Խորհուրդներ

01/08/2006

Պլաստմասսայե ապարանջանները, ուլունքները, ականջօղերն ու մատանիներն առանց օճառի լվացեք մաքուր ջրով: Իսկ եթե ուլունքները շատ են կեղտոտվել, դրանք անջատեք իրարից, լվացեք, չորացրեք, ապա նորից շարեք:

Փայտյա զարդերը չեն լվանում, այլ շփում են ֆլանելով: Յուղոտ ձեռքերով երբեք չդիպչեք դրանց, յուղը կարող է ներծծվել զարդի մեջ եւ փչացնել այն:

Զգույշ եղեք բնական ու արհեստական մարգարիտների նկատմամբ, խուսափեք դրանք քերծելուց եւ պահեք մյուս զարդերից առանձին, փափուկ կտորի մեջ փաթաթված: Դրանք երբեմն կարելի է մաքրել թավիշով: Բնական մարգարիտների թելը խորհուրդ է տրվում փոխել տարին մեկ անգամ:

Անագե առարկաները կարելի է մաքրել տաքացրած գարեջրով կամ խաղողի տերեւներով:

Բրնձաջուրը շատ լավ մաքրում եւ փայլեցնում է պողպատյա իրերը:

Արծաթե զարդերն ընդգծում են արեւից թխացած մաշկի գեղեցկությունը, սակայն դրանք սեւացնում են մաշկը եւ հագուստը: Դրանից խուսափելու համար արծաթե զարդերը պետք է լվանալ մի քիչ անուշադրի սպիրտ խառնած օճառաջրով, ապա ծածկել որեւէ անգույն քսուքի նուրբ շերտով:

Արծաթապատ, արծաթյա եւ նիկելապատ իրերը լավ կփայլեն, եթե դրանք մաքրեք անուշադրով տոգորված բրդյա լաթով:

Արծաթյա սպասքն օգտագործվում է հազվադեպ` միայն հանդիսավոր դեպքերում: Այդ իսկ պատճառով շատերին անհանգստացնում է մի հարց. ինչպե՞ս պահել, որպեսզի դրանք չսեւանան: Կա մի հնագույն միջոց. սպասքը շփեք գլիցերինով եւ փաթաթեք սեւ թղթով:

Արծաթյա եւ այլ մետաղյա զարդերը հագուստի վրա հետքեր են թողնում: Դրանցից խուսափելու համար զարդերը կարելի է ծածկել անգույն լաքի բարակ շերտով:

Պղինձը (նաեւ արծաթը) ժամանակի ընթացքում օքսիդանում է եւ խամրում: Որպեսզի դրանք չկեղտոտեն ձեր հագուստը, խորհուրդ է տրվում ներսից (մարմնին կամ զգեստին շփվող մասում) վրան քսել եղունգների անգույն լաք, որը կկանխի օքսիդացումը:

Պղնձյա իրերը ձեռք կբերեն իրենց սկզբնական փայլը, եթե դրանք ցողեք քացախի լուծույթով: Ջուրը եւ 25 տոկոսանոց քացախը վերցնել հավասար քանակությամբ, ավելացնել մի պտղունց աղ:

Պղնձյա զարդերը մաքրեք կավճի եւ անուշադրի սպիրտի լուծույթով:

Տնային աշխատանքների ժամանակ, լվացվելիս, ամանեղեն լվանալիս հանեք մատանիները, ապարանջանը: Դրանք կարող են քերծվել եւ կորցնել իրենց փայլը:

Շատ քարեր, օրինակ` փիրուզը, տոպազը, ամետիստն արեւի ճառագայթներից խամրում են: Փիրուզը, գոհարը, մալախիտը փչանում են խոնավությունից: Եթե դրանք կեղտոտվել են, ապա լվացեք եթերային սիրտի եւ օճառաջրի (1:1 հարաբերությամբ) լուծույթով: Լվանալուց հետո մաքուր լաթով պետք է լավ չորացնել: