Բանկերի ներգրաված միջոցների մեջ, ինչպես նախկինում, ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ցպահանջ պարտավորությունները (41,1%): Սա, թերեւս, կարելի է բացատրել նրանով, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք խուսափում են ժամկետային ավանդներից, քանզի ՀՀ անկանխատեսելի տնտեսության պայմաններում յուրաքանչյուր ոք ցանկացած պահի կարող է կանխիկ դրամական միջոցների կարիք ունենալ: Ընդ որում, իրավաբանական անձանց ժամկետային ավանդները վերջին 3 ամիսներում 15,9%-ով նվազել են: Փոխարենը, 27,7%-ով աճել են բանկերի պարտավորություններն այլ բանկերի (ներառյալ` ԿԲ-ի) եւ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ:
Բանկերի ակտիվների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն (24,6%) ունեն իրավաբանական անձանց տրամադրված վարկերը: Սակայն մարտ ամսվա համեմատ` 11,4%-ով աճել են նաեւ ֆիզիկական անձանց տրված վարկերը: 3 ամսում հայաստանյան բանկերն իրենց հետ կապված անձանց եւ աշխատակիցներին տրամադրել են 5 մլն 676 հազար դրամի վարկ: Փաստորեն, բանկային վիճակագրությունն այս անգամ եւս հաստատում է այն տեսակետը, որ եթե ՀՀ բանկերը վարկ չտրամադրեն, ապա կսնանկանան: Դա պայմանավորված է ֆինանսական ինստիտուտների բացակայությամբ, թեեւ շատերը փորձում են համոզել, որ դրանք պարզապես լավ զարգացած չեն: Բանկերը, մյուս տնտեսվարող սուբյեկտների նման, եւս հնարավորություն չունեն, օրինակ, կորպորատիվ արժեթղթերում ներդրումներ անել: Բաժնետոմսերի շուկա Հայաստանում, ըստ էության, գոյություն չունի: Դա է պատճառը, որ առեւտրային բանկերի ակտիվների կառուցվածքում «լիզինգ, ֆակտորինգ», «այլ արժեթղթեր», «այլ ակտիվներ» տողերում շատ փոքր թվեր են նշված:
Վարկերի կառուցվածքում ամենամեծ բաժինն ընկնում է սպառողական վարկերին` 26,6%, 21,3%-ն` առեւտրին, 19,4%-ն` արդյունաբերությանը, իսկ 7,7%-ը հիփոթեքային վարկերն են: Այս առումով, բանկային համակարգը, որն իրականում պետք է իր ցուցանիշներով արտահայտեր երկրի տնտեսական աճը, գտնվում է ոչ ճիշտ ուղու վրա: Այսինքն, սպառողական եւ առեւտրին տրամադրվող վարկերը չեն խթանում տեղական արտադրությունը: Եթե ՀՀ տնտեսության տարեկան աճի տեմպը սովորաբար 10-14% է կազմում, դա նշանակում է, որ այս գործին բանկերը քիչ մասնակցություն ունեն, նրանք մնացել են ստվերում: Բայց եթե բանկային համակարգը շարունակի այս ուղղությամբ զարգանալ, ապա մի քանի տարի հետո, երբ արտասահմանից եկող ներդրումների հոսքը նվազի, տնտեսության երկնիշ աճ ապահովել չենք կարողանա: Դա պետք է անեն բանկերը:
Իհարկե, վերջիններիս մեղավորությունն այդքան էլ մեծ չէ: Ինչպես նշեցինք, բանկային ավանդների ավելի քան 40%-ը ցպահանջ են: Այսինքն, բանկերն իրականում չգիտեն, թե այդ փողերի տերերը որ պահին կգան դրանց ետեւից, ուստի չեն կարող դրանցով երկարաժամկետ վարկեր տրամադրել: Իսկ արտադրությանն ուղղվող վարկերը հիմնականում մարման երկար ժամկետ են պահանջում:
Նկատենք, որ առեւտրային բանկերի եկամուտները ձեւավորվել են հիմնականում տոկոսներից: Հունիսի 30-ի դրությամբ` զուտ տոկոսային եկամուտները կազմել են 14 մլն 300 հազար դրամ, այն դեպքում, երբ բանկերի ոչ տոկոսային ծախսերը 4 մլն 658 հազար դրամով գերազանցել են ոչ տոկոսային եկամուտները: ՀՀ ողջ բանկային համակարգում ձեւավորվել է ընդամենը 8 մլն 221 հազար դրամի շահույթ, ինչը մտահոգիչ փաստ է թվով 21 ֆինանսական կաույցների համար: