Ըստ «Turkish Daily News» թերթի, Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հետեւողական եւ դժվարին պայքար է մղում ազգայնականների դեմ՝ 1993 թվականից ի վեր փակված թուրք-հայկական սահմանը վերաբացելու համար: Ալիբեյօղլուն գտնում է, որ Հայաստանի հետ սահմանի վերաբացումը ոչ միայն շրջանի տնտեսության առողջացմանն ուղղված քայլ կլինի, այլեւ «ճեղքում կլինի թուրք արտահանողների համար, ովքեր երազում են հասնել Կենտրոնական Ասիայի եւ այլ շուկաներ»: Ըստ թերթի, Կարսը, որի բնակչության շուրջ 70%-ը լքել է քաղաքը վերջին երկու տասնամյակներում, ներդրումներ հրապուրելու քիչ հնարավորություններ ունի: «Պետության կողմից ներդրումների ժամանակը վաղուց անցել է»,- ասում է քաղաքապետ Ալիբեյօղլուն, որն, իր համաքաղաքացիներից շատերի նման, Կարսի վերածնունդը կապում է Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման հետ: «Թուրքիայի ապագան Կենտրոնական Ասիան եւ Կովկասն են: Ցավոք, մենք զիջել ենք այդ դիրքերը ամերիկացիներին եւ ռուսներին»,- ասել է նա: «Turkish Daily News»-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-17-ը Կարսը հյուրընկալելու է Կովկասի մշակույթների երրորդ փառատոնը, որին նախատեսվում է նաեւ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը: