Աղվան չզբաղվել պոլիտիկա

01/08/2006

Օրերս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե ի տարբերություն Արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո լրագրողներն Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցին` Դ. Հարությունյանն ի պաշտոնն իրավունք ունի՞ զբաղվել քաղաքականությամբ, թե՞ ոչ: «Արդարադատության նախարարի պաշտոնը, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, կարծեմ չի արգելում նրան զբաղվել քաղաքականությամբ»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը: Եվ խորը հոգոց հանելով`հավելեց, թե ինքն արդեն հոգնել է իր` քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու վերաբերյալ հարցին անընդհատ պատասխանելուց: «Իմ ընկերներից մեկը` Վահրամ Բաղդասարյանը շատ լավ հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ գլխավոր դատախազը բազում անգամներ նշել է, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Բայց, չգիտեմ ինչու, ոմանք ավանակի համառությամբ ուզում են գլխավոր դատախազին ներքաշել քաղաքականության մեջ»,- հայտարարեց դատախազը` ընդգծելով, որ դրանք ոչ թե իր խոսքերն են, այլ Վ. Բաղդասարյանինը: «Ես չեմ ցանկացել, չեմ էլ ուզում զբաղվել քաղաքականությամբ, եւ օրենքն ինձ արգելում է զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքականությամբ զբաղվելը քաղաքական գործիչների խնդիրն է, իսկ ես արդեն 33 տարի աշխատում եմ Դատախազությունում: Ոչ մի օր ուրիշ ոչ մի տեղ չեմ աշխատել: Թեեւ հասարակական գործունեությամբ զբաղվել եմ մշտապես եւ շարունակելու եմ զբաղվել»,- ասաց ՀՀ-ում շուրջպարի եւ ծառատունկի ամենալավ մասնագետը: