2003 թվականից Հայաստանում իրականացվում է «Պետական աջակցություն ծնողական խնամքից զուրկ հաստատություններն ավարտած երեխաներին» ծրագիրը, որը Եվրահանձնաժողովի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված 10 մլն դոլար արժողությամբ ծրագրի մի մասն է կազմում: 2006-ի հունվարից ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության եւ Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ համատեղ իրականացվում է վերոհիշյալ ծրագրի հաջորդական փուլը:
Այս տարի պետական աջակցման ծրագրում ընդգրկած են հանրապետության 4 մանկատան` Գավառի, Վանաձորի, Գյումրիի «Հույս» եւ Երեւանի «Զատիկ» մանկատների` 1991-2003 թթ. հաստատությունն ավարտած 18-ը լրացած 56 շահառուներ: Նրանց տրամադրվելու է բնակտարածք` հիմնականում մարզերում, որովհետեւ մեկ անձին հատկացվում է ընդամենը 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: «Ծրագիրը սկսելուց առաջ մտավախություն ունեի, թե մանկատան սաների հետ դժվար կլինի աշխատել, սակայն պարզվեց, որ ավելի արժանապատիվ խավ, քան այդ երեխաներն են, գոյություն չունի: Միեւնույն ժամանակ` նրանք սարսափելի խոցելի են, աչքերում մշտապես վախի, անվստահության շտամպ կա»,- ասում է ՀՕՄ ծրագրերի համակարգող Աննա Մնացականյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկական խնամակալական հաստատությունը որքան էլ վատը լինի, երեխան այնտեղ պաշտպանված է, իսկ հաստատությունից դուրս հայտնվում է բարձիթողի վիճակում: «Օրինակ, Գավառի մանկատան ղեկավարությունը, 18 տարին լրանալուց հետո երեխային ուղարկում է Երեւան, որը սաներին ներկայանում է մեծ ու կեղտոտ մեգապոլիս: Երեխայի աչքի առաջ դայակն ուտելիքը տանում է, հետո երեխան է տանում, ասում են` գող է: Ինքը գող չէ, այլ կրկնում է այն, ինչ որ տեսնում է: Եթե նրանք կեղծիք, բարոյական սուտ չեն տեսնում, ուղղակի բյուրեղյա մաքրություն են ցուցաբերում: Շրջանավարտների մեջ կան շատ պրոգրեսիվ երեխաներ, որոնց շրջան տանելը նշանակում է խաչ քաշել նրանց ապագայի վրա: Հիմնականում գործ ունենք խեղված ճակատագրերի հետ, որովհետեւ 1991թ. ի վեր ոչ ոք նրանցով չի զբաղվել»,- ասում է Ա. Մնացականյանը: Իսկ ՀՀ-ում կատարված թրաֆիքինգի ուսումնասիրությունների տվյալների համաձայն, Արաբական Էմիրություններում եւ Թուրքիայում մարմնավաճառություն իրականացնող կանանց մեծ մասը մանկատան աղջիկներ են, որոնք, հայտնվելով փողոցում, այլընտրանք չեն ունեցել եւ բռնել են այդ կեղտոտ ճանապարհը: Անբարո աղջիկներից 10-ից միայն մեկն է գիտակցում, որ ինքը մարմնավաճառություն է կատարում, մնացածը չեն էլ գիտակցում, որովհետեւ ըստ մասնագետների դիտարկումների` այդ երեխաների մոտ սեռի զգացողությունը եւ ընկալումը խեղաթյուրված է: «Հատուկենտ կանանց է, որ այդ աշխատանքը դուր է գալիս, իսկ մյուսները նույնիսկ վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրություն չունեն: Եթե մարմնավաճառ է, ուրեմն 500 դրամանոց է, ավելի շատ վաստակելու հնարավորություն չունի, ցավը դրանում է: Նույնիսկ այստեղ նրանք ընտրության հնարավորություն չունեն: Հասարակությունն իր տխուր արձագանքն ունի այս երեխաների նկատմամբ, եթե մանկատնից աղջիկ են տանում կնության, ապա տղան անպայման ֆիզիկական կամ մտավոր արատ պիտի ունենա: Դրա համար այս երեխաները ծայրահեղ թերահավատ են ամեն ինչի նկատմամբ, այս աշխարհում ոչ ոքի չեն հավատում, որն ինչ-որ հոգեբանական խնդիրներ է առաջ բերում նրանց մոտ: Հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ դաժան է եւ խիստ, քանի որ համոզված են, որ այս երեխաներն անբարո մոր եւ ընտանիքի պատճառով են լքված: 1915 թվականի եւ այս տարիների որբերը շատ տարբեր են: Վերջիններս հիմնականում օտարազգի երեխաներ են` խոպանի արդյունք»,- հավաստիացնում է Ա. Մնացականյանը: Նրա ասելով, երեխաները պատմում են, որ գործատուների մեծ մասը, երբ որ իմանում են, որ իրենք մանկատան սաներ են, հեռացնում են աշխատանքից: Օրինակ, Իգորը պատմել է. թե «Զիգզագում» աշխատելու ընթացքում, երբ որ տնօրենն իմացել է, որ ինքը մանկատան սան է, կանխավճար կատարելով եւ առանց իրեն նեղացնելու, պարզապես իրեն ազատել է աշխատանքից: Մենք փորձեցինք «Զիգզագ»-ից ճշտել գործի իսկությունը: Ընկերության նախագահ Ա. Մկրտչյանը` նախ զարմացավ, հետո բացառեց, որ իրենց գործող սրահներում կարող են որեւէ պարկեշտ աշխատողի, այն էլ` մանկատան երեխայի հետ վարվել նման ձեւով: Որոշ ճշտումներ կատարելուց հետո, նա նշեց, որ իրենք նման անունով (տղայի ազգանունը մեզ հայտնի չէր) մշտական աշխատող չեն ունեցել, եւ ավելացրեց, թե համոզված է, որ Հայաստանում նման անգութ մարդիկ չեն կարող լինել, «պարզապես դա այդ երեխաների սուբյեկտիվ պատկերացումն է»,- այսպես եզրափակեց իր խոսքը Ա. Մկրտչյանը:
«Եթե մտնում ես պայքարի մեջ, շատ զգույշ պիտի լինես»
Արթուր Նալչաջյանը ներկայացնում է «Այգաբաց» միաբանությունը, որը զբաղվում է Հայաստանի մանկատների շրջանավարտների սոցիալական եւ օրինական շահերի պաշտպանությամբ: Նա նույնպես մանկատան սան է, եւ հաճախ պարտադրված է լինում դա թաքցնել: Արթուրը ծնողների մահվան պատճառով իր երկու քույրերի հետ հայտնվել է Գավառի մանկատանը, որն ավարտել է 1991թ.: Պետական աջակցման ծրագրի շրջանակներում նա 2003-ին Երեւան-Զեյթուն թաղամասում ձեռք է բերել բնակարան: «Անկախացումից հետո, երբ վատացավ սոցիալ-տնտեսական վիճակը, բնականաբար, վատացավ նաեւ մանկատան սաների վիճակը: Խորհրդային տարիներին մանկատնից հետո երեխաներին ուղարկում էին պրոֆտեխուսումնարաններ, որն ավարտելուց հետո յուրաքանչյուր ոք իր մասնագիտությամբ տեղավորվում էր աշխատանքի: Նրանք անմիջապես գործարանի տնօրենի հսկողության տակ էին գտնվում եւ բանվորների բնակարանային հերթում արտահերթ բնակարան ստանում: 1991-ից հետո, բնականաբար, այս համակարգը փլուզվեց: Յուրաքանչյուր տարի 10-15 շրջանավարտ էր դուրս գալիս մանկատներից, եւ ստացվեց այնպես, որ 300-ից ավելի (սրանցից մոտ 140-ն արդեն ապահովվել են բնակարանով) շրջանավարտներ խիստ սոցիալական կարիքներ ունեին: Պետական մոտեցում էր պետք: Իհարկե, 2003-2005թթ. ծրագիրը թերություններ ունեցավ, սակայն այն մեծ ձեռքբերում կարելի է համարել: Ծրագիրը կյանքի կոչվեց նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի կողմից, որը կարողացավ միջազգային դոնորների ներգրավել»,- նշում է Ա. Նալչաջյանը, որը նույնպես համոզված է, որ մեր հասարակությունում մանկատան սաների նկատմամբ կարծրացած ստերեոտիպեր են ձեւավորված:
«Նրանք խնամքի եւ դաստիարակության կարիք են զգում, որի իրագործման դեպքում պիտանի կարող են լինել հասարակությանը: Ես զբաղվում եմ իմ բախտակից երեխաների ճակատագրով: Ինքս բավականին դժվար կյանք եմ ունեցել եւ դժվար ճանապարհ անցել: Մի բան եմ հասկացել, որ այս կյանքում մարդիկ պայքարի մեջ են. եթե մտնում ես այդ պայքարի մեջ, ուրեմն շատ զգույշ պիտի լինես, ճիշտ մարդկային հարաբերություններ ստեղծես եւ ճիշտ պահ ընտրես, որպեսզի քայլ առ քայլ քեզ մոտ հաջողություններ արձանագրվեն: Դա է իմ հաջողությունների գրավականը»,- ասում է նախկին մանկատան սանը:
Հ.Գ. Արտակ Նալչաջյանի իրական անունը չենք նշում, քանի որ նա մտահոգություն ուներ, որ որպես մանկատանը մեծացած երեխա, հետագայում իր աշխատանքի եւ այլ հարցերի հետ կապված խնդիրներ կարող է ունենալ: