցի ընթացքում պարզվեց նաեւ, որ մեր Ֆիզկուլտինստիտուտն աշխարհում միակ մարզական բուհն է, որտեղ, արդեն 5-6 տարի է, գործում է մարզային լրագրություն բաժինը, որի ամբիոնը ղեկավարում է մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը: Այստեղ 10 տեղի համար հավակնում են 37 դիմորդ: Առաջին` գրավոր թեստի քննությունների արդյունքների համաձայն, ձախողվել է ընդամենը 7 դիմորդ, 19-20 միավոր վաստակել՝ 11 դիմորդ: Ինչպես տեղեկացրեց Կ. Բաբայանը, Կառավարության որոշման համաձայն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների 1-3 տեղեր, ինչպես նաեւ` օլիմպիական խաղերի՝ 1-6 տեղեր շահած մարզիկներն էքստեռն կարգով՝ առանց ընդունելության քննությունների, կընդունվեն բուհ: Արդեն իսկ 7 մարզիկ օգտվել է այդ արտոնությունից. նրանց շարքերում է օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Եվրոպայի ծանրամարտի երկրորդ մրցանակակիր Առաքյալ Միրզոյանը: Դիմորդների շրջանում, ֆուտբոլից բացի, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտը, ծանրամարտը եւ կինիզալոգիա (բուժում ֆիզիկական վարժությունների միջոցով) մասնագիտությունը: 743 դիմորդներից 70-ն աղջիկներ են, որոնց նկատմամբ, ինչպես հավաստիացրեց Կ. Բաբայանը, կցուցաբերվի «կողմնապահություն»:
Ֆուտբոլ մարզաձեւի քննությունները տեղի են ունեցել օգոստոսի 1-ին՝ ինստիտուտի բազային մարզադահլիճում: 81 դիմորդները քննություն հանձնեցին երեք հոսքով: Թենիսի եւ ֆուտբոլի առարկայական հանձնաժողովների նախագահ Արամ Գրիգորյանի հավաստմամբ, ընդունված չափորոշիչների համապատասխան, հաշվի են առնվում դիմորդի տեխնիկական հմտությունները եւ ֆուտբոլային մտածողությունը: Առաջին հոսքի արդյունքներից դատելով, նա նկատեց, որ դիմորդների պատրաստվածության մակարդակը բավականին ցածր է: «Կան տղաներ, որ գնդակի հետ վարվել չգիտեն, ուղղակի բակում խաղացել են եւ դիմել ինստիտուտ, բայց կան նաեւ 19-երի հավաքականից, առաջին խմբի բարձրագույն լիգայի խաղացողներ: Շրջաններից եկածներն անգամ չունեն անհրաժեշտ հանդերձանք»,- ասում է Ա. Գրիգորյանը: Օրինակ, Տավուշի մարզից ժամանած դիմորդ Ա. Մարդոյանը (առաջին հոսքից միայն նա էր մնացել բակում) բուհի համար մարզվել էր միայն իրենց գյուղի խաղահրապարակներում ու սիրողական «գիտելիքներով զինված»` սպասում էր բարձր գնահատականի: Ընդունելության քննություններից դուրս մեր հարցին, թե որո՞նք են մեր` ֆուտբոլից «կաղալու» հիմնական պատճառները, ՈՒԵՖԱ-ի մարզիչների որակավորման եւ լիցենզավորման հանձնաժողովի տնօրեն Ա.Գրիգորյանը պատասխանեց. «Երեխան հավաքականին գալիս է սոված. մի թթվասեր կերածն ի՞նչ կալորիականություն պիտի ստացած լինի, որ արագաշարժ լինի: Բացի դա, ընդհանուր կոնտինգենտը թույլ է, մեր ազգը չի սիրում կարդալ»: