Ինչպե՞ս վերականգնել ոսկյա կամ արծաթյա իրերի փայլը

02/08/2006

Կես բաժակ օճառաջրին խառնել 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ, ատամի խոզանակը թրջել այդ լուծույթի մեջ եւ սրբել, հետո ողողել գոլ ջրով եւ լավ չորացնել:

Եթե ոսկյա զարդը կորցրել է փայլը, այն պետք է լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով (1 բաժակ ջրին` 6 կաթիլ), հետո լվանալ մաքուր ջրով եւ սրբել:

Ոսկյա զարդերը պետք է հանել նաեւ գեղահարդարման ժամանակ` քսուքներ օգտագործելիս, մանավանդ, եթե դրանք պատրաստված են սնդիկի եւ աղերի հիմքի վրա: Սնդիկը ոչ միայն փոխում է ոսկու գույնը, վրան սպիտակ լաքաներ թողնում, այլեւ քայքայում է այն: Ոսկյա իրերի վրա լաքաներ կարող են մնալ նաեւ յոդից: Դրանք հեշտությամբ դուրս կգան, եթե ոսկյա իրը 15-20 րոպեով ընկղմեք հիպոսուլֆատի լուծույթի մեջ (1 բաժակ ջրին` 1 թեյի գդալ), հետո լվանաք մաքուր ջրով եւ լավ չորացնեք:

Արծաթյա իրերը երկար ժամանակ խոնավ տեղում մնալուց պատվում են մուգ գույնի լաքաներով: Դրանք պետք է սրբել 8 տոկոսանոց գոլ քացախի մեջ թրջած լաթով, հետո ողողել ջրով եւ չորացնել: Կարելի է նաեւ մաքրել հետեւյալ կերպ. կավճից եւ անուշադրի սպիրտից շիլա պատրաստել, քսել զարդերին, ապա լվանալ եւ լավ չորացնել:

Արծաթյա եւ արծաթաջրած իրերի, զարդերի վրայի մուգ շերտը կարելի է հեշտությամբ հեռացնել այսպես. լվանալ օճառաջրով, հետո սրբել անուշադրի սպիրտի եւ ատամի փոշու (կավճի) խառնուրդով, որից հետո լվանալ տաք ջրով եւ սրբել:

Արծաթյա եւ արծաթաջրած իրերը կարելի է լվանալ նաեւ տաք օճառաջրի եւ անուշադրի սպիրտի լուծույթով (1 լ ջրին` 1 ճաշի գդալ), հետո լվանալ մաքուր ջրով եւ սրբել փափուկ կտորով:

Մարգարիտ

Մարգարիտները «ծերանալով» «մահանում են»՝ քայքայվում եւ փոշիանում։

Լողանալիս, խոհանոցային աշխատանքների ժամանակ եւ շոգ եղանակներին մարգարտյա մանյակները պետք է հանել։ Մարգարիտի վրա բացասաբար են ազդում նաեւ գեղահարդարման միջոցները։

Ուսումնասիրությունները պարզել են, որ մարգարիտը կարող է գոյատեւել 100-150 տարի։ Փաստեր կան նաեւ, որ որոշ մարգարիտներ ապրել են մի քանի հարյուր տարի։

Մարգարիտ առաջացնող խխունջներն ապրում են քաղցրահամ ջրային ավազաններում։ Խխունջի ներսն ընկած ավազահատիկը «անհանգստություն է» պատճառում նրան, եւ խխունջը ավազահատիկի շփումից խուսափելու համար այն պատում է սադափանյութով, որը կամաց-կամաց ավելանալով՝ վերածվում է մարգարտահատիկի։

Ամենալավ մարգարիտները, որոնք նուրբ վարդագույն երանգ ունեն եւ զգալի մեծություն (մի քանի միլիմետրից մինչեւ 1-1,5 սմ), հանվում են Պարսկական ծոցի շրջանից։