Օգոստոսի 4-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում յուրահատուկ ցուցահանդես է բացվելու: «Արվեստ առանց սահմանների» խորագիրը կրող ցուցահանդեսին Հայաստանի արվեստագետների աշխատանքների հետ կցուցադրվեն նաեւ հարեւան երկրներում` Վրաստանում, Իրանում, Թուրքիայում ստեղծված արվեստի գործերը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն 25 գեղանկարչական, լուսանկարչական աշխատանքներ, ինստալյացիաներ եւ խառը տեխնիկայով ստեղծված գործեր: Այս նախագիծը ՆՓԱԿ-ի եւ նրա հիմնադիրներ Սոնյա եւ Էդուարդ Բալասանյանների երկարատեւ բանակցությունների արդյունք է: Այն հովանավորվել է Սորոսի, «Գաֆէսճեան թանգարան» եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամների կողմից: Տարածաշրջանում խաղաղ եւ ստեղծագործ մթնոլորտ ձեւավորելու միտում ունեցող այս ցուցահանդեսը տեւելու է մինչ օգոստոսի 25-ը:
Ն.Հ.