Գագասի կոշիկների մասին գիտեն ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Նրա ստեղծած կոշիկներն այսօր էլ հագնում են ռուսական եւ արտասահմանյան էստրադայի շատ աստղեր, դերասաններ: Նրա կոշիկները դասվում են Art Shoes-ի շարքում: Գագասը` նույն ինքը` Գարեգին Ուստյանը, նույն ինքը` Giallucca Gassini-ն, պատմում է իր, արվեստի, կոշիկի, նորաձեւ կոշիկի ու իր նախապատվությունների մասին:
– Քո կոշիկները դասվում են ART- կարգի: Ինչպե՞ս ես հասարակ կոշիկից հասել արվեստի ստեղծագործության:
– Ավելի ճիշտ՝ արվեստից եմ եկել կոշիկին: Դպրոցից հետո սովորել եմ Հ. Կոջոյանի անվան ուսումնարանում` նկարչության բաժնում: Ընդունվել եմ Մոսկվայի Թեթեւ արդյունաբերության ինստիտուտը, որտեղից ինձ հեռացրին «ազատախոհության» համար: Ահավոր չէի սիրում «կալոշներ» մոդելավորել: Ծառայել եմ բանակում: Հետո հեռակա սովորել եմ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Սկսեցի աշխատել կոշիկի «Մասիս» գործարանում: Սովորեցի բոլոր արհեստները` կոշիկի մոդելավորումից մինչեւ կարելը: Հասա մինչեւ ֆաբրիկայի գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնին: Աշակերտել եմ Իրանից, Հունաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Սիրիայից ներգաղթած վարպետների մոտ: Նրանցից սովորել եմ ձեռքի աշխատանքի բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները: Ու որովհետեւ նկարչական կրթություն էի ստացել, սկսեցի իրականացնել իմ գաղափարները:
– Ե՞րբ հասկացար, որ կոշիկի դիզայնով զբաղվելը քո գործն է:
– Ֆաբրիկայում աշխատելիս: Իմ սեղանին միշտ շատ էսքիզներ, ճեպանկարներ կային: Երբ դուրս էի գալիս սենյակից, հետ գալով տեսնում էի, որ դրանք չկան: Սկզբում դրան ուշադրություն չէի դարձնում, հետո հասկացա, որ դրանք ինչ-որ մեկին պետք են գալիս, սեղանիս վրայից էսքիզներս անհետանում էին: Սկսեցի լրջորեն զբաղվել մոդելավորմամբ: Մի հետաքրքիր դեպք եղավ. Սովետի ժամանակ մեր պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում էր կոշիկի ցուցահանդեսին: Այնտեղ իտալացիները ներկայացրել էին կոշիկի տարբեր մասեր: Ցուցադրության ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ վաղն իր աղջկա հարսանիքն է, բայց ոչ մի տեղից չի կարողանում սպիտակ կոշիկ ճարել:Հարցրի ոտքի համարը ու ասացի, որ տեղում այդ ցուցահանդեսում ներկայացված իտալական մասերից կոշիկ կհավաքեմ: Կոստյումով ու փողկապով անցա գործի: Բոլոր ներկաները, իտալացիներն էլ՝ հետները, որոնք կարծում էին, թե այդ կոշիկը պիտի կարվի կոնվեերի վրա, ինձ ծափահարեցին: Հետեւություններն ինքս արեցի:
– Երկար ժամանակ դու քո կարած կոշիկների վրա ստորագրում էիր կեղծանունով` Giallucca Gassini: Հետո նորից վերադարձար Գագասին: Ինչի՞դ էր պետք «իտալիզացիան»:
– 1995-ից ստիպված էի «իտալական» կեղծանունով աշխատել, որովհետեւ մարդիկ չէին հավատում, որ դա հայկական կոշիկ է: Եթե անգամ հավատային, չէին առնի: Ստիպված էի այդպես անել, որ կոշիկները շուկայում մրցունակ լինեին: Հայերը «յառլիկ» շատ են սիրում, որ ասում ես՝ հայկական է՝ խուսափում են: Giallucca Gassini անունի մեջ դիտավորյալ ուղղագրական սխալ էի արել: Բայց երրորդ, չորրորդ զույգից հետո հաճախորդներս գլխի ընկան, որ իմ կոշիկն է: Արդեն անիմաստ էր թաքցնելը: Հիմա իմ կոշիկների վրա գրված է՝ «Made in Armenia» «Gagas»:
– Ի՞նչ նյութերով ես աշխատում:
– Կաշի, մետաղ, ձեռքիս տակ եղած ցանկացած նյութ: Ինձ հետ աշխատում են 46 մասնագիտությունների տեր մարդիկ` սկսած փականագործից ու խառատից՝ մինչեւ զինագործ ու պոլիգրաֆիստ:
– Կոշիկի հետ զինագործն ի՞նչ գործ ունի:
– Հիմա նրանց հետ կրունկներ ենք սարքում հատուկ նյութից, որը շատ բարակ է, ամուր ու դիմացկուն:
– Վերջին ժամանակներում քո գործերի մեջ դու օգտագործում ես նոր տեխնոլոգիաներ՝ կաշվի վրա ձեռքով նկարում ես հատուկ ներկերով:
– Ներկերի մի մասը ֆրանսիական է: Երկար ժամանակ ես ուսումնասիրել եմ Մատենադարանի հին ձեռագրեր, որտեղ նկարագրվում են 5-6-րդ դարերի մանրանկարչության տեխնոլոգիաները: Դա օգնեց դարձնել կաշին ավելի դիմացկուն ջերմաստիճանի տատանումների, ֆիզիկական, մեխանիկական ու քիմիական ազդեցությունների նկատմամբ: Դրանք մեղրից ու խոտաբույսերից պատրաստված հատուկ էքստրակտներ են, որոնցով կաշին մշակման է ենթարկվում:
– Քո կարծիքով՝ ի՞նչ պիտի իմանա ու կարողանա կոշիկի լավ մոդելավորողը:
– Նորաձեւությունը բազմաշերտ հասկացություն է: Ես կարծում եմ, որ լավ մոդելյորը պիտի իմանա աշխարհագրություն, պատմություն, ճարտարապետություն, երաժշտություն, տարբեր ժողովուրդների մշակույթը, որ կարողանա հասկանալ, թե ի՞նչ գունային գամմա, ի՞նչ գծեր են այդ երկրում արդիական եղել այս կամ այն պատմական ժամանակաշրջանում եւ միայն հետո ավելացնի իրենը՝ նորը, ավանգարդը: Կոշիկը պիտի համակված լինի ինտելեկտով: Նույնիսկ, եթե վերցնենք որեւէ էթնիկ ուղղություն, այն նույնպես պիտի սերտ կապված լինի ավանգարդի հետ: Էքսկլյուզիվ գործերում կա մի քանի գաղափար՝ գեղարվեստական միտք, գումարած՝ գունային գամման, որը ներդաշնակ է կոնկրետ անհատի, այսինքն՝ պատվիրատուի ներաշխարհի հետ: Լավ կոշիկն արդեն իսկ լավ տրամադրություն է: Մարդու իմիջը սկսվում է կոշիկից. կոշիկը ոչ թե լրացնում է հագուստը, այլ դրանից է սկսվում ամեն ինչ:
– Ո՞ւմ համար ես նախընտրում կարել՝ կանա՞նց, թե՞ տղամարդկանց:
– Իհարկե կանանց: Նրանք սիրում են փորձարկումներ անել: Իսկ տղամարդիկ ավելի պահպանողական են, գոնե Հայաստանի տղամարդիկ: Կանայք ասում են.«Արա այնպես, ինչպես հարմար ես գտնում»: Իսկ տղամարդիկ սահմանափակումներ են դնում: Ահավոր չեմ սիրում 3 արտահայտություն՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է», «Մենք էլ ենք բան հասկանում դիզայնից» ու «Ճաշակին ընկեր չկա»:
– Դու հիմնականում էքսկլյուզիվ մոդելներ ես անում: Ինչո՞ւ լայն սպառման կոշիկ չես կարում:
– Շատ մարդիկ կան, որոնք դրանով զբաղվում են, ես չեմ ուզում լրացնել նրանց շարքերը: Ես ստեղծագործող եմ, նկարիչ:
– Շատ եմ լսել հայաստանցի, ռուսաստանցի ու արտասահմանցի հայտնի մարդկանց մասին, որոնք հագնում են քո կարած կոշիկները: Ասում են՝ նույնիսկ Շերն է հագնում, այժմ՝ նաեւ Կ. Օրբակայտեն, Վալերիան, տիկին Միխալկովան եւ էլի շատ հայտնի անուններ:
– Իմ էքսկլյուզիվ կոշիկները վաճառվում են Բեւեռլի Հիլզի հայտնի Rodeo Drive փողոցում գտնվող 2 խանութներում, ես չգիտեմ, թե աստղերից կոնկրետ ո՞վ է դրանք գնում: Իմ հաճախորդները տարբեր են՝ սկսած աստղերից՝ մինչեւ մի քանի երկրների առաջին տիկնայք: Ինչ վերաբերում է Շերին, այո, ես նրա համար հատուկ կոշիկ եմ կարել ու փոխանցել ծանոթներիցս մեկի միջոցով, երբ Շերը եկել էր Երեւան:
– Հաճախ կարելի է լսել, որ քո կոշիկները թանկ արժեն:
– Այն, ինչ ես անում եմ, լավ եմ անում: Գինը որոշվում է՝ կախված կոշիկի վրա ծախսված ժամանակից, յուրաքանչյուր մոդելի առանձնահատկությունից: Ես սովորաբար հարցնում եմ, թե ինչ գումարի սահմանում պիտի լինի պատվերը: Հաճախ տարբեր երկրներից հարուստ հաճախորդներ են գալիս ու իմանալով, որ կոշիկները կարվում են Հայաստանում, ասում են, որ նույն գնով կարող են գնել իտալականը: Միգուցե, բայց նրանց ոչ ոք չի ստիպում: Ավելի լավ է նվիրել, ինչպես նկարիչն է նվիրում իր նկարները, քան թե գինը գցել: Թե չէ դուրս է գալիս, որ ես ինքս ինձ չեմ հարգում, իմ աշխատողներին չեմ գնահատում:
– Դու պրոֆեսիոնալ մրցույթներին երբեւէ մասնակցե՞լ ես:
– Միայն ԽՍՀՄ-ի ժամանակ: Եղել եմ Դյուսելդորֆում ու Մոսկվայում:
– Դու մի քիչ այլ կերպ ես աշխատում հաճախորդների հետ, փորձում ես ավելի շատ բան իմանալ նրանց մասին, հասկանալ նրանց ոճը:
– Էքսկլյուզիվ մոդել անելու համար չափսերը վերցնելը քիչ է: Ես զրուցում եմ հաճախորդի հետ, պարզում եմ, թե ի՞նչ երաժշտություն է սիրում, ի՞նչ մասնագիտություն, ոճ ունի, մեքենա քշո՞ւմ է, թե՞ չէ…Հետո միայն սկսում եմ կարել: Ես աշխատում եմ նաեւ Ինտերնետի միջոցով, հատուկ աղյուսակ ունեմ, որի միջոցով չափսեր եմ վերցնում: Եթե E-mail-ով պատվեր եմ ստանում, հաճախորդից խնդրում եմ ուղարկել իր նկարը՝ ոտքից գլուխ, ցանկալի է՝ գունավոր: Հետո ուղարկում եմ էսքիզները, որոնցից նա ընտրում է:
– Դժվար չէ՞ Հայաստանում զբաղվել art shoes-ով:
– Դժվար է: Շուկա չկա: Ստիպված եմ ինքս իմ գործի մեջ ներդրումներ անել: Ինձ հաճախ են հրավիրում տարբեր երկրներում աշխատելու, բայց ես գերադասում եմ այստեղ աշխատել. հարազատ պատերը կարծես ջերմացնում են ու տրամադրում: Բայց շատ վիրավորական է, երբ ինձ մոտ կոշիկ են պատվիրում ու հետո ասում, որ այս կամ այն հայտնի ֆիրմայինն է, օրինակ՝ Գուչչի եւ այլն: Կարծում եմ, որ դա ուղղակի հայկական բարդույթ է: Իմ մոդելների վրա գրված է Gagas, ու ես դրանով հպարտանում եմ:
Հ.Գ. Այսօր արդեն Գագասի հետ համագործակցում է միջազգային մի հանրահայտ ընկերություն, որի մասին կխոսենք մեր հաջորդ համարներից մեկում:
Մինչեւ ծունկը հասնող երկարաճիտ կոշիկներն ընդամենը 260 գրամ են կշռում: