Այսօր Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինս հանդիպումներ է ունենալու ՀՀ բարձրաստիճան ղեկավարների հետ: Բացի այդ, Բրայզան մեկնելու է նաեւ Ստեփանակերտ,
հետո` Բաքու: Նկատենք, որ վերջին շրջանում համանախագահները տարածաշրջան այցելելիս Ստեփանակերտ չէին գնում` պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը, եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպում էին Երեւանում: Սակայն այս անգամ կարծես Բրայզան որոշել է «հալեցնել սառույցը»: Նշենք, որ որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ պատրաստվում են ընդդեմ Բրայզայի բողոքի ակցիա կազմակերպել: Այս առնչությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե ՀՀ հյուրերն անհրաժեշտ չափով պաշտպանված են, եւ ինքը չի կարծում, թե որեւէ մեկը Բրայզայի դեմ որեւէ քայլ կիրականացնի: