Ինքնակամ կառույցները կդրվեն վաճառքի

02/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն բոլոր ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների վրա, համարվում են պետական սեփականություն: Այս մասին հուլիսի 31-ին քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Թվով 112000 հաշվառված ինքնակամ շինությունները գույքագրելուց հետո շինարարական նորմատիվային համապատասխանելիություն ունենալու դեպքում կճանաչվեն որպես պետական սեփականություն, կգրանցվեն կադաստրային մարմիններում, որից հետո քաղաքապետարանը կստանա համապատասխան վկայականներ: Այնուհետեւ կառավարության կողմից հաստատված արժեքով այդ ինքնակամ շինությունները կդրվեն վաճառքի: Եթե դրանց կառուցապատողները հրաժարվեն այն ձեռք բերել հաստատված այդ արժեքով, ապա քաղաքապետարանն իրավունք կունենա դրանք վաճառել աճուրդով: Ե. Զախարյանը վստահեցրեց, որ իրենք առաջին հերթին պարտավոր են դրանք գնելու առաջարկ անել ինքնակամ այդ շինությունները կառուցող քաղաքացիներին: «Օգտվելով առիթից, ուզում եմ հայտարարել, որ ցանկացած ինքնակամ, որոնք կառուցել են մեր քաղաքացիները` կառուցել են պետության համար, որովհետեւ պետական եւ համայնքային սեփականության հողի վրա կառուցված ինքնակամներն օրենքով համարվում են պետական եւ համայնքային սեփականություն»,- հայտարարեց քաղաքապետը` նախազգուշացնելով, որ ցանկացած ինքնակամ շինություն նման ճակատագիր է ունենալու եւ համարվելու է պետական կամ համայնքային սեփականություն:

Ե. Զախարյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ 2006թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քաղաքապետարանն այս տարի նախատեսել է վերականգնել 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 11 շենքեր, իսկ սեպտեմբեր ամսին շահագործման կհանձնվեն 3 շենքեր, որոնցից 1-ը՝ վերակառուցված, իսկ 2-ը նորակառույց շենքեր են: Ըստ քաղաքապետ Ե. Զախարյանի, շահագործման հանձնվող շենքերում կվերաբնակեցվեն 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչները: Բացի այդ, դեկտեմբեր ամսին շահագործման կհանձնվի եւս 2 շենք, իսկ հաջորդ տարի վթարային շենքերի բնակիչների համար նախատեսվում է կառուցել 3 նոր շենքեր: Անդրադառնալով Կոզեռն թաղամասին՝ քաղաքապետը նշեց, որ ստեղծվել է համապատասխան խումբ, որն, արդեն մեկ շաբաթ է, ինչ զբաղվում է Կոզեռն թաղամասի բնակարանների գույքագրմամբ: Ե. Զախարյանը հույս հայտնեց 2 ամսվա ընթացքում ավարտին հասցնել Կոզեռն թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված աշխատանքները: Սեփականության իրավունքի ճանաչումից հետո, եթե գտնվեն բնակիչներ, որոնք կհրաժարվեն իրենց բնակարաններից, փոխարենը կստանան փոխհատուցում:

Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով 1-ին կիսամյակում նախատեսված 34187.0 մլն դրամի աշխատանքներից փաստացի կատարվել են 36486.3 մլն դրամի աշխատանքներ կամ նախատեսվածի 106,7%-ը: «2005թ. նկատմամբ համայնքները նույնպես աճ են ապահովել, միջին հաշվով՝ 15-36% աճ: 2,5-3 անգամ բոլոր համայնքների սեփական բյուջեները նախորդ տարիների համեմատ ավելացել են»,- նշեց քաղաքապետը: Թաղային համայնքների եկամուտների 1-ին կիսամյակի կատարողականը կազմել է 89,2%: Նախատեսված 6414344.1 հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 5720313.7 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 942089.8 հազար դրամով կամ 19,7%-ով: Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում 2006թ. 1-ին կիսամյակում ՀՀ պետբյուջեի հաշվին Հյուսիսային պողոտայում իրականացվել են շուրջ 355.0 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածների, ինչպես նաեւ՝ Պ-2 հատվածի կառուցապատման աշխատանքները: Ֆինանսական այլ աղբյուրների հաշվին հաշվետու ժամանակահատվածում պողոտայում իրականացվել են 2750.0 մլն դրամի կառուցապատման աշխատանքներ: Քաղաքապետը տեղեկացրեց, որ սկսվել են Արամի, Բուզանդի փողոցների վերակառուցման նախագծային աշխատանքները եւ օտարման գոտիներում իրականացվել են 200.0 մլն դրամի իրացման աշխատանքներ, իսկ Հերացու եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու (Սարալանջի) կառուցման նպատակով մինչեւ սեպտեմբեր ամիսը կիրականացվեն լրացուցիչ 1320.0 մլն դրամի իրացման աշխատանքներ, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Ի դեպ, կառավարության որոշումներով լրացուցիչ նախատեսվել են Իսակովի պողոտայի (Հաղթանակի կամրջից մինչեւ օդանավակայանի խաչմերուկ) վերակառուցման աշխատանքներ կատարել 2390.9 մլն դրամի, իսկ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Լրացուցիչ ծրագրերի շրջանակում սկսվել են նաեւ Տերյան փողոցի վերանորոգման, Մյասնիկյան-Աճառյան պողոտաների վերակառուցման եւ քաղաքի բարեկարգման ու մասնակի կառուցապատման աշխատանքները, որոնք նույնպես սեպտեմբեր ամսին կավարտվեն: Կրթության ոլորտում քաղաքապետարանի օժանդակությամբ իրականացվել է 22 դպրոցի տանիքների կառուցման աշխատանք, որի համար պահանջվել է 72,1 մլն դրամ: Տրանսպորտի ոլորտում նախատեսված աշխատանքների 1620,8 մլն դրամի փոխարեն իրականացվել է ընդամենը 68,1 տոկոսը: Քաղաքապետը նշեց, որ հասարակական տրանսպորտի ոլորտում պետբյուջեի հաշվին նախատեսվում է ձեռք բերել 500 մլն դրամ արժողությամբ եւս 50 քաղաքային ավտոբուս: Բացի այդ, Ռուսաստանից ներկրվող չօգտագործված տրոլեյբուսների հաշվին նախատեսվում է թարմացնել տրոլեյբուսների պարկը: