Բեռլինի Եվրոպական ակադեմիայի տնօրեն, քաղաքագետ եւ սոցիոլոգ Էքարտ Շտրատենշուլտեն մեր թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցի 2006թ. ընթացքում լուծման մասին ասում է, որ իր կարծիքով` ղարաբաղյան հակամարտության լուծումն էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե այս տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունեցող «գործող անձինք», հատկապես` Ռուսաստանը, որքանո՞վ են շահագրգռված խնդրի լուծման մեջ: «Քաղաքականության մեջ միշտ էլ լուծման ճանապարհներ գտնվում են, եթե, իհարկե, հակամարտող կողմերը դա ցանկանում են: Հարցն այստեղ այն է, թե արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական էլիտայում բավարար չափով անձինք կա՞ն, ովքեր ձգտում են խնդրի լուծմանը: Թե՞ էլիտայի մեծամասնությունն այնպիսի անձինք են, ովքեր այդ հակամարտությունից շահում են, քանի որ դրա առկայությունը լավ պատրվակ է՝ հասարակության մեջ որոշ բարեփոխումներ չանցկացնելու կամ հետաձգելու համար»: Էքարտ Շտրատենշուլտեն դժվարանում է ասել, թե որքան կտեւի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: «Կարծում եմ՝ առավել ճիշտ գնահատական կարող են տալ Հայաստանը կամ Ադրբեջանը՝ հաշվի առնելով այն, որ, Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման մեջ, քանի որ, այսպես կոչված, «frozen conflict»-ի (սառեցված կոնֆլիկտ) միջոցով նա կարողանում է ուժեղ դիրք պահպանել տարածաշրջանում: Այնպես որ, կարեւոր է գտնել նախ այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարելի է համաձայնության գալ Ռուսաստանի հետ: Դժվար է ասել՝ արդյոք դա կհաջողվի՞: Կամ դա կլինի շատ արագ, կամ երկար տարիներ կտեւի, որովհետեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանն իր հայացքն այլեւս կուղղի դեպի իր երկրի նախագահական առաջիկա ընտրություններ, այլեւս նման որոշումներ չեն կայացվի»:
Կարդացեք՝ Ովքե՞ր են խանգարում հարցի լուծմանը