Երկնագույն վառելիքի գնի բարձրացման միտում նկատվում է ոչ միայն ԱՊՀ երկրներում: Որ 2005-ին այն կվաճառվի նոր սակագներով, պարզ է բոլորին, իսկ թե այդ թանկացումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, խնդրեցինք մեկնաբանել «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պետ Շ. Սայադյանին: Նա նշեց, որ այս պահին Հայաստանը Թուրքմենիայից 1000 խմ գազը գնում է 55 ԱՄՆ դոլարով: Հետագա թանկացումը կարելի է համարել իրողություն, սակայն նոր գինը դեռեւս պարզ չէ: Գազի թանկացումը կանդրադառնա տնտեսության բոլոր ոլորտներին, եւ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները: Այլընտրանքային՝ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտը հեռու է, եւ առաջիկա տարիներին ստիպված կլինենք գազը գնել միջազգային շուկայի թելադրած գներով: Համեմատության համար նշենք, որ ավելի էժան գնով գազ ԱՊՀ երկրներից գնում են Բելառուսը եւ Ադրբեջանը, երկուսն էլ՝ Ռուսաստանից՝ համապատասխանաբար 1000 խմ-ի համար վճարելով 47 եւ 52 ԱՄՆ դոլար: