Ռազմական ճանապարհն իրական է

02/08/2006

Ըստ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռուֆ Միրկադիրովի, ԼՂ հարցի կարգավորման ռազմական ճանապարհն իրական է: Նրա խոսքերով՝ դա պետք է կարճաժամկետ արշավ լինի: «Բոլորը գիտեն, որ միջազգային շահերը մեծ մասամբ բախվում են, լինում են ուժեր, որոնք հետաքրքրված են հակամարտությունների էսկալացիայի մեջ: Հենց այդ ուժերը կարող են արգելակել, թուլացնել միջազգային ռեակցիան: Այս օրերին մենք նման տենդենց ենք նկատում Մերձավոր Արեւելքում: Քանի դեռ ԱՄՆ-ը թուլացնում է միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում, որոշումների ընդունումը, Իսրայելը հասնում է իր նպատակին: Այնպես որ, այս ամենը հնարավոր է»,- գտնում է նա: Մեկնաբանի կարծիքով՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելու դեպքում Ադրբեջանը պետք է որոշի իր ռազմական ներուժն ու գնահատի միջազգային իրադրությունը: «Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն բազմաթիվ անգամներ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին, սակայն 2003թ. ուժերը հավասար էին: Չեմ գտնում, որ այս երեք տարիների ընթացքում մեզ հաջողվել է էապես ուժեղացնել մեր բանակը հավելյալ գումարների հաշվին: Չեմ կարծում, որ մինչեւ 2008 թվականը մենք պատրաստ կլինենք այսպիսի ռազմական գործողության»,- ասել է նա: