Առաջին աստղահավաքն ավարտվեց

08/08/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երիտասարդ երգիչների օգտին կարծես թե բոլորը սկսեցին ազգովի քվեարկել, իսկ վերջին երկու մասնակիցների միջեւ ծավալված մրցակցությունն իսկական կրքոտ պայքարի վերածվեց: Ֆինալ հասած երկու աղջիկների` Աննա Ավետյանի եւ Սուսաննա Պետրոսյանի երկրպագուներն ու հարազատները միմյանց կողմնապահության եւ անարդար լինելու մեջ էին մեղադրում: Գործի դրվեցին դստեր համար «կողմ» քվեարկող ձայներ գնող «ամենազոր հայրիկի», «ամենակարող հորեղբոր եւ քեռու» գործոնները: Թեեւ մինչ ֆինալային քվեարկությունն էլ սկանդալային իրավիճակ էր ստեղծվել մեկ այլ մասնակցի` Միհրան Ծառուկյանի անվան շուրջ: Երեւանի շուկաներում հայտնվել էին մարդիկ, որոնք պատրաստ էին բջջային հեռախոսահամարներ նվիրել` Միհրանի օգտին քվեարկելու պայմանով: Նախագիծը մի պահ տհաճ եւ տգեղ հոգեբանական նստվածք ձեռք բերեց: Եվ Միհրանը հեռացավ նախագծից: Պարզվեց, որ Հայաստանում, ուր ամեն ինչ գնվում եւ վաճառվում է (պաշտոնները, փառքը, եթերն ու ձայները), այդքան էլ հեշտ չէ քո նախընտրած մասնակցին առաջ տանելը: Նախագծի հեղինակը` բրիտանական Fremantle Media ընկերությանը ստույգ ուրվագծած եւ տարիների ընթացքում մի շարք երկրներում փորձարկած իր այս նախագծում սկանդալային իրավիճակ պետք չէ: Սկանդալը պետք է միայն նշմարվեր այնքանով, որպեսզի անտարբեր հանդիսատեսի հայացքը սեւեռվեր էկրանին ծավալվող իրադարձություններին: Բրիտանական «Pop idols» նախագիծը, որը մեզ մոտ «Հայ սուպերսթար դարձավ» (թեեւ կարող էր նաեւ` «գերաստղ» կոչվել) ամենից շատ կարեւորում է ժողովրդի անաչառ ընտրությունը: Նախագծի ֆորմատը պարտադրում է, որ մինչ այն անհայտ երիտասարդները շատ սեղմ ժամկետում եւ բոլորի աչքի առջեւ հանրահայտ դառնան: Սա «հաջողության եւ փառքի» ֆորմատն է, նման՝ «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հաղորդման «հաջողության եւ փողի» ֆորմատին: «Հայ սուպերսթարն» ունի եւս մեկ պարտադիր պայման, որը բոլոր երկրներում է կիրառվում. երիտասարդների ճակատագիրը որոշող ժյուրիի կազմը պետք է վառ անհատականություններից բաղկացած լինի եւ պատրաստ լինի բավական դաժան եւ ոչ միանշանակ կատակներ անել: Ժյուրիի կազմում ընդգրկված Միքայել Պողոսյանը, Նարինե Գյուրջինյանը եւ Եգոր Գլումովը մասնակիցների ընտրության առաջին իսկ փուլից ցուցադրաբար բավականին դաժան կատակներ էին անում («Մկրատ բերեք, հենց հիմա մազերդ կտրենք», «Ի՞նչ է գրված գոտուդ վրա»): Իրենց հասցեին ծաղրի մեծ չափաբաժին ստացած երիտասարդ մասնակիցները համեստ խոնարհում էին հայացքը կամ զարմացած լայն բացում աչքերը: «Սուպերսթարի» կանոններն էմոցիաներ են ենթադրում: Ամեն դեպքում ավելի լավ է թեկուզ բացասական էմոցիա լինի, քան անտարբերություն: Էմոցիաները կիզակետին հասան, երբ պարզ դարձան ֆինալ հասած մասնակիցների անունները. նրանք բոլորն էլ բավական լավ էին երգում եւ պատրաստ էին սովորել: Նախագիծը հայտնաբերեց նոր անուններ, լավ գովազդեց նրանց եւ այժմ արդեն գրեթե պատրաստի աստղերին մեծ էստրադա է բաց թողնում: «Շանթ» հեռուստաընկերությունը, որը ձեռք է բերել նախագծի հեղինակային իրավունքները, եզրափակիչ հասած բոլոր մասնակիցների հետ պայմանագրեր է կնքել: Առաջին «գերաստղ» 17-ամյա Սուսաննա Պետրոսյանը (շատերի համար` պարզապես Սուսիկը) ստորագրել է 3 տարի տեւողություն ունեցող պայմանագիր եւ պետք է իր բոլոր աստեղային ցանկությունները «Շանթի» հետ համաձայնեցնի: Իսկ եզրափակիչ հասած մյուս 11 մասնակիցները 1,5 տարվա ընթացքում պետք է համագործակցեն «Շանթի» հետ եւ համատեղ համերգների եւ ձայնագրությունների մասնակցեն: «Pop idols»-ը ծախսատար նախագիծ է, որն առանց հեռուստատեսային աջակցության լինել չի կարող, եւ պետք է հաշվի առնել երիտասարդների վոկալի դասերը, նրանց հագուկապի, գովազդի, եթերաժամի եւ այլ խնդիրները: Հիմա արդեն եկել է փողերը ետ բերելու ժամանակը: Սպասվում է ձայներիզների ակտիվ վաճառք եւ մեծ թվով «հավաքովի համերգներ», որոնք պետք է անցկացվեն նաեւ Հայաստանի մարզերում: Փաստորեն, ստացվում է, որ առաջին տեղը զբաղեցրած Սուսաննայի եւ երկրորդ տեղը զբաղեցրած վանաձորցի Աննայի (ով շատ ավելի հիշվող արտաքին եւ ջազ-ռոքային լավ ձայնային տվյալներ ունի) համար տարբեր են լինելու միայն պայմանագրի ժամկետները: Ամեն դեպքում Աննան առանց նոր երաժշտական առաջարկների չի մնա: Գուցեեւ ավելի նախընտրելի կհամարվի հենց նրա երկրորդ տեղը, որը «Շանթից» ավելի կարճատեւ կախվածություն է ունենալու:

Պե՞տք են մեզ արդյոք այդքան շատ նոր երգիչներ, երբ առանց նրանց էլ ամեն վայրկյան նոր աստղեր են ծնվում, որոնք իրենք իրենց գովազդում են եւ իրենք իրենց «վրա» փող են ներդնում: Թերեւս պետք են, քանի որ նոր հայտնված այս աղջիկներն իսկապես լավ են երգում: Եվ ամենակարեւորը, կարողանում են կենդանի հնչողությամբ երգել, մինչդեռ հայտնի երգիչներից շատ քչերն են նման համարձակություն ունենում: Համենայնդեպս, երբ նախագծի երիտասարդ մասնակիցները «հայտնիների» հետ զուգերգեր էին կատարում, շատ ավելի հզոր ու թարմ տպավորություն էին թողնում: Մրցույթի թոհուբոհով անցած մասնակիցներից ոչ բոլորն են մեծ էստրադայում տեղ զբաղեցնելու, սակայն մեկնարկային «փառքի» ֆորմատն արդեն իր գործն արել է, եւ շատերը երազում են հեքիաթային աստեղայնության մասին: Սեպտեմբերին նոր «Հայ սուպերսթար» է սկսվելու, որին շատ ավելի մեծ թվով երիտասարդներ են պատրաստվում հայտ ներկայացնել: Այնպես որ, «Հայ սուպերսթարի» կազմակերպիչ «Շանթ» հեռուստաընկերությունը կարող է դեռ երկար ժամանակ փառք շնորհելով գումար վաստակել: