«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հուլիսի լույս 23-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Ցմահ ազատազրկման դատապարտված 4 կալանավորներ փախուստի փորձ են կատարել, ինչը, սակայն, կանխվել է: Քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկի խցում պահվող կալանավորները քանդել են օդափոխիչը եւ դրա ձողով թուլացնելով երկաթե ճաղերով փոքրիկ պատուհանի ամրակները` փորձել են փախչել: Վերջիններիս ծրագիրը թերեւս իրականություն դառնար, եթե արդեն քանդված երկաթե ճաղավանդակը նրանց ձեռքից պատահաբար չընկներ գետնին: Հիմնարկի աշխատակիցն այդ աղմուկից է գլխի ընկել, որ տարածքում ինչ-որ բան է կատարվում: Փախուստի ձախողված փորձի հեղինակներ՝ 4 ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորները, գիտակցելով, թե իրենց ինչ դաժան ծեծ է սպասվում, կտրել են ձեռքերի երակները: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր աղբյուրը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասաց. «Երակները կտրել են, որովհետեւ էնքան են դուբինկով ծեծում, որ սպանում են: Ոնց որ մի հատ թուրք քո հարազատին սպանած լինի ու դու էլ իրան արյունլվա անելով սպանես: Մորթում են… Այ տենց դաժանաբար ծեծում են»: Որքան էլ զարմանալի է, երակները կտրած 4 կալանավորներին բուժօգնություն ցուցաբերելը սահմանափակվել է «լեյկոպլաստով» արյունը կտրելով: Թե ինչ պատճառներով են ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորները դիմել նման քայլի, նախաքննությունը ցույց կտա, սակայն հարկ է նշել, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մեր խմբագրությունն ահազանգ է ստանում կալանավորներից` իրենց այցելելու խնդրանքով: Օրեր առաջ ցմահ ազատազրկված կալանավորներից մեկը մեզ հայտնեց, որ բոլոր լրատվամիջոցները հրավիրվել են կալանավայր, որպեսզի լուսաբանեն իրենց բողոքը: Նրանք մեզ վստահեցրին, որ կալանավայրի պետ Արամ Սարգսյանն իր համաձայնությունը տվել է: Նշված ժամին այցելեցինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որը, սակայն, իզուր էր, քանի որ Ա. Սարգսյանը ձեւացրեց, թե ինքը տեղյակ չէ, որ լրատվամիջոցներն իրենց կալանավորների կողմից «ասուլիսի» են հրավիրվել: Կալանավայրի մեր աղբյուրները պնդում են, որ պետի հետ համաձայնություն է եղել եւ նա թույլատրել է լրագրողների մուտքը կալանավայր: Հիմնարկի պետ Ա. Սարգսյանը մեզ խորհուրդ տվեց ընդունված կարգի համաձայն՝ նամակով դիմել ՀՀ Արդարադատության նախարարին, իսկ մակագրելուց հետո ինքը պատրաստակամ է ցանկացած պահի լրագրողներին ընդունել կալանավայր: Նամակով դիմեցինք Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մեզ խոստացան նախարարի մակագրելուց հետո այցելությունը թույլ տալ, սակայն դրանից հետո էլ Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը նախարարությունում խնդրել է հանդիպումը հետաձգել, որովհետեւ փախուստի փորձի հետ կապված նախաքննություն է ընթանում: Մինչդեռ հիշեցնենք, որ մենք փախուստի փորձից հետո, նախաքննության փուլում էինք դիմել կալանավայրի պետին, եւ նա պատրաստակամ էր մեր բոլոր հարցերին պատասխանել, ընդհուպ, մինչեւ անգամ` փախուստի միջադեպի մանրամասները հրապարակել: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում կալանավայրի պատերի ներսում: Այս ամենը վկայում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորները լրատվամիջոցների օգնությունն են խնդրում, որի միջոցով թերեւս կարող են իրենց ասելիքը կալանավայրից դուրս հանել: Կալանավայրի մեր աղբյուրը տեղեկացրեց. «Ինչի՞ չեն թողնում, որովհետեւ իրանց ձեռք ա տալիս: Չեն ուզում, որ դրսում իմանան, թե ստեղ ինչեր ա կատարվում: Չեն ուզում, որ մեր բողոքն էս պատերից դուրս գա: Իրանց երբ որ պետք ա՝ լրագրող են բերում, տանում են հարուստների խցերը ու նենց խցեր են ցույց տալիս, որ սանատորիայի տպավորություն ա թողում: Էդ 5-6 վանդակներից բացի ոչ մի տեղ չեն տանում, բայց դրանք հարուստների խցերն ա, «դաժե միկրովալնովի փեչ» ունեն սեփական: Թող մի հատ ցմահների խցերը նայեն ու տեսնեն, թե ինչ ա կատարվում, ու, թե մարդուն ինչ պայմաններում կարելի ա պահել»: Ի դեպ, ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորները տեղեկացնում են, որ ՆԳՆ համակարգից Արդարադատության նախարարության ենթակայությանն անցնելով կալանավայրում ոչինչ չի փոխվել: Կալանավորների հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են: Ծեծում եւ բռնություն են գործադրում: Ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորներն իրենց դեմ կատարվող անօրինությունների խնդիրը բարձրաձայնելու նպատակով լրատվամիջոցների այցելությունն են խնդրում: