Մեզ պակասում է լրջմտությունն ու խելքը

04/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ամանորի տոներն ամենասիրելի եւ սպասված տոներն են երեւի թե այն պատճառով, որ զերծ են որեւէ գաղափարախոսությունից, անհոգ են, նվերներով լի, շամպայնի պղպջակների պես թեթեւամիտ։ Նոր տարին՝ ողողված տոնածառի լույսերով ու նարնջի կեղեւների բույրով, առաջին հերթին սպասում է խորհրդանշում։ Այս տոնի արմատները մանկությունից են ձգվում։ Եթե սպասում ենք, ուրեմն դեռ ապրում ենք, կամ գոնե ապրում է մեր միջի մանուկը՝ մեր լավագույն ու պարզամիտ մասնիկը։
Նոր տարվա օրերին կտրուկ նվազում է ավտովթարների թիվը, թեեւ ղեկին նստածները պարտադիր գոնե մի քիչ գինովցած են լինում։  Ինքնասպանություններ, որպես կանոն, ընդհանրապես չեն լինում։  Մարդիկ սպասում են։ Ինչ կլինի հետո՝ կարեւոր չէ, մի քանի օր կսպասենք։ Այժմ մենք իրավունք ունենք լուրջ բաների մասին չմտածել եւ լիաթոք հանգստանալ։ Իհարկե գործարաններն ու հիմնարկները չեն աշխատում, կանգ է առնում հարկերի հոսքը դեպի պետբյուջե, սակայն պետությունը մեզանից ստանում է ավելի մեծ բան՝ համատարած ուրախություն, վաստակած եւ օրինական։ Իհարկե, շատ ենք ծախսում սեղանն ըստ պատշաճի զարդարելու համար, բայց որքան հաճելի է մի քանի օր ոչինչ չանել եւ իմանալ, որ սառնարանը ուտելիքներով լի է։ Ի՞նչ գնով է դա ստացվում, ինչպիսի՞ հնարքներով ու հնարավորություններով է արվում, ի ցույց չենք դնում։ Կարողանում ենք անել ու ասել՝ արեցինք։ Ու սպասում ենք։
Ուտելիքը, խմիչքը, զրույցները, հեռուստացույցը մեր ընկերներն են, ու դա բոլորովին էլ անիմաստ ու տխուր չի թվում։ Դռները բաց են, սրտերն էլ՝ հետը։ Բարի ու ներողամիտ ենք դառնում միմյանց հանդեպ։ Այլ խոսքով ասած՝ սպասում ենք։ Վերջիվերջո, այս տոնը մեզ համար կարճատեւ հեքիաթային հրաշքի սպասումի է նման։ 40 տարեկան լինենք, թե՝ 60, հավատում ենք` այս տարին լավն է լինելու, չէ՞ որ, մենք ամեն ինչ արել ենք, որ լավը լինի։ Ցանկություն ենք պահելու եւ ժամացույցի  տասներկուերորդ հարվածի հետ՝ մտքում ու անպայման շշուկով ասելու ենք՝ թող լավ լինի։
Մեր ուրախությունը կապելու ենք մեր քաղաքի հետ, եւ կանենք ամեն ինչ, որպեսզի քաղաքը մեր ուրախությունն ընդունի ու չվիրավորվի խենթ ու անհեթեթ մեր պահվածքից։ Մեր քաղաքի լավ ու ծանոթ մարդիկ՝ իսկական քաղաքացիները, սիրված արվեստագետները մեզ դա են մաղթում՝ հիշելով անցած տարին եւ սպասելով նորին։

Ռուբեն Ջաղինյան – «Շարմի» տնօրեն.
«Իրականում մեր բոլոր 14 տարիները (հենց այդքան տարի գոյություն ունի մեր «Շարմ» ընկերությունը) եւ՛ երջանիկ էին, եւ՛ պրոբլեմատիկ։ Կարծում եմ, ամենակարեւորը՝ ինչպես է մարդը ինքը գնահատում իր ապրած տարիները։ Մի բան հաստատ գիտեմ՝ մեզ պետք են դրական լիցքեր։ Եթե մենք մնացել ենք ու ապրում ենք այստեղ, ուրեմն պետք է դրանով հպարտանանք եւ փորձենք մեր շուրջը ստեղծել փոքրիկ կանաչ կղզիներ։ Եթե չի ստացվում այդպիսի կղզիներ ստեղծել, ոչինչ, դա էլ է նորմալ, ուրեմն պետք է քայլել ուրիշի ստեղծած կանաչ հողի վրայով եւ լինել կղզի ստեղծող մարդկանց կողքին։ Դա շատ պետք է։ Եկեք  ընդունենք այն գաղափարը, որ մարդիկ մեր քաղաքում պետք է բարի լինեն միմյանց հանդեպ։ Երբ լարված իրավիճակներ են լինում, հենց բարի ու ջերմ միջոցառումներն են տալիս դրական էներգետիկ լիցքեր։ Ես հպարտ եմ իմ քաղաքով, իմ ընկերներով»։

Ռաֆայել Քոթանջյան.
«2004-ը ինչպես ամեն տարի, եւ՛ իր տխուր պահերն ուներ, եւ՛ ուրախ։ Մեզանից հեռացավ մեծ դերասան Խորեն Աբրահամյանը, որին չենք կարող չհիշել, հրաժեշտ տալով այս տարվան։ Ուրախ պահերից մեկն էլ, օրինակ, մեր Մալխասի 60-ամյակն էր։ Ինչ լավ է, որ մեր արվեստագետներն ապրում եւ ստեղծագործում են երկար տարիներ։ Արվեստագետը 60-ից հետո դեռ շատ բան ունի ասելու։ Այս տարի Կիեւում կայացավ 35 սերիայից բաղկացած «Ռոքսալանա» ֆիլմի շնորհանդեսը, ես Ուկրաինայի Մշակույթի նախարարությունից ստացա բարձր շքանշան՝ երկու ազգերի բարեկամությունն ամրապնդելու համար։ Երկու ամիս առաջ Մոսկվայում ավարտեցի «Ծովահենների կայսրությունը» 4 սերիանոց ֆիլմի ձայնագրությունը, որը հավանաբար եկող տարի կցուցադրվի հեռուստատեսությամբ։

Հրանտ Թոխատյան.
«Ամենակարեւորն ինձ համար, որ այս տարի համարյա հասանք «Մեր այբբենարանը» ֆիլմի ավարտին։ «Mea culpa» ներկայացումը Ամերիկայում ցուցադրեցինք։ Նաեւ հասցրեցի նկարահանվել «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում։ Ինչ որ պլանավորել էի, կարողացա այս տարի անել։ Մյուս տարի նոր բեմադրություն եմ անելու եւ նկարահանվելու եմ «Մոսֆիլմում»։ Բոլորին ցանկանում եմ՝ հավատալ սեփական ուժերին։ Հավատացեք, դա հերիք է, որ ամեն ինչ լավ լինի։ Եթե հույսը դնում ես ուրիշ որեւէ մեկի վրա ու մտածում ես, որ քեզ համար լավ բան է ուզում անել՝ երբեք չի ստացվում։ Ինչ լավ, հարազատ բան ունեմ իմ կյանքում, ես ինքս եմ ստեղծել՝ ընկերներիս օգնությամբ։ Կարծում եմ, ամենակարեւորը կյանքում բարությունն է։ Մենք վրդովվում ենք, բարկանում ենք, բայց դա միայն ի վնաս մեզ է աշխատում։ Ոչ մեկի վրա մեր բարկությունը չի ազդում՝ մեզ է վերադառնում։ Մեզ բոլորիս է պետք բարի լինել»։

Վահան Գեւորգյան՝ նույն ինքը Ֆորշը, որի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը կարծես դարձավ անցնող տարվա մեր քաղաքի հիմնը, եւ ով ընտանիքի հետ երկու օր առաջ տեղափոխվել է սեփական բնակարան
«Շատ լավ տարի էր ինձ համար։ Նկարահանել եմ երեք տեսահոլովակ, ձայնագրել եմ մեկ սկավառակ։ Մի բան էլ եմ շատ լավ արել, բայց չեմ ասի։ Հաջորդ տարի թող հաջողակ լինի բոլորի համար այնպես, ինչպես այս տարին էր ինձ համար»:

Հենրիկ Հովհաննիսյան – արվեստաբանության դոկտոր
«Ինձ համար այս տարին եւ՛ տխուր էր, եւ՛ ուրախ: Հիվանդանոցում էի, այդ պատճառով էի տխուր: Գիտեք, երբ մարդը մոտենում է 70-ին, նա չի կարող մեծ հույսեր ու սպասելիքներ ունենալ: Տարին պայմանական բան է: Կյանքով չի նորոգվում, ժամանակը չի նորոգվում՝ իր ճանապարհով է գնում: Ես համաձայն չեմ, որ դեպի վատն ենք գնում: Մեր ժողովրդի գործերը ամենեւին էլ վատ չեն: Եթե լուրջ ու լայն մտածենք, մեր երկիրը մեծ հեռանկարներ ունի: Մեզ պակասում է լրջամտությունն ու խելքը, որ չգնանք կեղծ առաքյալների ետեւից ու չխաբվենք»:

Ռոբերտ Սահակյանց – մուլտիպլիկատոր.
«Այս տարին հիանալի էր աշխատանքի համար, լարված էր, մարդավարի: Սակայն շատ էին կորուստները՝ մեզանից հեռացան շատ լավ մտերիմ մարդիկ: Այս տարվա ընթացքում ես արեցի մեկ մանկական մուլտֆիլմ՝ Թումանյանի հեքիաթի հիման վրա՝ «Քեֆ անողին քեֆ չի պակսի», մեկ ֆիլմ մեծերի համար՝ «Անանաս բանանաս», եւ երկու 45 րոպե տեւողություն ունեցող ուսումնական ֆիլմ Մոսկվայի պատվերով՝ «Սովորում ենք հաշվել» եւ «Սովորում ենք գրել»: Գիտե՞ք, ես վաղուց տոնական տրամադրություն չեմ ունենում: Երեւի վերջին անգամ իսկապես բարձր տրամադրություն ունեցել եմ 1973-ին, երբ հաղթեց «Արարատը», եւ 88-ին՝ ցույցերի ժամանակ: Այժմ ինչ արվում է, առանց արժանապատվության է արվում: Հայերը նողկալի բառ են իրենց բառապաշար մտցրել՝ «քյասիբ»: Մարդուն հարցնում ես՝ ժամը քանիսն է, նա ասում է, որ պետությունը թոշակներ չի տալիս: Ժողովրդին արժանապատվությունն է պակասում, որ «քյասիբ» չդառնա: Նոր տարվա տոները ինձ չեն ուրախացնում, մանավանդ որ, չեմ խմում եւ տանել չեմ կարող սեղանի մոտ նստելը: Տոները միայն խանգարում են աշխատանքին»:

Ջիվան Գասպարյան – դուդուկահար.
«Հրաշալի տարի էր։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի էլ նույնպես հրաշալի կլինի: Շատ ձայնագրություններ եմ արել: Լոնդոնի նվագախմբի հետ վերջերս արեցի բոլորովին նոր տիպի ձայնագրություն, որտեղ կենդանի հնչելու են տիեզերքի բոլոր ձայները՝ մոլորակների, Արեւի, աստղերի: Մեզ հետ աշխատել է Վիկտոր Համբարձումյանի վերջին ասպիրանտը, որն Իսպանիայում է ապրում: Դա շատ գեղեցիկ ու նոր բան է լինելու: Ես հիմա շուկայից եմ գալիս: Շուկային նայելով՝ երբեք չես կարող ասել, որ աղքատ երկրում ենք ապրում՝ այնպիսի առատ ու գունավոր է: Իհարկե, շատերը չեն կարող օգտվել: Կուզենայի, որ երկրի բարիքներից կարողանային օգտվել բոլորը, այլ ոչ թե մի քանի մարդ: Մեր ժողովրդին ցանկանում եմ երջանկություն, հաջողություն եւ առողջություն»: