Մի քանի տարի է, ինչ ՀՀ Գլխավոր դատախազության եւ Արդարադատության նախարարության հարաբերությունները լարված են: Համենայնդեպս, այդ մասին շրջանառվող լուրերը երբեք չեն դադարել: Այս ողջ ընթացքում այդ լարվածությունն արտահայտվել է միմյանց հասցեին ակնարկված մեղադրանքներով:
Գլխավոր դատախազություն-Արդարադատության նախարարություն լարված հարաբերությունների ականատեսը եղանք նաեւ երեկ` Դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ: 2006թ. առաջին կիսամյակում մեղադրանքի պաշտպանության ոլորտի աշխատանքներն ամփոփելիս, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե դատարանների ու դատախազության միջեւ կա «լուռ» մրցակցություն-պայքար՝ թե ո՞ւմ դիրքորոշումն է օբյեկտիվ, հիմնավորված, իրավաբանորեն ճիշտ որակված: «Ոչ միայն չեմ բացառում, այլեւ հաստատում եմ, որ մի շարք դեպքերում մեղադրանքի կողմի փաստարկները դատարանում թույլ են եւ խոցելի, արարքներին տրված գնահատականները` թերի, որակումները` սխալ, նախաքննության ընթացքում տեղ են գտել դատավարական նորմերի պահանջներից շեղումներ եւ այլն: Նման դեպքերում, որպես կանոն, մենք ընդունում ենք մեր սխալները եւ համաձայնում ենք դատարանի պատճառաբանված որոշման հետ: Մեղավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Սակայն, սակավ չէ, երբ դատական ատյանի վճիռն ու որոշումը չի տեղավորվում ոչ միայն օրենքի, այլեւ մեր գիտակցության շրջանակներում, չի դիմանում ոչ մի քննադատության ու տրամաբանության: Եվ դու պարտավոր ես դրա հետ հաշտվել, որովհետեւ վճիռն արդեն օրինական ուժ է ստացել եւ քո բողոքները վերադաս ատյանում նախ` ամիսներով չեն քննում, հետո էլ` անհեթեթ պատճառաբանություններով մերժում են: Նման դեպքերում մեզ մի ելք է մնում` հարցի քննարկումը դուրս բերել ընդունված օրենսդրական ընթացակարգերից եւ դրանք բարձրացնել այլ ատյաններ»,- դատարանների, ասել է թե` Արդարադատության նախարարության հասցեին այսպես արտահայտվեց Գագիկ Ջհանգիրյանը: Նրա այս հայտարարություններին գլխով հավանության նշան էին տալիս նաեւ շարքերում նստած դատախազները:
Սպանությունները գնալով շատանում են
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեց նաեւ իրենց 2006թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները: Նկատենք, որ Դատախազության հրապարակած վիճակագրության արդյունքում բավական տխուր պատկեր է ստացվում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ՀՀ-ում շուրջ 10 տոկոսով ավելացել են հանցագործությունները: Հատկապես շատացել են սպանություններն ու սպանության փորձերը, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, թմրամոլությունն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Սակայն երեկ Աղվան Հովսեփյանը` մեր հարցին ի պատասխան, ասաց, թե, այնուամենայնիվ, մեզ մոտ հանցավորության թիվը բավական պակաս է: «Եթե համեմատում ենք ԱՊՀ, եվրոպական շատ երկրների հետ, ապա մեզ մոտ հանցավորության մակարդակն էապես ցածր է: Եվ սա մեր հասարակության ձեռքբերումն է: Մեր մայրաքաղաքով շրջում եք ամենուր եւ տեսնում եք, որ անդորր կա, հասարակական կարգ ու կանոն կա, որ պահպանվում է: Սա մեր ձեռքբերումն է»,- ասաց պարոն Հովսեփյանը: Իհարկե, այդ նույն հասարակական կարգ ու կանոնի պայմաններում` վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչված վայրում տեղի ունեցած հրաձգության արդյունքում պատահական զոհ դարձավ անցորդներից մեկը` Կարինե Սարգսյանը: Բայց սա կարծես պարոն Հովսեփյանին այնքան էլ չի հուզում: Եվ մի երկրում, որի գլխավոր դատախազը զբաղվում է շուրջպար ու ծառատունկ կազմակերպելով, հանցագործությունների այսպիսի մակարդակն իսկապես նորմալ պետք է համարել:
Ի դեպ, քանի որ խոսք գնաց Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած սպանության մասին, երեկ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նորություններ կան այդ քրեական գործի քննությունից: «Առաջին օրվանից առ այսօր ամենաակտիվ օպերատիվ-որոնողական-քննչական աշխատանքներ են կատարվում: Տուժողի անձը շատ ակտիվ էր. ակտիվ գործունեություն էր ծավալել` կապված եւ իր պաշտոնական դիրքի հետ, եւ հասարակական, եւ բիզնեսի առումով: Սրա հետ կապված բազմաթիվ վարկածներ են առաջադրվել քրեական գործով: Այս վարկածները զուգահեռ ստուգվել են, անգամ ամեն մի վարկածը ստուգելու համար քննչական խմբի մեջ ենթախմբեր են ստեղծվել: Հիմա վարկածների շրջանակներն էապես սահմանափակվել են, աշխատանքները շարունակվում են: Բայց, հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը, մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- իրենց կատարած «ահռելի» աշխատանքը ներկայացրեց Աղվան Հովսեփյանը` հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, հանցագործությունը շուտ կբացահայտվի: Ի դեպ, օրերս ազատ է արձակվել սպանությունից հետո ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Ստեփան Հակոբյանը. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին, ում կասկածում էին Ս. Զատիկյանի սպանության մեջ: Ա. Հովսեփյանը, որքան էլ տարօրինակ հնչի, Ս. Հակոբյանի ազատ արձակելը համարում է ճիշտ: «Քննության ներկա փուլում նպատակահարմար գտավ քննիչը, որ պետք է փոխել խափանման միջոցը, եւ ես դրա հետ համաձայնվեցի»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը: Թե ինչո՞ւ է նա համաձայնել այդ որոշման հետ, այդպես էլ չմանրամասնեց: Բայց հարկ է նկատել, որ Ա. Հովսեփյանի նման որոշումն առնվազն տարօրինակ է, երբ սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ կասկածվողի նկատմամբ կալանքը խափանման միջոց չեն կիրառում, իսկ ահա «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, արդեն մեկ ամիս է, ձերբակալել են: Եվ «ամենաարդար» դատարանն անգամ չբավարարեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Թեեւ նա վաղուց ի վեր խոստովանել է իր մեղքը եւ չի պատրաստվում «ծլկել» իրավապահներից:
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերը: Եթե 2005-ի առաջին կիսամյակին գրանցվել է 5 դեպք, ապա այս տարի` 11 դեպք: Ու սա` այն դեպքում, երբ կոռուպցիայի մակարդակը մեզանում գնալով ավելի ու ավելի է մեծանում: «Գոյություն ունեն հանցագործություններ, որոնց վիճակագրական տվյալները բնականաբար չեն արտահայտում այն պատկերը, որ կա այդ հանցատեսակների մակարդակի առումով: Դա վերաբերում է կաշառակերությանը, թմրամոլությանը»,- ասաց
Ա. Հովսեփյանն` ավելացնելով, որ արձանագրված թվերն իրական պատկերի չնչին տոկոսն են կազմում: Այսինքն` սրանով Աղվան Հովսեփյանը եւս անուղղակիորեն հաստատեց հասարակության մեջ առկա այն կասկածները, որ մեզանում կոռուպցիան ահռելի չափերի է հասնում, իսկ համապատասխան մարմինները կամ չեն ուզում, կամ էլ ի վիճակի չեն պայքարելու դրա դեմ: