«Մետաղյա ճաղերից այս կողմ»

01/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայտնի խոսք կա՝ «Կալանավայրը պետություն է պետության մեջ, որտեղ գործում են ոչ թե օրենսդիրների, այլ օրենքով գողերի օրենքները»: Այսօր մեր իրականությունը, սոցիալական անպաշտպանվածությունը, գործազրկությունը, ցավոք, այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ նախկին կալանավորներից շատերն իրենց ավելի պաշտպանված են զգում կալանավայրերում, քան ազատության մեջ:

Հայաստանում կալանավորները պետբյուջեի միջոցների հաշվին են սնվում եւ ապրում: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին մեծացել է կրկնահանցագործների թիվը, իսկ անչափահասների քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը պատժվել է մի քանի 1000 դրամանոց ալյումին գողանալու պատճառով: Ստացվում է, որ պետությունն իր գումարները (մեր բոլորիս վճարած հարկերից գոյացած գումարները) ծախսում է կալանավորներին պահելու վրա, սակայն ոչինչ չի նախաձեռնում, որպեսզի ազատություն ստացած նախկին հանցագործը կալանավայրից դուրս գալուց հետո կարողանա իր տարրական կենսապայմաններն ապահովել: Մեզանում հանցագործությունների դրդապատճառների, աճի միտումների եւ մարդկանց սոցիալական անպաշտպանվածության խնդիրների շուրջ լուրջ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կարծես չեն արվում: Հանցագործությունը չարիք է, իսկ կալանավայրում անցկացրած տարիները բոլորն էլ անխտիր համարում են անդառնալի կորուստ: Որոշ երկրներում պետությունն իր վրա է վերցնում պատիժը կրած եւ ազատություն ստացած իր երկրի քաղաքացուն ժամանակավոր կացարանով, աշխատանքով, առողջական եւ հոգեբանական ծառայություններով ապահովելու խնդիրը՝ դրանով իսկ օգնելով նրան` հասարակության մեջ իր տեղը գտնել: Հայաստանում, սակայն, նախկին կալանավորներից շատերն ազատություն ստանալուց քիչ անց կրկին դիմում են հանցագործության, որովհետեւ կալանավայրից դուրս գալով հասարակության մեջ չեն կարողանում հարմարվել եւ ապրել: Նախկինում դատապարտված Գեւորգ Կոշկարյանից փորձեցինք ճշտել, թե Հայաստանում կալանավայրից դուրս գալուց հետո ինչպե՞ս են նախկին կալանավորներն ինտեգրվում մեր հասարակության մեջ: Պետական գույքի իրացման հոդվածով 11 տարվա ազատազրկման դատապարտված Գ. Կոշկարյանը 2004թ. կալանավայրից դուրս գալուց հետո ստեղծել է «Մետաղյա ճաղերից այս կողմ» հասարակական բարեգործական կազմակերպությունը, որը նպատակ ունի զբաղվել նախկին կալանավորների խնդիրներով: «Կազմակերպություն ստեղծելու նպատակն այն է, որ հնարավորին չափ քիչ մարդ հայտնվի բանտերում, հանցագործությունների թիվն էապես կրճատվի, իսկ դրա համար ազատություն ստացած մարդուն պետք է օգնել, ոտքի կանգնեցնել, աշխատանքով ապահովել: Հանցագործությունների աճը հիմնականում գրանցվում է կրկնահանցագործությունների առկայությամբ: Մարդը գաղութից դուրս է գալիս, ինչքա՞ն կարող է սոված մնալ՝ 1 շաբաթ, 2 շաբաթ, աշխատանք չի ճարում, որ իր կեցությունն ապահովի, ստիպված գողություն է անում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ մեզանում այդ խնդրում իսպառ բացակայում է պետական հոգածությունը: Կառավարությունը «Մետաղյա ճաղերից այս կողմ» կազմակերպությանն աջակցել է՝ բնակտարածք հատկացնելով. Վարդաշենի նախկին ուսումնարանի տարածքում ներկայումս բնակվում են 50 նախկին կալանավորների ընտանիքներ: Կազմակերպությունը կահույքի արտադրություն է բացել, որտեղ, սակայն, դեռեւս պատվիրատուներ չկան, որպեսզի նախկին կալանավորներն աշխատեն: Գ. Կոշկարյանն ասում է՝ «Պարզ բան է, որ կալանավայրից դուրս եկած մարդը սնանկացած է, ոչինչ չունի: Հատուկ գերատեսչություն պետք է լինի, որը կզբաղվի կալանավորների հետագա ճակատագրով: Պատիժը կրելուց հետո մարդը պետք է աշխատի, ինքնամաքրման ճանապարհով գնա, ազնիվ ապրի: Մեր կազմակերպության նպատակներից մեկն էլ վերականգնողական կենտրոն ստեղծելն է, որտեղ կալանքից ազատված մարդուն կօգնեն, կմղեն նորմալ կյանքի, ինչպես արտասահմանյան երկրներում է լինում»: Զրուցակիցս համամիտ չէ այն կարծիքի հետ, թե շատերն իրենց կալանավայրում ավելի պաշտպանված են զգում, քան ազատության մեջ. «Հիմա գայլն էլ է վանդակում եւ ամեն օր իրեն տալիս են իրեն հասանելիքը, բայց գազանանոցի գայլը կուզի՞ վանդակում լինել: Իհարկե, չի ուզի: Կալանավորն օրվա «պայոկը» ստանալով` հո պաշտպանված չի՞: Դա ռոբոտի կյանք է, ամեն օր նույնն է, նույն սեւ շորերով մարդիկ են, կյանքը մեջդ մեռնում է, բարոյապես սպանվում ես»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ոչ մեկը չի ցանկանա մի փոր խաշած ցորենի ու «բուխանկայի» համար հայտնվել ճաղերի ետեւում: Այդուհանդերձ, նրա տվյալներով` «Նուբարաշենի» եւ «Սեւանի» կրկնահանցագործների կալանավայրերում կալանավորների թիվն էապես աճել է: Կալանավայրում անցկացրած տարիների ընթացքում համոզվել է, որ ոմանց հոգեբանության մեջ հանցագործ տեսակը կա, իսկ ոմանք էլ գնում են այդ ճանապարհով՝ զուտ ելնելով սոցիալական վատ պայմաններից:

Կալանավայրն աղետի գոտի է

«Հեռուստացույցով հայտարարում են, թե Նախիջեւանում հայկական հուշաքարերն ավերել են, բարբարոսություն է, չէ՞: Բայց կենդանի մարդն էլ հուշաքար է: Եթե ադրբեջանցիների հուշաքար ջարդելը համարում են բարբարոսություն, բա նախկին կալանավորն էլ կենդանի մարդ է չէ՞, իր հետ ո՞նց են վարվում, նա ջարդվում է, կոտրվում-ընկնում է, չէ՞: Սկզբում քո երկրի մարդու մասին մտածիր: Պետք է անպայման չդիմանա ու ինքնասպանություն գործի, որ զգաստանան, իսկ հետո մյուսների մասին նոր մտածեն»,- ասում է նախկին կալանավորը: Գ. Կոշկարյանի համոզմամբ՝ թյուր կարծիք կա, թե կալանավայրում հայտնված մարդը դառնում է պոտենցիալ հանցագործ, քանի որ նրա հետ դաստիարակչական աշխատանք չի տարվում: «Բանական մարդը պատիժը կրելիս հասկանում է լավն ու վատը եւ ինքն է ընտրում իր ճանապարհը: Պատիժը կարող է մարդուն փոխել, իսկ ազատություն ստանալուց հետո, եթե ընտանիքի ջերմ մթնոլորտ ու սեր ես զգում, աշխատում ես՝ չես գնա հանցագործության»,- հավատացնում է նա՝ ասելով, որ կինն ու հասարակությունն էլ կարող են մեծ ազդեցություն ունենալ, որ հրաժարվես հանցագործության ճանապարհից: Հասարակությունը մեկուսացնում է կալանավորված մարդուն՝ նրան ընդմիշտ հանցագործ համարելով: Մարդկանց վերաբերմունքը միանշանակ փոխվում է, երբ իմանում են կալանավորի անցյալի մասին: Հանցագործություն կատարած եւ սխալի համար զղջացող մարդուն պետք է սիրել եւ օգնել ճիշտ ճանապարհով գնալու համար: Գ. Կոշկարյանը կալանավայրում անցկացրած տարիներից մի դեպք է հիշում, երբ Մանկավարժական ինստիտուտի հոգեբաններից մեկն այցելել է կալանավայր` դասախոսություն կարդալու: Թմրամոլությամբ տառապող մի կալանավոր սիրահարվել է այդ կնոջը, ով դատապարտվել էր թմրամոլության համար եւ երկարատեւ բուժումների արդյունքում էլ չէր կարողանում դադարեցնել թմրադեղ օգտագործելը: «Երբ սիրահարվեց, մենք ասացինք` այդ աղջիկը դժվար թե կյանքը կապի «նարկոմանի» հետ: Ինչ ասես արել էին, բայց չէր «թարգել»: Անպատասխան սեր էր, բայց էդ կինը, սերը փոխեց նրան, թողեց «նարկոտիկը», իսկ ազատվելուց հետո ամուսնացավ ու նորմալ կյանքով է ապրում: Էդ կինը փրկեց նրան, մինչեւ հիմա էլ ասում է, որ այդ կնոջը պարտական է: Մեկ-մեկ այցելում է մանկավարժական ինստիտուտ՝ նրան տեսնելու: Օրինակ՝ Բեսլանի դեպքերից հետո ողջ աշխարհն օգնեց մարդկանց: Բայց սա էլ յուրօրինակ աղետ է: Կալանավայրից եկած մարդը նույնն է, ինչ աղետի գոտում գտնվողը: Վատ բան է հանցագործություն անելը, բայց ճակատագիր է, ոչինչ չես կարող անել անցյալը փոխելու համար, իսկ ներկայի համար օգնության անհրաժեշտությունը մեծ է»,- ասում է նախկին կալանավորը, ով համարում է, որ ազատազրկման տարիներին զրկվել է ամենանվիրական բանից՝ սիրելու իրավունքից: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին, ապա նախկին կալանավորը վստահեցնում է, որ իսկապես շատ բան է փոխվել: Եթե նախկինում մեկ խցում պահվում էին 20, ապա ներկայումս պահվում են 10 կալանավորներ: Բացի այդ, կալանավորների իրավունքները պաշտպանվում են, նրանց բողոքները, որպես կանոն, անպատասխան չեն մնում: «Ով ասի, որ հիմա կալանավայրում բռնություն կա, ուրեմն իր հոգում մեղք կգործի: Հիմա շատ բան է փոխվել, նման բան չկա»,- վկայում է Գ. Կոշկարյանը: Ի դեպ, վերջինիս խոսքերով՝ կալանավայրերում կալանավորները չեն ներում բռնաբարության հոդվածով ազատազրկված մարդկանց: Դա էլ օրենք է, որը կալանավայրի «ճշտին» հակասող արարք է: «Դատապարտվելը խարան է, որն ամբողջ կյանքում դաջվում է վրադ: Նախ կալանքի տարիներին դու ժողովրդի հաշվին ես ապրում, աշխատանք չկա, որ քո հաշվին ապրես: Կալանավայրն այսօր պետբյուջեի վրա նստած կառույց է: Բայց պետական հովանավորություն է պետք, որ նախկին կալանավորին տիրություն անեն, նա կարողանա աշխատանք գտնել: Այս դեպքում բյուջեն ավելորդ գումար չի ծախսի կալանավորի համար, իսկ կալանավորին կօգնի աշխատանքի հարցում, որ սեփական քրտինքով վաստակի, ապրի: Ազատվելուց հետո անելանելի վիճակ է»,- ասում է նա: Գ. Կոշկարյանի կարծիքով, թեեւ Արդարադատության նախարարության վերաբերմունքը նախկին կալանավորների հանդեպ բարյացակամ է, սակայն չկա հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի կալանավայրից դուրս եկած մարդկանց հետ: «Այնտեղ գտնվելն արդեն չարիք է, իսկ դուրս գալուց հետո այդ ինքնահոս վիճակն ավելի չարիք է, որովհետեւ շատերը հարազատներին կորցրել են, գնալու տեղ չունեն: Պետք է, չէ՞, որ մի տեղ լինի, որ նախկին կալանավորը թեկուզ ընդհանուր 20 հոգանոց սենյակում 1 ամիս քնի, հոգեբանորեն ադապտացվի ազատությանը, այդ «տրավմայից» դուրս գա, պատսպարվի գիշերները, սկսի աշխատել, սեփական գումարով հաց գնել եւ այլն»,- ասում է Գ. Կոշկարյանը՝ վստահեցնելով, որ շատ կալանավորների երեխաներն ու կանայք ժամանակի ընթացքում լքում են իրենց, իսկ դա հոգեկան լուրջ հարված է: Շատերն այդ ապրումներից խելագարվում են կամ ինքնասպանություն են գործում: «Հոկտեմբերի 27»-ի գործով Վռամ Գալստյանը հոգեկան խանգարում ստացավ ու ինքնասպան եղավ: Ես 100%-ով եմ վստահեցնում, իսկ այդ շահարկումները սուտ են: Ես նրա հետ նույն խցում եղել եմ եւ գիտեմ, որ հոգեկան հավասարակշռությունը կորցրել էր: Երբ գիտակցեց, որ 3 երեխաներին այլեւս չի տեսնելու եւ ցմահ մնալու է այնտեղ, կորցրեց առողջ գիտակցությունը: Այն, ինչ ասվում է, մի՛ հավատացեք, որովհետեւ անձամբ իմ աչքով եմ տեսել, թե այդ մարդու հետ ինչ է կատարվել»:

«Ղումարով» փող են շորթում

Ի դեպ, Գ. Կոշկարյանն այն հազվագյուտ նախկին կալանավորներից է, ով կշտամբանքով չի խոսում «ուսադիրավորների» մասին: Կալանավորների շրջանակում հայտնի սկզբունք կա, որ կալանավորը ոստիկանների մասին երբեք դրական չպետք է խոսի: «Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում, որ էսօր կալանավայրի աշխատողները ոչ մեկի կողմից չեն խրախուսվում, բայց նրանց աշխատանքը նվիրյալ գործ է, ամենամեծ մանկավարժը նրանք են»,- ասում է նա՝ հավելելով, որ կալանավայրում հայտնված մարդու հայրը, եղբայրը, հարազատը դառնում է այնտեղի աշխատակիցը: Ասում է, որ կալանավայրի աշխատակիցն, ի վերջո, հազարավոր հանցագործների հետ է աշխատում, ինչը բարդ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական տեսանկյունից: «Օրինակ՝ ես չեմ լսել, որ կալանավայրի վաստակավոր աշխատողի կոչում շնորհեն, բայց մարդը վաստակ ունի, չէ՞»,- ասում է զրուցակիցս՝ հավելելով, որ այնպիսի աշխատակիցներ էլ կան, որոնք կալանավորին փողով թղթախաղ խաղալուց բռնում են, բայց պատժելու փոխարեն «շանտաժ» են անում, գումար են ուզում, որ չպատժեն. «Կան նաեւ այնպիսի աշխատողներ, որոնք իրավունք չունեն այդ ուսադիրները կրելու, պետք է թեստով աշխատանքի ընդունեն, որովհետեւ հազարավոր մարդկանց ճակատագրերն իրենց է հանձնվում»,- նշում է Գ. Կոշկարյանը:

Գողերը դրսից են նշանակվում

Կալանավայրերում տարածված «ղումարի» երեւույթը նախկին կալանավորը բացատրում է հետեւյալ կերպ՝ «Դա կալանավայրի բյուջեն է: Ինչպես պետությունն ունի բյուջե, այնպես էլ` կալանավայրը»: Կալանավայրերի աշխատակիցները «ղումար» խաղալու թույլտվություն տալու համար խաղացող կալանավորներից գումար են պահանջում: Թեեւ «օրենքով գողի» առասպելը ոստիկանների կողմից ստեղծվել է կալանավորներին կառավարելու նպատակով, այդուհանդերձ, այսօր «օրենքով գողերը» դրսից են նշանակվում: «Օրենքով գողը» պետք է զինվորական ծառայություն անցած չլինի, ուսադիր կրած չլինի, փող ունենա, կալանավորների եւ վարչակազմի շրջանում հարգանք վայելի: Իսկ ամենակարեւորը` պետք է «ճշտով» գործի եւ ճշմարտություն ու կարգապահություն մտցնի կալանավայրում: «Օրինակ, եթե դրսում մեկին գող ասեն՝ կվիրավորվի, իսկ այնտեղ գողը հարգված անձնավորություն է»,- նշում է նախկին կալանավորը: «Գողը», որպես կանոն, պետք է համագործակցի գաղութի պետի հետ, այլապես «դուբինկավորներն» ամեն բան ջարդուխուրդ կանեն, վարչակազմի դեմ ոչ ոք չի կարող ընդվզել: Որքան էլ զարմանալի է, «օրենքով գողերին» նշանակում են ազատության մեջ գտնվող երաշխավորները, ովքեր իրենք են որոշում արժանավորին:

«Կյանքում չեմ անի մի բան, որ հայտնվեմ կալանավայրում»,- ասում է Գ. Կոշկարյանը, ով կյանքի դժվարություններին այլեւս չդիմանալու դեպքում կնախընտրի ինքնասպանություն գործել, քան կրկին հայտնվել բանտում: Նախկին կալանավորն ազատություն ստանալուց հետո ամուսնացել է եւ ասում է, որ ընտանեկան ջերմությունը ոչ մի բանի հետ չի փոխի: «ԱրմենՏելում» բարձրակարգ մասնագետ աշխատող կնոջը ղեկավարության փոխվելուց հետո ազատել են աշխատանքից: Երկուսն էլ այսօր գործազուրկ են եւ անորոշության մեջ են: «Ընտանիքում ջերմություն կա, բայց այս անհույս վիճակում խաղաղ չես կարող ապրել»,- ասում է Գ. Կոշկարյանը՝ վստահեցնելով, որ ընտանիքի տղամարդու գործազրկությունը ծանր բան է: «Մետաղյա ճաղերից այս կողմ» կազմակերպության կահույքի արտադրությունը, որը պատվեր չունենալու պատճառով դեռեւս չի գործում, արդեն պետությանը պարտք ունի: «Գոնե հարկային արտոնություն սահմանվեր, կամ ոտքի կանգնեինք, մի քանի տարուց նոր հարկեր գանձեին: Ուսումնարանի շենքում տարածք ստեղծեցինք, հաստոց ձեռք բերեցինք ու դեռ չաշխատած՝ արդեն 35.000 դրամ հարկայինին պարտք ենք»,- ասում է կազմակերպության նախագահն, ով, չնայած իր տարիքին, կալանքից ազատվելուց հետո ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի Բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը, սակայն ուսման վարձի պատճառով դուրս է մնացել բուհից: