ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաջին փոխնախագահ, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ՆԱՏՕ-ի խմբի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վախիտ Էրդեմը Վեհաժողով է ուղղել երկրորդ դիմումը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով: Այդ մասին թուրքական ԱՊԱ գործակալությանը հաղորդել է Վախիտ Էրդեմը: «Ինձ վիրավորելու համար Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով առաջին անգամ ես դիմում եմ հղել Վեհաժողովին հունիսին: Տ. Թորոսյանն իր հերթին նույնպես իմ մասին դիմում է ներկայացրել Վեհաժողովին: Ես Վեհաժողովի նախագահի ստորագրությամբ նամակ եմ ստացել այդ մասին եւ երեկ ուղարկել բողոքի իմ երկրորդ դիմումը: Վաղը ես մանրամասն պարզաբանում կներկայացնեմ այդ առնչությամբ»,- ասել է փոխնախագահը: Նշենք, որ հունիսի կեսերին Վ. Էրդեմի գլխավորած ՆԱՏՕ ԽՎ 20 հոգանոց պատվիրակությունը գտնվում էր Երեւանում: ՀՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ Վ. Էրդեմը հերքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները: