Մեզ հարկավոր են միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադահլիճներ

02/08/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սովորաբար Ակադեմիայի հավաքներին մասնակցում են երիտասարդ սպորտսմենները, մարզիչները, սպորտային լրագրողները, սպորտային բժիշկները եւ այլ մասնագետներ, որոնք կապված են սպորտի հետ եւ ընդունում են «Կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ` մասնակցությունը» Օլիմպիական նշանաբանը: Ակադեմիայի աշխատանքներին մասնակցում է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Այս տարվա հավաքին Հայաստանը ներկայացրել են գեղարվեստական մարմնամարզության վարպետ Քրիստինա Քեշիշյանը եւ սպորտային լրագրող Մերի Ահարոնյանը: Երկու հայուհիներն էլ դասավանդում են Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Ընդ որում, Ադրբեջանը ներկայացված չի եղել, իսկ Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներից մեկն ազգությամբ հայ է եղել: «Ես շատ զարմացա, երբ Թուրքիայի պատվիրակությունից ինձ մի տղա մոտեցավ եւ հայերեն լեզվով բարեւեց»,- պատմում է Ք. Քեշիշյանը:

Օլիմպիայում բոլոր մասնակիցները «Էթիկան եւ սպորտը», «Դոպինգը սպորտում», «Ի՞նչ է արդարացի խաղը», «Կինը եւ Օլիմպիադան» թեմաներով դասախոսություններ են լսել, սպորտային տարբեր միջոցառումների եւ բանավեճերի մասնակցել: Օլիմպիական սկզբունքները, արդարացի խաղի գաղափարախոսությունը տարածելու եւ ընդհանրապես ստացված ողջ ինֆորմացիան սեփական երկրում օգտագործելու համար Հայաստանը ներկայացնող երկու այս աղջիկները պետք է որոշ աշխատանքներ կատարեն: Արդեն երկրորդ անգամ սեմինարին մասնակցած Ք. Քեշիշյանը նման աշխատանք անելու համար այստեղ պայմաններ չի տեսնում: «Կարեւորը օլիմպիական շարժման մեջ շատ մարդ ընդգրկելն է, քանի որ Օլիմպիական խաղերի գլխավոր նպատակը խաղաղությունն ու միջազգային հարաբերությունների բարելավումն է»,- ասում է նա: Օլիմպիադան մարզիկներ չի պատրաստում, այլ առողջացնում է սպորտի շուրջ ստեղծված մթնոլորտը: Իսկ Ք. Քեշիշյանը նշում է նաեւ, որ փորձի փոխանակում է պետք, հարկավոր է տեսնել, թե ինչպես են մարզիկներին նախապատրաստում եւ ինչպես են օլիմպիական սկզբունքները կիրառվում կյանքում: Սպորտային հիանալի կեցվածք ունեցող եւ ակտիվ կյանք վարող Ք. Քեշիշյանը շատ մտահոգ է հայերի ոչ սպորտային ապրելակերպով:

– «Առողջ ապրելակերպի» մասին շատ է խոսվում, սակայն քչերն են շաբաթը գոնե երկու ժամ սպորտին տրամադրում:

– Մարդն իր ծնված օրվանից իսկ շարժվում է: Իսկ եթե շարժվում է, պետք է նրան որեւէ սպորտաձեւում ընդգրկել: Պարտադիր չէ, որ նա մեծ արդյունքների հասնի: Պարզապես նա պետք է առողջ ապրի: Ի՞նչ է «առողջ ապրելակերպը»: Պարզապես առողջություն, որն ունենալու համար պետք է շատ շարժվել, ճիշտ սնվել, մարզվել եւ հանգիստը ճիշտ կազմակերպել: Պետք է դահլիճ գնալ եւ սպորտով զբաղվել: Հիմա շատ ծնողներ գերադասում են, որ իրենց երեխան տանը համակարգչի առջեւ նստի, եւ սպորտին մեծ նշանակություն չեն տալիս: Դրանից էլ երեխաներն առողջական շատ խնդիրներ են ունենում` ողնաշարային, տեսողական:

– Հիմա սպորտային բոլոր ծառայությունները վճարովի են, շատ ընտանիքների համար մատչելի չեն, դժվար է:

– Համաձայն եմ, հիմա անվճար ոչինչ գոյություն չունի: Պետական մոտեցում է պետք: Մինչդեռ այսօր մեր դպրոցներում նույնիսկ սպորտդահլիճներ չկան: Դպրոցի տնօրենները դահլիճները երկրորդական բան են համարում: Էլ չեմ խոսում դահլիճների կահավորանքի, հանդերձարանների եւ լողասենյակների մասին: Դպրոցականները չեն ուզում ֆիզկուլտուրա պարապել, քանի որ հետո ստիպված են քրտնած վիճակում հաջորդ դասերը շարունակել: Էլ չեմ խոսում պրոֆեսիոնալ սպորտսմենների մասին: Միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադահլիճներ են հարկավոր, իսկ մեզ մոտ դրանք չկան: Կարող եմ գեղարվեստական մարմնամարզության օրինակը բերել: Այսօր մեր մարզուհիները, որոնք Հայաստանի հավաքականն են ներկայացնում, օրական մի քանի ժամ մարզվում են մի դահլիճում, որտեղ անգամ տաք ջուր չկա: Մինչդեռ ցնցուղներն ու սաունաները պարտադիր պետք է լինեն: Նույնիսկ առաստաղի բարձրությունը պետք է ստանդարտներին համապատասխանի: Ես, արդեն տասը տարի է, ինչ հեռացել եմ մեծ սպորտից, սակայն մեր դահլիճում ոչինչ չի փոխվել: Նույն դահլիճն է, միայն՝ ավելի հնացած: Սկսվել է վերանորոգվել Հրանտ Շահինյանի մարզադահլիճը, բայց պետք է հաշվի առնել, որ այն տարիների ընթացքում, երբ դահլիճը չէր աշխատում, սպորտը որքան է առաջ գնացել: Իսկ մենք աշխարհից կտրված ենք:

– Ֆինանսների՞ պակաս է:

– Ֆինանսներ են պետք նախեւառաջ նորմալ պարապմունքներ անցկացնելու, նորմալ սնունդ ապահովելու, սպորտսմեններին հավաքների ուղարկելու համար: Պրոֆեսիոնալ սպորտը շատ բարդ ոլորտ է, որտեղ առաջին հերթին փորձի փոխանակում է պետք: Սպորտային կանոնադրությունները շատ արագ են փոփոխվում, եւ պետք է տեղյակ լինել այդ նորամուծությունների մասին:

– Դուք նաեւ շեյփինգի մարզիչ եք: Կարելի՞ է ասել, որ ֆիտնեսն ու շեյփինգը մեր օրերում ամենահասանելի մարզաձեւերն են եւ կարող են զանգվածային համարվել:

– Ֆիտնեսն ու շեյփինգը առողջարարական մարմնամարզության սպորտաձեւեր են, եւ, իհարկե, դրանք մասսայական են: Ֆիտնեսը սպորտ է, քանի որ ֆիտնեսի մրցույթներ են անցկացվում եւ միավորներ են տրվում: Ֆիտնեսի վարժությունները գնահատվում են այնպես, ինչպես մարմնամարզությունն է գնահատվում: Ֆիտնեսն իր սեփական նորմատիվներն ունի: Իսկ շեյփինգը, աերոբիկան, ստեպը ոչ թե միավորներ ստանալու, այլ` ընդհանուր առողջական վիճակը բարելավելու, քաշը կարգավորելու, տրամադրությունը բարձրացնելու, կյանքի տեւողությունը երկարացնելու համար են: Շատ մարդիկ լավ չեն պատկերացնում` ինչի համար են մարզասրահ գալիս: Մի գեր կին զարմանում էր, թե ինչո՞ւ է իր հետ նիհար մի աղջիկ մարզվում, ասում էր. «Ախր, նրա ինչի՞ն է պետք ժամանակ կորցնել դահլիճում»: Պետք է հասկանալ, որ մարդը՝ գեր լինի թե նիհար, բարձրահասակ լինի թե կարճահասակ, ձեռքեր ունենա թե չունենա, միեւնույն է, պետք է մարզվի, եթե ուզում է առողջ լինել: Հիշեք, որ մի մարզումը հարյուր դեղամիջոցի է փոխարինում: Մենք սովոր ենք նոր հագուստ գնելուն կամ ռեստորան գնալուն գումար եւ ժամանակ հատկացնել, բայց սեփական առողջության համար ժամանակ եւ գումար չենք գտնում: Ձեւական բաներն ավելի ենք կարեւորում, քան սեփական մարմինը:

– Գուցե մարդկանց ոգեւորել, դրդե՞լ է պետք:

– Շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ՝ լսելով ինձ, շատ են ոգեւորվել, մեկ ամիս շարունակ անընդհատ զանգահարել են, ցանկացել գալ մարզվելու: Այդ ոգեւորությունն ուղիղ մեկ ամիս է տեւել: Եվ վերջ: Մարդիկ հիմա նույնիսկ լողալ սովորել չեն ուզում: Զարմանում եմ, երբ «Ջրաշխարհում» տեսնում եմ, որ շատերը ոչ միայն լողալ չգիտեն, այլեւ` սովորել չեն ուզում: Եվ այստեղ կարեւորը գումարը չէ, վերջիվերջո, «Ջրաշխարհում» ծախսած գումարով կարելի է մեկ ամիս լողի դասերի հաճախել: Ընդունում եմ, որ սոցիալական վիճակը բարդ է, բայց պետք է մի քայլ առաջ մտածել:

– Ֆիտնեսը համեմատաբար նոր մարզաձեւ է, իսկ գոյություն ունի՞ նոր սպորտաձեւեր հնարելու միտում:

– Իհարկե: Եթե մարդը ստեղծագործում է, նա անպայման նոր բաներ է հնարում: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են: Նոր մարզաձեւեր հնարում են հատկապես ամերիկացիները: Նրանք սովորական, հասարակ շարժումներից կազմված սպորտաձեւեր են ստեղծում եւ ուզում են անպայման աշխարհի առաջնություններում ընդգրկել: Ամերիկացիներն այդ իմաստով շատ թեթեւ հոգեբանություն ունեն:

– Տարբեր ազգերի ներկայացուցիչները, որոնք Հունաստան էին ժամանել, ծանո՞թ էին Հայաստանին:

– Շատերը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեին, եւ համոզված էին, որ մենք մուսուլմանական երկիր ենք: Մենք բացում էինք քարտեզը, ցույց էինք տալիս Հայաստանը: Նույնիսկ ասում էինք` տեսեք Հունաստանում հայ առաջին օլիմպիական չեմպիոնի` Վարազդատի քանդակն է տեղադրված եւ ուրիշ ոչ մի ազգի չեմպիոնի քանդակ չկա: