Գյումրիում` ծովի մասին երազելիս

08/08/2006

Օգոստոսի 2-ին Գյումրիում կբացվի «Ծով, երազներ եւ պատրանքներ» խորագիրը կրող ժամանակակից արվեստի բիենալեն: Տարբեր երկրներից` Ավստրիայից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից ժամանած ժամանակակից արվեստի 80 արվեստագետներ կներկայացնեն իրենց աշխատանքները ինչպես ստատիկ ցուցադրությունների, այնպես էլ արարման պրոցեսը պատկերող պերֆորմանսների տեսքով: Ցուցադրումները, ինստալյացիաները, պերֆորմանսները, վիդեո-արտ ժանրի ակցիաները տեղի կունենան Գյումրիի թանգարաններում, դահլիճներում եւ պարզապես փողոցում: Բիենալեն տեւելու է երկու շաբաթ եւ իր շարունակությունն է ստանալու Սեւանում, որտեղ մասնակիցները համատեղ աշխատելու եւ լճի ափին խորհելու հնարավորություն կունենան: Նկարիչներ Աշոտ Ավագյանն ու Ազատ Սարգսյանը կներկայացնեն նավասարդյան ծեսը Ուխտասարում եւ Զորաց քարերում (Սիսիան): Իսկ Նարինե Զոլյանն ու Հարություն Զուլումյանը բիենալեի շրջանակներում կնախաձեռնեն «արտ-ռեզիդենցիայի» բացումը Արտանիշում: «Ինչի՞ կնմանվեին անձնավորությունները, հասարակությունը եւ ժողովուրդը, եթե չլինեին երազանքները եւ պատրանքները,- ասվում է բիենալեի ինտերնետային կայքում: – Նույնիսկ հիմա` նյութական արժեքների դարում, մենք շարունակում ենք անիրատեսական, ուտոպիստական երազանքներ ունենալ»: Այդպիսի երազանքներից մեկը ծովն է, որն այս բիենալեում Սեւանա լճից է սկսվելու եւ Գյումրի է հասնելու: Շարունակե՞լ հավատալ մեր երազանքներին, թե՞ մոռանալ նման անհնարին պատրանքի մասին: Այս հարցին արվեստի լեզվով արվեստի մարդիկ են պատասխանելու: