Լիբերալները փորձում են միավորվել

02/08/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հերթական անգամ փորձում է իրար գլուխ հավաքել ընդդիմադիր լիբերալներին: Իհարկե, առայժմ դժվար է ասելը, թե այս նախաձեռնությունն ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ սրանից առաջ էլ մի քանի նման փորձեր եղել են: Սակայն ամեն անգամ լիդերների ամբիցիաների պատճառով այդ փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Անվիճելի փաստ է, որ ընտրություններից առաջ ընդդիմությունը եւս պետք է գնա հստակ գաղափարական միավորումներ ստեղծելու ճանապարհով: Հիմա, երբ աջ-ազատական գաղափարական դաշտում վակուում կա, ընդդիմությանը բավական լայն հնարավորություն է տրված հասարակությանը որպես լուրջ այլընտրանք ներկայանալու` թույլ չտալով իշխանություններին զբաղեցնել նաեւ այդ դաշտը: Ժողովուրդը քաղաքական ուժերին իր համար բաժանում, կամ, այսպես ասած, միմյանցից տարբերում է միայն նրանով, թե տվյալ ուժն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ: Իսկ հիմա կարծես եկել է ժամանակը, որպեսզի կուսակցությունները հասարակությանը ներկայանան հստակ գաղափարական դավանանքով:

«Արմատում» կազմակերպվող այս հանդիպումների մասին լիբերալներն իրենք այնքան էլ «պերճախոս չեն»: Եվ գերադասում են հանդիպումների մանրամասները չբացահայտել` դա համարելով ժամանակավրեպ: Սակայն, մեզ հասած տվյալներով, այդ հանդիպումների ժամանակ առայժմ ծավալվում են քննարկումներ` կապված երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության հետ: Ավելին, քննարկումների արդյունքում անգամ մի քանի էջանոց փաստաթուղթ է ձեւավորվել:

Միակ ակնառու փաստն այն է, որ այս հանդիպումներին վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում են նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ քննարկվել է առաջիկա հնարավոր պայքարում լիդերի ով լինելու մասին հարցը, եւ առայժմ որոշել են, որ ապագա գործընթացների ընդդիմության լիդերն Արամ Զ. Սարգսյանն է: Որոշ մանր-մունր կուսակցությունների ներկայացուցիչներ այս առաջարկն ընդունել են որպես անձնական վիրավորանք ու փորձել են առարկել: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունում եւս առայժմ աննպատակահարմար են համարում հանդիպումների մասին բարձրաձայն խոսելը` այդ թեման վերապահելով կազմակերպիչներին:

Նկատենք, որ «Արմատի» նախաձեռնությանը պաշտոնապես չի մասնակցում ՀՀՇ-ն, քանի որ նրանց ու արմատականների մեջ որոշ տարաձայնություններ կան: Սակայն ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը հերքում է տարաձայնությունների մասին լուրերը: ««Արմատը» ՀՀՇ-ն է, իսկ ՀՀՇ-ն ՀՀՇ-ի հետ միավորվելու բան չունի: Դա նույնն է, որ ՀՀՇ-ն միավորվի իր տարածքային կազմակերպություններից մեկի հետ»,- ասում է Վահագն Հայոցյանն ու հիշեցնում, որ ՀՀՇ վարչության երեք անդամներ նաեւ «Արմատի» անդամ են: Ինչ վերաբերում է իրենց միավորման մասին տրամադրվող սուղ տեղեկատվությանն ու այդ թեման գաղտնի պահելուն, ապա ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը գտնում է, որ այդ մասին բարձրաձայնելը դեռեւս ժամանակավրեպ է: «Մինչեւ ընտրություններ դեռ ժամանակ կա»,- ասում է նա: Մեր դիտարկմանը, թե ի տարբերություն իրենց, իշխանական թեւում արդեն լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, ընդ որում` հրապարակային, Վ. Հայոցյանն ասաց. «Իրենք իշխանությունը պահելու խնդիր ունեն, դրա համար էլ այդ քայլերին են դիմում: Քանի որ մենք էլ ենք ժամանակին իշխանության եղել, այդ փորձն ունենք, եւ պետք է ասեմ, որ դրանք շատ հուսալի միավորումներ, քայլեր չեն»: Եվս մեկ նկատառում: Քանի որ իշխանություններն իրենք են փորձում գրպանային կուսակցությունների միջոցով լցնել լիբերալ գաղափարական դաշտը, Վ. Հայոցյանից հետաքրքրվեցինք` իրենց չի՞ հուզում այդ փաստը: «Մտավախություն չունենք, քանի որ արհեստական ոչինչ չի կայանում: Արհեստականորեն ոչ ընդդիմություն կարող են շինել, ոչ էլ արհեստական լիբերալ: Դա փորձ է, որն ի սկզբանե մատնված է անհաջողության»,- համոզված պնդում է պարոն Հայոցյանը: