1559թ. երբ Անտոնը Կիպրոսից շաքար ու գինի տեղափոխող նավատորմից իջավ Սքիավոնյան ափ, հավանաբար ընդամենը 20 տարեկան էր:
16-րդ դարում Վենետիկ ժամանող արեւելցիները հայտարարում էին իրենց անձնական տվյալները` մկրտության ժամանակ տրված անունը եւ այն քաղաքի կամ շրջանի անունը, որտեղից եկել էին: Եվ քանի որ Անտոնը եկել էր Սիրիայից (Սուրիա), նրան գրանցում են Անտոնիո Հայ Սուրյան (Surian Antonio detto Armeno):
Անտոնը, ինչպես բոլոր հայերը, հաճախել է Վենետիկի Հայկական թաղամասում կամ Հայոց նրբանցքում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցի եւ մասնակցել պատարագներին: Քաղաքում նրան ճանաչում էին Անտոնիո Հայ անունով:
Վենետիկի պետական արխիվում հայտնաբերված փաստաթուղթը վկայում է, որ 1561թ. հունիսի 24-ին Սուրյան ազգանունով ստորագրած հայն աշխատանքային խնդրագիր է գրել Ջիրոլամո Պրիուլի դոժին:
Չնայած երիտասարդ տարիքին, Անտոնը ոչ միայն լավատեղյակ էր առեւտրական ու ռազմական նավատորմի տեխնիկային, այլեւ տիրապետում էր տարաբնույթ գիտելիքների, ինչը նրան մղում էր ամեն գնով մտնել Սան Մարկոյի հանրապետության ռազմածովային ծառայության մեջ:
Նրա դիմումն ընդունվում է, եւ նա փորձնական ժամանակաշրջանով աշխատանքի է ընդունվում զինանոցում:
Շուտով մարդիկ հասկանում են, որ Վենետիկի հանրապետության համար Անտոնն անգնահատելի ձեռքբերում է, քանի որ նա շատ արագ աչքի է ընկնում իր բազմակողմանի գիտելիքներով ու փայլուն ընդունակություններով:
Անտոնը հատուկ հնարամտության միջոցով ջրի երես է հանում վենետիկյան խորտակված մի թնդանոթաձիգ առագաստանավ` իր բոլոր արժեքավոր մասերով: Այնուհետեւ վերականգնում է Ջիրոլամո Կոնտարինիի «Գալեոնի» երեք հսկա թնդանոթները: Չափազանց օգտակար են լինում նրա խորհուրդները կազմակերպելու համար «Տանան», ուր արտադրվում էին նավաշինության մեջ լայնորեն օգտագործվող տարբեր տեսակի պարաններ, ճոպաններ ու մալուխներ, ինչպես նաեւ «Երկաթե այգին», որում պահվում էին թնդանոթները:
Այս բոլորի հետեւանքը եղավ այն, որ Անտոնն արժանացավ ինժեների կոչման:
Իր համեստ ու մարդամոտ բնավորության, փայլուն գիտելիքների ու տաղանդի շնորհիվ Անտոնը վայելում էր հասարակ մարդկանց սերը, գործընկերների համակրանքը, ղեկավարների հարգանքը եւ կառավարության վստահությունը:
Անտոնի տաղանդը դրսեւորվում է նաեւ հրազենագործության մեջ: Նա սկսում է հետաքրքրվել նաեւ արբալետների պատրաստման եղանակներով:
Շուտով նա սիրահարվում է ու սիրային նամակներ գրում Վենետիկում արբալետներ պատրաստող մի հմուտ վարպետի աղջկա` Կյարային: Նրանք շուտով ամուսնանում են եւ տասը տարվա ընթացքում վեց զավակ ունենում: Նրա զավակներից (օրինակ Իզեպպո Սուրյանը), թոռներից ու ծոռներից ոմանց անուններն ավելի քան 100 տարի հիշատակվում են Վենետիկի զինանոցի փաստաթղթերում:
Անտոնիո Սուրյանի առաջին մեծ հաջողությունը հանդիսանում է մեծ նավերը ջուրն իջեցնելու նրա մշակած ծրագիրը, ինչպես նաեւ` դարերի ընթացքում կուտակված թափոններից ծովածոցը մաքրելու համար հորինած մեքենան:
Ա. Սուրյանը 1571թ. մասնակցում է Կորնթոսի ծովամարտին, կառավարում հրանոթների ինքնահնար դասավորությունը եւ վտանգելով իր անձը` արագորեն նորոգում վթարված նավերը: 1571թ. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի հռչակավոր ճակատամարտում Պատրասո ծովածոցի խաղաղ ջրերում կատաղի ուժով իրար են բախվում Խուան Ավստրիացու գլխավորած քրիստոնյա ռազմական նավատորմը եւ Ալի փաշայի ղեկավարած թուրքական նավատորմը: Անտոն Սուրյանը` գտնվելով Ֆրանչեսկո Դուոդոյի գլխավորած առաջին ռազմանավում, հարձակման բոլոր միավորների վրա արդեն նախապատրաստել եւ նոր եղանակով դասավորել էր իր կողմից պատրաստված թնդանոթները, որոնք դիպուկ, արագ, անվրեպ ու անողոք ռմբակոծում էին թուրքական նավերը` խուճապի մատնելով թշնամուն: Այդ օրը հայ ինժեները խորտակումից փրկում է Դուոդոյի ռազմանավը` միանգամայն նոր եղանակով փակելով ճեղքվածքը:
Ինչպես գրում են «Հայկական Վենետիկ» գրքի հեղինակներ Ալերամո Հերմետը (ծագումով հայ է` Հերմետյան տոհմից) եւ Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոն` «Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի պարտությունը Եվրոպայի համար եղավ ճակատագրական»: Իսկ ճակատամարտում իր անձնուրացությամբ ու ռազմատեխնիկական գիտելիքներով փայլեց հայ ճարտարագետը:
Մեր օրերի նշանավոր պատմաբան եւ հետազոտող, Վենետիկի համալսարանի եւ Հռոմի Արեւելյան հոգեւոր ինստիտուտի պրոֆեսոր Լեւոն Զեքիյանն այդ իրադարձության մասին գրել է. «… Սուրյանի ստեղծած անվրեպ թնդանոթները քրիստոնեական ուժերի հաղթանակի գաղտնիքն էին»:
1575թ. Վենետիկում սկսվում է ժանտախտի ահավոր համաճարակ: Հանրապետության ձեռնարկած միջոցառումներն արդյունք չեն տալիս: Շուտով համաճարակն այնքան է ընդլայնվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով: Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերն` ինժեներ Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը: Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ դատախազությունը խստագույնս պատժում էր ապօրինի բուժողների ցանկացած փորձ (այս իմաստով անհամեմատելի են 16-րդ դարի Վենետիկի Հանրապետությունը եւ 21-րդ դարի Հայաստանի Հանրապետությունը.- Հ.Մ.): Սակայն կառավարությունը` տեղյակ լինելով, որ Սուրյանը դեռեւս 1571թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը եւ նրան վստահում Վենետիկի մի ամբողջ` Դորսոդոտո թաղամասի բնակչության փրկությունը:
1575թ. հուլիսի 21-ից Սուրյանը, դրսեւորելով մարդկային արիություն ու կազմակերպչական ոգի, ձեռնամուխ է լինում բռնկված համաճարակի դեմ պայքարին: Նա ամբողջովին նվիրվում է մարդկանց փրկելու սրբազան գործին եւ իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով մարդկանց` փրկում հազարավոր կյանքեր:
1577թ. հուլիսի 17/21-ին, Վենետիկում ժանտախտի համաճարակը հայտարարվում է հաղթահարված: Պարզ է դառնում, որ Սուրյանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց, այլեւ ամբողջական ընտանիքների կյանքը եւ դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլեւ իր գրպանից էր առատորեն վճարել:
Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ` Ա. Սուրյանը պարգեւատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, ու դրա պատվին կառուցվում սուրբ Փրկիչ եկեղեցին:
Կանգ առնելով Անտոն Սուրյանի դեղագործական եւ բժշկական կարողությունների վրա` կարելի է ենթադրել, որ նա անկասկած տիրապետել է նավային ճակատամարտերի ժամանակ բազմաթիվ վիրավորներին բուժելու, ինչպես նաեւ` ժանտախտը կանխելու եւ բուժելու համար նախատեսված տարաբնույթ դեղերի պատրաստման գաղտնիքներին: Իսկ դա նշանակում է, որ նա կարդացել կամ ձեռքի տակ ունեցել է ինչ-որ բժշկարան, որի մասին անտեղյակ էին 16-րդ դարում քաղաքակրթության օրրան հանդիսացող Վենետիկի քաղաքացիները: Հասկանալի է, որ նա կարող էր ունենալ որեւէ հայերեն բժշկարան, ասենք` Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» (Կ. Պոլիս, 1459), «Ախրապատին» (Կ. Պոլիս, 1459), «Բառք այբուբենական ի վերայ ցաւոցն» (1468), «Օգուտ բժշկութեան» (Ֆիլիպոլ, 1466-1469), «Անգիտաց անպէտ» (Կ. Պոլիս, 1478-1482) գրքերից մեկը: Ի դեպ, Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» աշխատությունն ընդգրկում է 3754 անուն դեղանյութ եւ հանդիսանում է դեղագիտական գրականության մեջ աշխարհում առաջինը:
Անտոն Սուրյանի բազմաթիվ սխրագործությունների եւ բարեգործությունների համար մարդկայնորեն ակնկալվում էր նրա նկատմամբ Վենետիկի պետության համապատասխան գնահատականը: Սակայն կառավարությունն աչքի չի ընկնում իր շռայլությամբ եւ բավարարվում է տաղանդավոր ու քաջարի հային մշտական ծառայության պահելով զինագործարանում` նրան ցմահ տրամադրելով անվճար սնունդ:
Կառավարության նման վերաբերմունքը խիստ վշտացնում է Սուրյանին:
Վաթսուն տարին չբոլորած Անտոնիո Սուրյանը մահացել է 1591թ. օգոստոսի 22-ին, Վենետիկում: Նրան թաղել են Սեն Մարտին եկեղեցում:
Նրա հետնորդներից մեկը` Վալմիրո Սուրյանը, ծնվել է Կապոդիստրայում եւ այսօր կնոջ ու դստեր հետ ապրում է Ուելսում: Իր նախապապի պես նա էլ սիրում է նախագծել ու պատրաստել հրազենի մանրակերտեր: Նախագծել է նաեւ մի սուզանավ` Հարավային Աֆրիկայի ափերի մոտ խորտակված նավերից ադամանդներ դուրս հանելու համար:
Գրականություն.
1. Ասլանյան Ա. եւ համահեղ., Վենետիկ, Հայկական սովետական հանրագիտարան, 1985
2. Ալերամո Հերմետ, Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիո, «Հայկական Վենետիկ» (իտալերեն), Իտալիա, 1993, 2-րդ լրացված հրատարակություն`1995:
3. Հակոբյան Հ., «Հայերը եւ Իտալիան», Ե., 1999:
4. Բախչինյան Ա., «Հայազգի գործիչներ», Ե., 2002
5. Զեքիյան Լ., Իտալիա, «Հայ Սփյուռք Հանրագիտարան», Ե., 2003
6. Ալերամո Հերմետ, «Անտոն Սուրյանի զարմանալի հնարամտությունը»: «Տեսի զերկիրն Իտալիոյ», «Հայ-իտալական բարեկամության օրեր», Ե., 2005