Բոլորն էլ սիրում են ճանապարհորդել։ Եվ բոլոր երկրներն էլ ցանկանում են այնպես անել, որ գրավեն զբոսաշրջիկներին՝ ընդգծված ներկայացնելով այն ամենը, ինչը տարբերվում է մյուս երկրներից, մյուս մշակույթներից։ Այս առումով անգլիացիները երեւի թե հավասարը չունեն։ Նրանք թեեւ Եվրամիության անդամ են, սակայն օրիգինալ են ամեն ինչում։ Անգլիացիների մոտ ամեն ինչ ուրիշ է, հենց թեկուզ դրամը (երբ ողջ Եվրոպան օգտագործում է եվրո, իսկ իրենք՝ ֆունտ ստեռլինգ) կամ աջակողմյան երթեւեկությունը։
Երրորդ կամ չորրորդ օրը (կախված սովորության ուժից) արդեն սկսում ես հարմարվել։ Քեզ դադարում է զարմացնել նաեւ այն, որ հետիոտնի անցումով անցնելիս ահռելի արագությամբ սլացող «Ֆերրարին» արգելակում է եւ հանգիստ սպասում, թե դու երբ ես անցնելու փողոցը։ Շատ հետաքրքիր զգացողություն է, երբ համեմատում ես երեւանյան փողոցներով կարմիր լույսն ընդհանրապես բանի տեղ չդնող ջիպերի հետ։ Գալով մեքենաներին՝ նշենք, որ մեծ մեքենաներ (ասենք, «Համմերներ») Լոնդոնում այնքան էլ հաճախ չես հանդիպի։ Մարդիկ նախընտրում են թեթեւ, փոքր չափսերով, քիչ վառելիք ծախսող մեքենաներ։ Հաճախ կտեսնես կոստյումով եւ փողկապով անգլիացու, որը մոտոցիկլետով շտապում է աշխատանքի։ Կամ հեծանվորդների, առանց տարիքային սահմանափակման, ինչպես, օրինակ, այս տատիկը։
Աջակողմյան երթեւեկությունը, թերեւս, առաջին անսովոր բանն է զբոսաշրջիկի համար, որին նա հանդիպում է Անգլիայում։ Օդանավակայանից մինչեւ հյուրանոց հասնելը քեզ ժամանակ առ ժամանակ թվում է, թե մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ուր որ է վթարի կենթարկվի։ Սակայն դա այնքան էլ վտանգավոր չէ։ Ավելի վտանգավոր է, երբ առաջին մեկ-երկու օրերի ընթացքում ցանկանում ես փողոցն անցնել։ Ու թեեւ բոլոր անցումների վրա մեծ տառերով գրված է “Look right” (Նայիր աջ), միեւնույն է, նայում ես ձախ ու հրաշքով փրկվում մեքենայի տակ ընկնելու վտանգից։
Լոնդոն այցելող հայաստանաբնակներին կարող է զարմանալի թվալ երթուղային տաքսիների բացակայությունը։ Դա ոչ թե այն պատճառով է, որ անգլիացի խորհրդարանականները «մարշրուտկաների գծերի» հետ սեր չունեն, այլ, որ պարզապես չեն ուզում ծանրաբեռնել երթեւեկությունը, եւ վերգետնյա ուղեւորափոխադրումները կատարվում են հիմնականում կարմիր, երկհարկանի ավտոբուսներով, որոնք նոր են, մաքուր եւ ամենակարեւորը՝ գալիս են ճիշտ ժամանակին։ Ի դեպ, այս ավտոբուսները դարձել են Լոնդոնի խորհրդանիշերից մեկը, եւ դրանց մոդելները վաճառվում են հուշանվերների բոլոր խանութներում։
Խցանումներից խուսափելու եւ արագ տեղ հասնելու համար Լոնդոնում մարդիկ գերադասում են օգտվել մետրոյի ծառայություններից։ Իսկ մետրոն զբոսաշրջիկի համար ամենամեծ փորձությունն է. այն անչափ խճճված է։ Կան կայարաններ, որտեղ հատվում են 3 եւ ավելի գծեր։ Եթե առաջին անգամ եք նստել լոնդոնյան մետրո, ապա ձեր կողմնորոշվելու հնարավորությունների վրա մի կասկածեք, եթե կորեք։ Լոնդոնյան մետրոյում խճճվում են նաեւ բնիկ լոնդոնցիները։ Փոխարենը, հենց մետրոյում դուք կբացահայտեք, թե որքան ընթերցասեր են անգլիացիները։
Նշենք, որ խորհուրդ հարցնելու համար ամենից հարմարը ոստիկաններն են։ Վերջիններս ասես շրջում են փողոցներում միայն այն բանի համար, որպեսզի քաղաքին անծանոթ մարդկանց օգնեն հասնել իրենց ուզած վայրը։ Ընդ որում, նրանք հարցերին պատասխանում են հաճույքով եւ շատ սիրալիր են։ Իսկ եւ իսկ մեր ոստիկանների նման։
Ընդ որում, ավելի հեշտ է գլուխ հանել քարտեզի օգնությամբ, քան խորհուրդ հարցնել որեւէ մեկին։ Քանի որ 10-ից 9-ը ձեր վիճակում են, զբոսաշրջիկներ են։ Մտովի փորձում ես պատկերացնել` ի՜նչ պաթոսով կխոսեին մեր իշխանավորները, եթե մեր Պատմության թանգարանի առաջ էլ ամեն օր խմբված լինեին նույնքան զբոսաշրջիկներ, որքան ամեն օր լինում են «Բրիտանական թանգարանի» դիմաց։ Պարզ է, որ մենք մեր հնարավորություններով չենք կարող համեմատվել աշխարհի մեծագույն թանգարաններից մեկի հետ։ Սակայն չէ՞ որ մենք էլ ունենք ցույց տալու բաներ, պարզապես պետք է պատշաճ ձեւով ներկայացնել։ Վերջերս ինձ ասացին, որ մեր Պատմության թանգարանի ցուցանմուշների տակ գրությունները միայն հայերեն են։ Այս ձեւով տուրիզմ չեն զարգացնում։
Լոնդոնի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել արաբ կանանց, որոնց միայն աչքերն են երեւում։ Եվ հենց նրանց ետեւից` գրեթե կիսամերկ քայլող աղջիկների։ Բարքերի զանազանությունը մի պահ կարող է բթացնել մարդու ուղեղը։
Փող աշխատելու համար այստեղ մարդիկ պատրաստ են ամեն ինչի։ Թեմզա գետի ափի երկայնքով կարելի է հանդիպել տարբեր բաներով զբաղվող մարդկանց. մեկն ինչ-որ բան է նվագում, մյուսը` պարում, երրորդը` արձան է ձեւանում։ Զբաղվում են նաեւ այնպիսի բաներով, որոնք կարող են լիովին անիմաստ թվալ։ Օրինակ` այս երիտասարդն առավոտից երեկո մեծ պղպջակներ է սարքում։ Սակայն դա նրա համար ոչ թե հոբբի է, այլ փող աշխատելու միջոց։
Այս երիտասարդները միանգամից 2 օգտակար գործ են անում՝ փող են վաստակում եւ ամրապնդում իրենց առողջությունը։ Իհարկե, երբեմն շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է թուլակազմ երիտասարդն իր հեծանիվ-սայլակով տեղափոխում երկու գիրուկ կանանց։ Սակայն պետք է նշել, որ նրանց ծառայությունները բավական թանկ են, ինչպես ամեն ինչը Լոնդոնում։