Հայաստանի նոր օրհներգի տեքստի եւ երաժշտության համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը լրացավ օգոստոսի 1-ին: Մշակույթի նախարարությունը հայտնի եւ անհայտ կոմպոզիտորներից եւ բանաստեղծներից ստացել է պետական օրհներգի 85 հայտ-վարկած: Մրցույթի առաջին փուլը կավարտվի, երբ կընտրվեն 5 լավագույն տարբերակները, որոնք եւ կներկայացվեն հանրության ուշադրությանը: Հայտերի բնույթը բազմազան է, քանի որ գոյություն ունեն օրհներգի մի քանի մոդելներ. «Հայտնի երաժշտություն եւ նոր խոսք», «Հայտնի խոսք եւ նոր երաժշտություն», «Նոր խոսք եւ նոր երաժշտություն»: «Հայտնի երաժշտությունը» Արամ Խաչատրյանի գրած ներկայիս օրհներգի երաժշտությունն է, որը կարող է շարունակել օրհներգ մնալ, եթե թարմ տեքստ ձեռք բերի: Եզրափակիչ փուլ անցած հեղինակներին ընտրելու է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը գլխավորելու է Մշակույթի նախարարը, իսկ հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը եւ այլ հայտնի մարդիկ: Հաղթանակած հեղինակը 700.000 դրամ պարգեւի կարժանանա: