Այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հայ առեւտրականներն ամեն քայլափոխի խաբում են ու նրանց գրպանները դատարկում՝ անհերքելի է: Մշակութային տուր-փաթեթով Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկին տուրօպերատորներն առաջին հերթին տանում են Գառնի: Իսկ տաճարի մոտ հայ առեւտրականներն իրենց փոքրիկ տաղավարներում վաճառում են Հայաստանի մասին հիշողություններ արթնացնող հուշանվերներ, նկարներ, քանդակներ: Վաճառականն այս ամենի հետ մեկտեղ առաջարկում է գայլի եւ աղվեսի որակյալ մորթի: «Իսկական գայլի մորթի է»,- վստահեցնում է նա ու համոզում, որ այն վաճառում է բավական էժան՝ 50 դոլարով: Գնորդի մտքով էլ չի անցնում, որ իրեն կարող է խաբեն եւ որ դա ոչ թե գայլի, այլ սովորական բորենու մորթի է: Տուրինդուստրիայի մասնագետները վստահեցնում են, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները, նման երեւույթներ տեսնելով, հիասթափվում են մեր երկրից ու դրսում Հայաստանի մասին սեւ PR են անում՝ այդպիսով կանխելով նոր զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք Գառնու տաճարի տաղավարից 50 դոլարանոց «գայլի» մորթի գնած օտարերկրացու վիճակը, որն ավելի ուշ պարզում է, որ իր պարանոցին կրում է ընդամենը սովորական բորենու մորթի: