Ծրագիրը, որի շրջանակներում կովկասյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեկնել էին Անգլիա, կոչվում է «Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացում», կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի կողմից։ Ֆինանսավորումն իրականացրել էին Բրիտանական կառավարությունն ու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։
Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ կառավարության ծրագրերի մոնիտորինգի միջազգային փորձին, լուսաբանման եւ մեկնաբանման մեթոդներին։ Օրական 5-6 ժամ տեւող դասերի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչի մասին։ Իհարկե, չի կարելի անգլիացիների ասած ամեն ինչն ընդունել հալած յուղի տեղ։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք սխալ են, այլ որովհետեւ մենք ապրում ենք լիովին այլ աշխարհում՝ տարբեր բարքերով, սովորույթներով, գրված ու չգրված օրենքներով։
Սակայն ամենից օգտակարը համեմատություններն են։ Երբ նայում ես, թե ինչպիսի մանրախնդրությամբ են լրագրողները մոտենում իրենց նյութերին, ինչ պայմաններում են նրանք աշխատում, ինչպես են մեկնաբանում տարբեր իրադարձությունները, ինչ ձեւով է արձագանքում կառավարությունը եւ ընթերցողները, հասկանում ես, որ մեզ մոտ լիովին այլ վիճակ է, բայցեւ մյուս կողմից սկսում ես հասկանալ, որ սա հենց այն է, ինչին հարկավոր է ձգտել։ Չգիտես ինչու, եվրոպական արժեքները Հայաստանում առաջին հերթին ասոցիացվում են համասեռամոլության, այլասերվածության եւ աղանդավորների հետ։ Իսկ ամենակարեւոր արժեքները՝ մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, կարծես մղվում են երկրորդ պլան։ 3 միլիոն տպաքանակ ունեցող «News of the World» (Աշխարհի նորություններ) թերթի խմբագիրը հպարտությամբ պատմում էր, որ իրենց շնորհիվ պաշտոնից ազատվել է մի նախարար, որն անօրինական գործողություններ էր կատարել։ Կամ միացնում ես հեռուստացույցը եւ տեսնում, թե BBC-ն ինչ անխնա քննադատության է ենթարկում իրենց վարչապետին՝ Թոնի Բլեերին։ Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Հ1-ը խիստ քննադատության ենթարկի Ռոբերտ Քոչարյանին։ Մենք էլ չենք պատկերացնում։
Ահա սրանք են իսկական եվրոպական արժեքները, եւ սրանցից է հարկավոր օրինակ վերցնել, ոչ թե գրանտներ ստանալ ու պայքարել հանուն «գենդերային հավասարության», ինչին քմծիծաղով էին վերաբերվում հենց իրենք՝ անգլիացիները։
Ուսումնական ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես եկան տարբեր լրագրողներ՝ BBC-ից, «Ռոյթերսից»։ Հետաքրքիր էր նաեւ Թոնի Բլեերի նախկին խոսնակը, մանավանդ՝ երբ նրան համեմատում ես հայաստանյան որոշ գերատեսչությունների մամուլի խոսնակների հետ։ Իհարկե, այնտեղ էլ կան խնդիրներ, թաքնված կողմեր, սակայն մարդիկ իրոք ցանկանում են համագործակցել ԶԼՄ-ների հետ։
Ծրագրի շրջանակներում այցելություններ կազմակերպվեցին BBC, «News of the World» եւ «Sun» թերթի խմբագրություններ, «Ռոյթերս», «Dowjones Newswires» գործակալություն, որը համագործակցում է հանրահայտ «The Wall Street Journal» -ի եւ CNBC հեռուստաընկերության հետ։ Ի դեպ, Dowjones-ում մենք իմացանք մի հետաքրքիր ներքին կանոնի մասին. լրագրողներն իրավունք չունեն ունենալ ընկերությունների բաժնետոմսեր։ Այս եւ նմանատիպ այլ կանոնները նպատակ ունեն մաքսիմալ անկախություն ապահովել լրագրողների համար։
Կովկասցի լրագրողները, հատկապես հայերն ու ադրբեջանցիները, ամենից շատ սպասում էին Թոմ դե Վաալի ելույթին (IWPR)։ Ի տարբերություն մյուսների, նա բավական ծանոթ էր մեր տարածաշրջանին։ Մեր ընթերցողներից ոմանք միգուցե ծանոթ են Թոմ դե Վաալի «Սեւ այգի» գրքին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այդ գիրքը հակասական կարծիքներ առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։
«Ես եկա այս տարածաշրջան եւ շատ զարմացա։ Այս փոքր տարածքի վրա միմյանց կողքի գոյատեւում են երկու լիովին տարբեր աշխարհներ, որոնք միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված։ Եվ որոշեցի գրել այդ մասին, քանի որ չկարողացա գտնել մի գիրք, որտեղ իրավիճակը ներկայացված լիներ բազմակողմանի մոտեցմամբ»,- ասաց Թոմ դե Վաալը։ Նա նշեց, որ հարցազրույց է վերցրել երկու կողմերը ներկայացնող մոտ 120 մարդկանցից, եւ գիրքը կառուցված է հենց նրանց արտահայտած մտքերի հիման վրա։ Հեղինակը խոստովանում է, որ գիրքն, իհարկե, կատարյալ չէ, սակայն մրցակցություն չկա, քանի որ միակն է՝ որպես այդպիսին։
Դե Վաալն անդրադարձավ նաեւ ԶԼՄ-ներին, նշելով, որ դրանք երբեմն քայքայիչ դեր են խաղում ղարաբաղյան հարցում եւ անհանդուրժողականություն սերմանում։ «Ինձ համար ողբերգությունը անհանդուրժողականությունն է մեկը մյուսի նկատմամբ, այն էլ՝ այսպիսի փոքր տարածաշրջանում,- նշեց Թոմ դե Վաալն՝ ավելացնելով,- Գրեթե բոլոր մարդիկ, ումից հարցազրույց էի վերցնում, իրենց խոսքը սկսում էին այսպես՝ ես երեւի աշխարհի ամենախաղաղասեր մարդն եմ, բայց…»։
Ծրագրի՝ թեեւ չբարձրաձայնվող, բայց ոչ պակաս կարեւոր ասպեկտն էլ թերեւս այն էր, ինչի մասին չէր հոգնում կրկնել հիմնական դասախոսներից մեկը՝ Քեյթ Հեյսը՝ մենք հայ, վրացի, ադրբեջանցի, անգլիացի լրագրողներ չենք, մենք պարզապես լրագրողներ ենք։ Երբ 10 օր հայերն ու ադրբեջանցիներն ապրում են նույն հյուրանոցում, կողք կողքի գտնվող սենյակներում, միմյանց հետ նախաճաշում, միմյանց հետ աշխատում եւ պարզապես խոսում, անկախ ամեն ինչից վերջում մի ինչ-որ բան փոխվում է։