Փչացնելու են սեւ փողերն ու քվեաթերթիկները

01/08/2006

«Նորմալ երեւույթ է, երբ անկախ պետության մեջ որեւիցե քաղաքական ուժ ձգտում է ստանձնել հեգեմոնի դեր: Ստացվում է, թե ոչ, դա արդեն այլ հարց է, բայց տղաները ոնց որ թե փորձ են անում` դառնա հեգեմոն»,- անդրադառնալով Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կուսակցականացմանը, երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` ավելացնելով, թե երկրի պատասխանատվությունը, հեգեմոնի դերը ստանձնելու հետ մեկտեղ, ճիշտ կլիներ, եթե Հանրապետականները նշեին նաեւ, թե ինչպես են պատկերացնում երկրի առաջ կանգնած խնդիրների` կոռուպցիայի, Ղարաբաղի հակամարտության, ընտրությունների արդարության լուծումները: ՀՌԱԿ ատենապետն ազնվություն է համարում, որ ՀՀԿ-ը հայտարարում է 20-22 տոկոս ձայնի ակնկալիքի մասին: «Փաստորեն օգտագործվելու են լծակներ: Իսկ մեզ մոտ, տեղերում, կարծում եմ, կան բիրդան աղաներ, որոնք թքած ունեն ընդհանուր Հայաստանի իմիջի վրա, իրենք տեղում իրենց թագավոր են զգում, եւ ամեն մեկին թվում է, թե իրենց ոչ ոք չի տեսնում, եւ անում են այն, ինչ անում են ընտրությանը, առանց հասկանալու, որ վերջում Հայաստանի մասին դրսում պատկերացում են կազմում, եւ միջազգային կառույցներն իրենց գնահատականը տալիս են ընտրությանը: Դրա համար չեմ կարծում, որ իշխանություններն ուժեղ են եւ տեղերում տիրապետում են իրավիճակին, քանի որ տեղերում այնպիսի մի մրցավազք է սկսվում, եւ դա արդեն ավանդույթ է դարձել, ով ավելի շատ տոկոս կնվիրի իշխանությանը»,- ասում է ՀՌԱԿ ատենապետը: ՀՌԱԿ-ն արդեն մի քանի տասնյակ տարբերակ է նախատեսել` հակահարված տալու ընտրակեղծարարներին, մասնավորապես` տվյալ տեղամասերի ընտրությունները չեղյալ համարելու համար: Ավելին` ըստ Հ. Առաքելյանի, իրենք նման դեպքերում դիմելու են ծայրահեղ քայլերի: «Դրա համար էլ մենք` ռամկավարներս, պարզ ասում ենք, որ եթե նույնիսկ դա որակվի որպես խուլիգանական արարք, մենք այդ քայլին գնալու ենք»: Իսկ ռամկավարները որոշել են «փչացնել քվեաթերթիկներն ու այդ սեւ փողերը, որ կոռուպցիայի արդյունքում գոյացրել են եւ, որպես բիզնես ներդրում, բիզնես պլան` իրականացնում են քաղաքականության մեջ»:

Սեփ.լր.