ԺՈՒԿ-ը խաղեր է տալիս

01/08/2006

ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը, որ իրեն քաղաքական կանխատեսումներ անելու գործում համարում է քիչ թե շատ հաջողակ, երեկ հայտարարել է, թե մինչեւ ԱԺ ընտրություններ ՀՀԿ-ն գրեթե ամբողջությամբ կանցնի Սերժ Սարգսյանի տիրապետության տակ: Բացի այդ, նա համարում է, որ ՀՀԿ Խորհրդի նախագահ պետք է լիներ ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Տիգրան Թորոսյանը: «Պատկերացնո՞ւմ եք, երկրի երկրորդ դեմքը հիմա պետք է նստի մի սեղանի շուրջ, որտեղ նստելու են կիսակրիմինալ, քաղաքականությունից չհասկացող Խորհրդի անդամներ: Նստելու է` հավասարը հավասարի հետ, որոնցից մի քանիսի հետ ես փողոցում կամաչեմ քայլել: Հավասարը հավասարի հետ քաղաքական հարցեր են քննարկելու, եւ Տիգրան Թորոսյանը` լինելով երկրի երկրորդ դեմք, փաստորեն, քաղխորհրդում ենթարկվելու է Սերժ Սարգսյանին: Ուղղակի իմ գլխի մեջ չի տեղավորվում սա: Կամ Տիգրան Թորոսյանը, շատ կներեք, տկար է, կամ էլ, ուղղակի, չգիտեմ: Ես իրեն համարում եմ ազնվագույն մարդ, կուսակցության գաղափարները կրող… ինչպե՞ս է ինքը տանելու այդ ամենը, չեմ պատկերացնում, կգա ժամանակը, կտեսնենք»,- Տ. Թորոսյանի համար ափսոսանք է հայտնել Մ. Գասպարյանը: ԺՈՒԿ նախագահի հաշվարկներով, ՀՀԿ խորհրդում Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ազդեցությունը 50/50 է, բայց, ըստ նրա, այս ընթացքում Ս. Սարգսյանը «նյութական միջոցներով իր կողմը կգրավի» ՀՀԿ Խորհրդի անդամների զգալի մասին: «Շատ հնարավոր է` մինչեւ ընտրություններ քաղխորհուրդը 70-75 տոկոսով դառնա Սերժ Սարգսյանի սեփականությունը,- ասաց նա ու հետո ինքն իրեն ուղղեց: -Ես գտնում եմ, որ ինչ-որ տեղ այդպես չէ, որովհետեւ ես հարգում եմ իսկական հանրապետականներին, բայց Սերժ Սարգսյանն ուղղակի գնեց Հանրապետական կուսակցությունը»:

Իսկ ինչ վերաբերում է ներիշխանական կուլիսներում քննարկվող Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան տարաձայնություններին, ապա, ԺՈՒԿ նախագահը վստահեցնում է, որ նրանց միջեւ որեւէ հակասություն չկա, իսկ հակառակը մտածողներին նա համարում է «չարաչար սխալվողներ»: «99 տոկոսով ոչ մի տարաձայնություն իրենց մեջ չկա: Ուղղակի Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը սկզբնական շրջանում հովանավորելով եւ ստեղծելուն հավանություն տալով` Ռոբերտ Քոչարյանը ներքուստ մտածել է, որ ժողովուրդն այսօր լիդեր է ման գալիս, իսկ Գագիկ Ծառուկյանն այսօր ժողովրդի մեջ այդքան էլ որպես վատ կերպար չէ նստած: Հետագայում էլ մտածել է, որ հնարավոր է` այն շատ մեծ կառույց ստացվի, որը հետո, իր նախագահ չլինելուց հետո, կարող է եւ շատ վատ վերջանա: Այսինքն` նա չվստահեց Ծառուկյանին, դրա համար ստեղծեց ՀՀԿ-Սերժ Սարգսյան միավորումը»,- ասում է Մանուկ Գասպարյանը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ռ. Քոչարյանը ստեղծեց ԲՀԿ-ն, ԺՈՒԿ նախագահն ասաց. «Իմ կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը պաստավկա է անում նաեւ գործարար Գագիկ Ծառուկյանին: Որովհետեւ, եթե հանկարծ իշխանափոխություն եղավ, եւ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց այն, ինչ ինքը ցանկանում է իր ձեռքում պահել, Գագիկ Ծառուկյանը կարող է շատ շուտ, վերարտադրվող իշխանության կողմից պատժվել: Սա պետք է Գագիկ Ծառուկյանը նաեւ իր ականջին օղ անի: Գուցե ինքն ինձանից լավ է սա հասկանում, չգիտեմ»,- ասաց Մ. Գասպարյանը:

Փաստորեն, Մանուկ Գասպարյանն իրականում դաշնակիցներ է փնտրում նաեւ այս երկու կուսակցություններում: Եվ նրա այն հայտարարությունը, թե ինքն ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսի հետ է պատկերացնում իր համագործակցությունը, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: ԺՈՒԿ-ի Մանուկին ճանաչողներից մեկը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նա ցանկանում է իր տարաբնույթ ու «ոչ շաղկապված» հայտարարություններով «ջուրը պղտորել, որպեսզի կարողանա այնտեղից իր համար ձուկ բռնել»: Բացի այդ, ամենեւին էլ պատահական չէր նաեւ նրա մեկ այլ հայտարարությունը, թե` «Եթե հնարավոր ընդդիմադիր դաշինքը լինելու է այնպես, ինչպես «Արդարությունն» էր, ապա ավելի լավ է չլինի», որով նա «ձեռքի հետ» քար գցեց նաեւ ընդդիմության բոստանը` թերեւս հույս ունենալով, թե դա դուր կգա իշխանություններին ու իր ուզած «ձուկը» կբռնի:

Սեփ.լր.