Մինչ իշխանական թեւերում աշխույժ եռուզեռ է՝ առավել ներկայացուցչական են փորձում դառնալ հանրապետականները, «Բարգավաճ Հայաստանում» փորձում են ընդգրկել կյանքի բոլոր դեպքերի համար անհրաժեշտ մասնագետների՝ պարողների, նկարիչների, գինեկոլոգների, մարզիկների, գիտության թեկնածուների, դոկտորների եւ անգամ մեկ ակադեմիկոսի, ընդդիմադիր դաշտում ճնշող լռություն է: Ոչ մի նախաձեռնություն, ապագայի հետ կապված սփոփիչ կամ լավատեսական ոչ մի հայտարարություն: Սակայն հնարավոր չէ բացառել, որ հետաքրքիր մտքեր ու նախաձեռնություններ ունեն նաեւ ընդդիմադիր գործիչները, սակայն արտահայտվելու հնարավորություն չունեն: Այս առումով մեզ առավել հետաքրքիր թվաց Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների եւ դրանցում ընդդիմության, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը: Իսկ այն ճշտելու համար, հասկանալի է, պետք էր զրուցել կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, որն իրավացիորեն խոշոր ընդդիմադիրի եւ ժողովրդի բարեկամի համբավ ունի: Սակայն պարոն Սարգսյանի՝ արտաքին աշխարհի հետ կապող միակ բարակ թելը, կոմունիկացիայի միակ միջոցը, պարզվում է, նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն է: Եվ վերջ: Պետք է Սուրենյանցին օրվա մեջ մոտ 100 անգամ զանգահարել եւ 100 անգամ էլ ստանալ «Ընկե՛ր, հիմա կճշտեմ, կասեմ» կամ «Չմտածես, հարցազրույցն էսօր անպայման կարվի» խոստումը, որը, որպես կանոն, մնում է անկատար: Ինչեւէ, Արամ Զ. Սարգսյանի հետ հեռախոսով հնարավոր հանդիպման մասին պայմանավորվելու նման անհասկանալի եւ միակ մեթոդը ստիպեց հրաժարվել նրա հետ զրուցելու ցանկությունից:
Իսկ մտավորականների հոսքը դեպի «Բարգավաճ Հայաստան» շարունակվում է: Հեռուստատեսությամբ օրերս «Ջեյրանս դու ես» երգից հաճախ ցուցադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ժողովը: Եվ դժվար էր չհավատալ բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքերին՝ հնչած այդ հանդիպման ընթացքում՝ ամբիոնից: Նա հավատացնում էր, որ բոլոր մտավորականներին՝ ընդհանրապես, եւ իրեն՝ հատկապես, «հարգարժան Գագիկ Ծառուկյանի» կուսակցություն է բերել անշահախնդիր սերը եւ հարգանքն այդ մարդու հանդեպ: Պետք չէ կարծել, թե նման անշահախնդրության պարոն Վիլեն Հակոբյանին դրդել է բժշկական համալսարանի 75-ամյակին Գագիկ Ծառուկյանի՝ իրեն նվիրած ավտոմեքենան, որից պարոն Հակոբյանը ոչ թե արժանապատվորեն հրաժարվեց կամ այն հատկացրեց համալսարանին, այլ անթաքույց ուրախությամբ ավտոմեքենայի բանալին անմիջապես վերցրեց Գ. Ծառուկյանի վեր պարզած ձեռքից: Իսկ թե հանրապետության 2000, կարծում ենք՝ ոչ վատ պարողներին, որոնք Վանուշ Խանամիրյանի ասելով՝ պարելով են գնալու Ծառուկյանի հետեւից, կամ դերասան Գուժ Մանուկյանին, գինեկոլոգ Օկոեւին եւ հայ ազգի բազում այլ երեւելիների ինչն է բերել «Բարգավաճ Հայաստան», կարելի է հետաքրքրվել մտավորականների մեկ այլ խմբից, որոնք նույն հորթային խանդավառությամբ համալրում էին ու համալրում են հանրապետականների՝ առանց այդ էլ հոծ շարքերը: Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ, հատկապես, Գագիկ Ծառուկյանի հասցեին շռայլած գովեստներն ու դիֆերամբները, նրանց որպես լուրջ քաղաքական գործիչներ ու մտածողներ ներկայացնելու փորձերն ակնհայտորեն անհամոզիչ են: Վերոնշյալ երկու կուսակցությունների ժողովներում հնչած մտքերն ուղղակիորեն կրկնում են «Մեծապատիվ մուրացկանների» թերթի խմբագրի եւ Աբիսողոմ աղայի երկխոսությունը. «- Վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առաջի օրը Տրապիզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երեւելի վաճառականը, որ յուր լեզվագիտությամբ եւ վաճառականական հմտությամբ ծանոթ է մեր ազգայիններուն: Տաճկերեն գիտեք կարծեմ:
– Ո՛չ:
– Ֆրանսերե՞ն:
– Ո՛չ:
– Անգղիերե՞ն:
– Ո՛չ:
– Գերմաներե՞ն:
– Ո՛չ:
– Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ասեմ ձեզի համար եւ ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ»:
Վերջին տասը-տասնհինգ տարիներին Հայաստանում հատուկենտ անկուսակցական մտավորականներ մնացին: Նրանցից ոչ մի համարձակ, հանդուգն քայլ՝ ուղղված գործող վարչախմբի ամենաթողության դեմ, թերեւս չենք տեսել՝ բացառությամբ մի դեպքի, երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նախագահ Քոչարյանին վերադարձրեց ստացած պետական շքանշանը: Տիկին Կապուտիկյանը, որն այս օրերին հետեւում է իր մտավորական գործընկերների շքերթին դեպի իշխանական կուսակցություններ, մեր թերթին ասաց. «Ես մեղադրելուց առաջ ավելի ցավակցում եմ իմ գործընկերներին եւ մեծագույն զայրույթ ու անձնական վիրավորանք եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես իշխանավորներն ու փողավորները՝ օգտվելով մտավորականության անելանելի վիճակից, նյութապես ու բարոյապես ստորացնում են նրանց, պահում իրենցից կախյալ վիճակում՝ աշխատեցնելով նրանց ծառայեցնել իրենց իշխանատենչ նպատակին»: Իսկ ծառայել, մեր մտավորականները, պետք է նկատել, իրոք սիրում են: