«Պրարաբը» եւ «ուչաստկի» պետերը

04/05/2005 Մ. ՀԱՍՐԱԹՅԱՆ

Հանրապետության նախագահը հանդիպեց 80 խոշոր գործարարների հետ: Դեկտեմբերի 27-ին հանդիպման ամենաուշագրավ միտքը թերեւս վերաբերում էր բյուջեի եկամտային մասի ավելացված գումարի հավաքագրման ուղիներին: Ինչպես հայտնի է, 2005-ի պետբյուջեի եկամտային մասը նախորդի համեմատությամբ ավելացվել է 53 մլրդ դրամով: Պարզվում է, որ այդ ոչ թեթեւ բեռի հիմնական ծանրությունը պետք է կրեն սուպերմարկետների տերերը, որոնք այնպես են խիղճները կորցրել, որ այն դուրս է եկել ողջամտության սահմաններից: Ասվածից հետեւում է, որ կարելի է խիղճը կորցնել նաեւ ողջամտության սահմաններում, այսինքն՝ թաքցնել եկամուտները, բայց ոչ անցյալ տարվա չափ: Հաջորդը երթուղային գծերի տերերն են: Սրանք էլ, ինչպես պարզվեց, «մարշրուտկաները» շահագործում են շոգեքարշի պես՝ իրար հետեւից քարշ տալով, որովհետեւ ամեն 66 մեքենային բաժին է ընկնում ընդամենը 2 վարորդ: Նախագահը կոչ արեց գործարարներին՝ չնեղանալ հարկային գանձումների ավելացման պատճառով, որովհետեւ ուրիշ ճար երեւի թե չկա, ըստ երեւույթին, եկել է «կաշիներ քերթելու» ժամանակը, մանավանդ, որ առաջիկա տարում ոչ ընտրություններ են սպասվում, ոչ էլ գործարարների աջակցության կարիքն է զգացվելու: Զարմանք ու վրդովմունք հայտնվեց աճուրդների կազմակերպման առիթով, նշվեց, որ դրանց մեծ մասը ձեւական է, նախապես պայմանավորված, ինչի պատճառով ամենաշատը տխրեցինք մենք՝ շարքային քաղաքացիներս: Ախր այդ մասին բոլորս վաղուց գիտենք, մամուլը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին, այդ ինչպե՞ս է, որ երկրի ղեկավարը 6 տարի պաշտոնավարելուց հետո միայն իմացավ այդ մասին: Պարզվեց նաեւ, որ վերը նշված փաստերը ջրի երես են հանվել նախագահի վերահսկողական ծառայության քրտնաջան աշխատանքի արդյունքում, եւ սույն կառույցը հասցրել է ստուգել բոլոր այն ոլորտները, որտեղ առկա թերությունների մասին հարկ համարեց խոսել անձամբ նախագահը: Անհայտ մնաց, թե մինչեւ հիմա ինչո՞ւ որեւէ մեկը չի պատժվել դրանց համար, չէ՞ որ խոշոր ծավալի եկամուտները թաքցնելը մեկ օրում չէ, որ կատարվել է, այլ կրել է պարբերական բնույթ, եւ ասվածն էլ սենսացիա չէր, այլ փաստի արձանագրում, որի մասին ամենից շատ տեղեկացված են հենց հարկային մարմինները: Նշենք, որ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատն անցկացված պլանային ստուգումների արդյունքում բազմիցս արձանագրել է խախտումներ եւ թերություններ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, եւ որեւէ անգամ հայտնաբերված խախտումների պատասխանատուները  չեն պատժվել: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վերահսկողական վարչությունը միլիոնավոր դոլարների հասնող անճշտություններ էր արձանագրել մաքսային ծառայության ոլորտում, ինչին մաքսավորները վերաբերվեցին պարզապես  անթաքույց հեգնանքով:
2005-ից, կոմունիստական իշխանության տապալումից հետո առաջին անգամ, գործի է դրվելու հասարակական պարսավանքի մեթոդը, հարկային մարմինների կողմից հրապարակվելու են անբարեխիղճ հարկատուների անունները, որոնց մասին այս անգամ լռեցին՝ բավարարվելով միայն «նամյոկներով»: Դժվար է ասել, թե հովանավորյալ գործարարների վրա ինչ ազդեցություն կթողնի այս մեթոդը:
Անդրադարձ եղավ էներգետիկայի, քիմիայի, լեռնամետալուրգիայի, տրանսպորտի եւ քաղաքաշինության բնագավառներին: Նշվեց փոքր ՀԷԿ-երի շինարարության կարեւորության մասին, մոռացվեց սակայն, որ այդ առիթով ուրախանալու փոխարեն, ավելի լավ կլինի տխրել օտարված հսկա հիդրոհամակարգերի համար: Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի փաստի արդարացման անհաջող փորձ արվեց՝ օրինակ բերելով Կապանի եւ Ագարակի կոմբինատները, որոնք մինչեւ սեփականաշնորհումը աշխատում էին վնասով, այժմ՝ արդեն օգուտով: Քաջարանի կոմբինատը միշտ էլ օգուտով է աշխատել, եւ օրինակը տեղին չէր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշեց Մեղրի-Կապան երկրորդ ճանապարհի նախատեսվող շինարարության մասին՝ շեշտելով, որ այն անցնելու է ոչ թե լեռնանցքով, այլ ցածրադիր գոտիով: Քաջածանոթ լինելով այդ տեղանքին՝ նշենք, որ կառուցվելիք  ճանապարհը  պետք է անցնի  Զանգելանի շրջանի  տարածքով, այսինքն՝ այդ հատվածը, երեւի թե, չենք վերադարձնելու, այլապես նման ծավալի ներդրում այնտեղ չէր նախատեսվի:
Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի աշտարակից «մասանդրաների» թողած տհաճ տպավորությունը մեղմելու նպատակով առաջարկվեց եռաստիճան մրցանակ սահմանել «ամենից անկապ»  շենքի սեփականատիրոջ եւ ճարտարապետի համար:
Այնուամենայնիվ, ամենակարեւոր արձագանքը վերաբերում էր տնտեսական աճին, որն, ըստ նախագահի, այս տարի էլ է ամփոփվելու երկնիշ թվով:
Այժմ մի փոքր անդրադարձ կատարենք տնտեսության աճին՝ ըստ փաստացի տվյալների:
Այս տարի էլ, սովորության համաձայն, արձանագրվեց համարյա 10% տնտեսական աճ: Եթե իրար գումարենք նախորդ 5 տարիների տնտեսական աճի ցուցանիշները, կստանանք նախադեպը չունեցող զարգացում՝ դա թղթի վրա: Իսկ իրականում այս տարին էլ ոչնչով չի տարբերվում նախորդներից:
Զարգացած երկրներում տնտեսության լոկոմոտիվի դերը ստանձնում է արդյունաբերությունը: Դա՝ զարգացած երկրներում, իսկ Հայաստանը 2004-ին իր արդյունաբերական հզորությունների վերականգնման կամ զարգացման առումով աշխարհին ներկայացնելու կարծես թե ոչինչ չունի՝ անցնող տարվա ընթացքում չի վերագործարկվել եւ ոչ մի քիչ թե շատ նշանակալի արդյունաբերական ձեռնարկություն, հակառակը՝ գործողներից օտարվեց եւս մեկը՝ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, որի մասնավորեցման գործարքը լրացրեց կասկածելի եւ մութ պայմանագրերի շարքը, արդյունքում՝ պետբյուջեն զրկվեց տարեկան 20 մլն ԱՄՆ դոլար եկամտից: Հայ-ռուսական «Գույք՝ պարտքի դիմաց» աննախադեպ գործարքով ռուսական կողմին հանձնված գործարաններից ոչ մեկը չի աշխատում, եւ միայն աղոտ հույսեր կան, որ գոնե 2005-ին նրանցից մեկը՝ «Մարս» գործարանը, պետական պատվեր կստանա ՌԴ-ից: Սա՝ պետական հատվածում:
Ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում առաջին ոգեւորությանն իր տեղը զիջեց սթափ դատողությունը ու տնտեսական հաշվարկը՝  հումքի միակ աղբյուր «Ռոսալմազն» ազատականացրեց գները եւ արդյունքում՝ այստեղ ակնկալվող աճի տեմպերը նվազեցին միանգամից մի քանի անգամ, փակվեցին մոտ 700 աշխատատեղեր, որոնց ստեղծմամբ այնպես էին հպարտանում ղեկավար այրերը:
Գյուղատնտեսության մասին մխիթարող որեւէ բան հիշելն անհնար է, անցնող  տարում տնետեսության այս ոլորտի թմբկահարվող աճի վրա սառը ջուր լցվեց գարնանային ցրտահարությունը, ծիրանի եւ դեղձի բերքը վնասվեց ավելի քան 80%-ով, պետական հոգածության բացակայության հետեւանքով մի մասին էլ վնասեցին տարեցտարի ավելացող միջատներն ու զեռունները: Նշենք, որ կրծողների եւ այլ վնասատուների դեմ պայքարը Գյուղնախարարության կազմակերպելիք գործն է, ինչի մասին պրն Լոքյանը գերադասում է ուղղակի չխոսել: Այս ամենով հանդերձ, վերամշակող ձեռնարկությունները շարունակեցին  աշխատել, սակայն նրանց էլ հարվածեց դոլարի շարունակական անկումը՝ էապես կրճատելով արտահանման ծավալները: Շինարարական բումը շարունակվում է միայն մայրաքաղաքում՝ ամեն օր գովազդվող էլիտար բնակարանաշինության տեսքով՝ ուղեկցվելով սկանդալային պատմություններով, մասնավորապես դեռ չեն հանդարտվել կրքերը՝ կապված Հյուսիսային պողոտայի տարածքների իրացման դատական քաշքշուկների հետ, «Լինսի» հիմնադրամի ակնկալվող շարունակությունը այդպես էլ իրականություն չդարձավ: Մեր վերջին հույսը տուրիստներն են, որոնց ամեն տարի անհամբեր սպասում են բոլոր ղեկավարները՝ ակնկալելով առնվազն 40% աճ, բայց դե, պարզվում է, որ դրանց վրա էլ չի կարելի հույս դնել՝ այս տարի էլ քիչ այցելեցին, մնաց՝ եկող տարի տեսնենք ո՞նց կլինի:
Այժմ՝ մի փոքր անդրադարձ անընդհատ շեշտվող կյանքի որակին:
Սույն բազմանշանակ արտահայտությունը չարչրկվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Որակի բարելավումը, եթե հավատալու լինենք տնտեսական օրենքներին, ուղղակիորեն կախված է բնակչության եկամուտներից: 2004-ին Հայաստանի բնակչության եկամուտները նվազել են՝ հաշվի առնելով տնտեսության դոլարիզացիայի բարձր աստիճանը եւ տրանսֆերտի չափը: Նույնիսկ պետական այրերն են խոստովանում, որ արտաքին աշխարհից բնակչությանը եկող օգնությունը կրկնակի անգամ գերազանցում է պետական բյուջեն: Եթե դրան հավելենք տարվա ընթացքում դոլարի արժեզրկումը 100 դրամով՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, ապա բնակչության կորուստը միայն դոլարի անկումից կկազմի 1մլրդ դրամից ավելին: Առողջապահության եւ կրթության ոլորտների խնդիրներն ամբողջությամբ փոխադրվել են հաջորդ տարի, արդյունքում ո՛չ կյանքի տեւողությունն է աճել, ո՛չ էլ կրթության որակն է բարելավվել:
Իրավիճակային որոշումները դեռ շարունակում են մնալ մեր ամենօրյա ուղեկիցը, աղքատության սպառնալի չափը մնում է օրախնդիր, աղետալիորեն չեն հերիքում ներդրումները, արտաքին պարտքը աճում է՝ մոտենալով վտանգավոր սահմանագծի: Կոռուպցիայի տարածվածության աստիճանը մեզ պահում է «պատվավոր» առաջին տասնյակում, աշխարհը Հայաստանը համարում է մասամբ ազատ երկիր, ներդրումային ռիսկի գործոնը մեզ մոտ ամենաբարձրն է՝ 7 բալանոց սանդղակով գնահատվել է 7, այսինքն՝ Հայաստանում ներդրում կատարելը ողջամտության սահմաններից դուրս է: Բյուջեն կատարելու համար կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի՝ վաճառեց Զանգեզուրի ՊՄԿ-ն եւ այդ գումարով վճարեց տարեվերջյան աշխատավարձերն ու կենսաթոշակները:  Մնում է հուսալ, որ 2005-ն ավելի հաջողված տարի կլինի թե՛ կյանքի որակի եւ թե՛ մնացյալ բոլոր խնդիրների լուծման առումով, թեեւ անցնող տարին լավատեսորեն տրամադրվելու համար ոչ մի տեղ չի թողել: