Վտարանդի կառավարություն

01/08/2006

«Խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ Կոդորի կիրճում գործելու է Աբխազիայի վտարանդի կառավարությունը»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա կարգադրել է անհապաղ սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ նպաստ հատկացնել Կոդորի կիրճի յուրաքանչյուր բնակչին: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ հրահանգել է արդիականացնել Կոդորի կիրճի օդանավակայանը եւ նոր ինքնաթիռներ ձեռք բերել հարեւան երկրներից մեկում: «Աբխազիայի իշխանությունները չեն ճանաչի այսպես կոչված վտարանդի կառավարությունը,- հայտարարել է Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան՝ հավելելով,- դա մարդկանց ինչ-որ խումբ է, որոնք ժամանակին օկուպացիոն զորքերի հետ փախել են Աբխազիայից: Մենք նրանց հետ երբեք բանակցություններ չենք վարել»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ երեկ հայտարարել է, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրներն ուժային ճանապարհով լուծելու հնարավորություններ Վրաստանը չունի: