2004-ը Հայաստանի համար քաղաքական առումով բարենպաստ տարի էր։ Ճիշտ է, Ստամբուլն արյան ծով չդարձավ, բայց փոխարենը՝ Հայաստանը ոչ տարածքային կորուստներ ունեցավ, ոչ էլ հայտնվեց «իզգոյ» երկրների ցուցակում։ Իսկ դա, եթե հաշվի առնենք մեր իշխանությունների վարած տարօրինակ արտաքին քաղաքականությունը, քիչ չէ։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով 2004-ը ոչ մի նորություն չբերեց։ Հայաստանի դիրքերը, որ 1998-ից ի վեր անընդհատ թուլանում էին, 2004-ին շարունակեցին թուլանալ գրեթե նույն տեմպերով։ Ընդհանուր միտումը որեւէ փոփոխություն չկրեց։ Ամբողջ տարվա ընթացքում տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ, իրար ետեւից, հայտարարում էին, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մեր իշխանությունները դեմքի նույն անտարբեր արտահայտությամբ հայտարարում էին, թե դա մեր դիվանագիտության հերթական փայլուն հաղթանակն է։ Տարին ավարտվեց նրանով, որ որոշում ընդունվեց միջազգային փորձագիտական խումբ ուղարկել՝ «գրավյալ տարածքներում» տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Հուսով ենք, 2005-ի բյուջեում գումարներ կգտնվեն՝ բարձր հյուրերին Գառնի-Գեղարդ տանելու եւ մոտակա «վետերոկում» տիրող իրավիճակին ծանոթացնելու համար։
2004-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ եւ քննարկել այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Հայ ավանդական քաղաքական միտքն, ըստ էության, բաժանվեց երկու մասի։ Մի մասը գտնում էր, որ Թուրքիան չպետք է մտնի Եվրամիություն, որովհետեւ փակել է հայ-թուրքական սահմանը, մյուս մասը գտնում էր, որ հայ-թուրքական սահմանը չպետք է բացվի, որպեսզի հանկարծ Թուրքիան չմտնի Եվրամիություն։ Ի վերջո, սա (հայտնի չէ, թե կոնկրետ ինչը) հռչակվեց որպես հայկական դիվանագիտության հաղթանակ։
2004-ը նաեւ ներքաղաքական բուռն իրադարձությունների տարի էր։ Ապրիլի 12-ին ընդդիմությունը հերթական վճռական հանրահավաքից հետո որոշեց վերցնել իշխանությունը, բայց իշխանությունները, չգիտես ինչու, համաձայն չէին դրան։ Նրանք փշալարերով փակեցին Բաղրամյան պողոտան եւ գիշերը, շրջապատելով ժողովրդին, ծեծեցին՝ կիրառելով ջրցան մեքենաներ, ռետինե մահակներ, էլեկտրաշոկեր, սափրագլուխներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Հետագա մի քանի ամիսներին ընդդիմությունը քննարկում էր կատարվածը՝ բանավեճեր ծավալելով հիմնականում երկու հարցի շուրջ. 1. Ինչքան սրիկա են իշխանությունները։ 2. Ինչ հերթականությամբ ընդդիմության առաջնորդները փախան Բաղրամյան պողոտայից։ Ընդ որում, եթե առաջին հարցի շուրջ տարաձայնություններ չկային, ապա երկրորդ հարցի վերաբերյալ կարծիքները տրամագծորեն հակադիր էին։ Այսպես թե այնպես, դրանից հետո ընդդիմությունը փոխեց մարտավարությունը. այն է՝ բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները եւ սկսեց հայտարարել, թե իշխանությունները վաղ թե ուշ հեռանալու են։ Իսկ տարին ավարտվեց նրանով, որ ընդդիմությունը, չգիտես ինչու, որոշեց դադարեցնել բոյկոտը եւ մասնակցեց տարեվերջյան նիստին։ Ընդ որում, «Արդարություն» դաշինքը ոչ միայն առանց որեւէ պատճառի դադարեցրեց բոյկոտը, այլեւ առանց որեւէ պատճառի դեմ քվեարկեց Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու հարցին՝ հասկանալով հանդերձ, որ հետխորհրդային տարածքում իշխանափոխությունների «գլխավոր հովանավորը» ԱՄՆ-ը է։
2004-ը շրջադարձային է նաեւ քաղաքական գործիչների սեռական կողմնորոշումների խնդրի արծարծման առումով։ Պետք է խոստովանել, որ հրապարակավ արված այն հայտարարությունը, թե իշխանական վերնախավում մեծ թվով արվամոլներ կան, բավականին զվարճացրեց հասարակությանը։ Այդ ամենի միակ արդյունքը եղավ այն, որ քաղաքական գործիչները հրաժարվեցին բարեւելիս միմյանց համբուրելու սովորույթից եւ սկսեցին հասարակական վայրերում հայտնվել բացառապես «նանարների» ուղեկցությամբ։
Անցնող տարին բարենպաստ էր նաեւ նորանոր դաշինքների ձեւավորման եւ արդեն գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման առումով։ Ներկոալիցիոն բախումների արդյունքում զոհեր չեղան։ Փոխարենը, ընդդիմադիր դաշտում մի քանի կուսակցություններ որոշեցին համագործակցել եւ ստեղծել նոր դաշինք, որի նպատակը պետք է լինի նոր դաշինքի ստեղծումը։ Հիմնականում միջին խավի ներկայացուցիչներից կազմված երեք իշխանամետ կուսակցություններ էլ որոշեցին միավորվել եւ ստեղծել միջին խավ։ Անցնող տարում արձանագրվեց տարբեր քաղաքական ուժերի ետեւից ՀՀՇ-ի ականջների երեւալու 72 դեպք։
Լուրջ հաջողություններ արձանագրվեցին նաեւ գրահրատարակչության ոլորտում։ Լույս տեսան Պիտեր Այքերի եւ Նաիրի Հունանյանի աշխատությունները։
Մի խոսքով, իսկական Կապիկի տարի էր։ Ըստ Դարվինի տեսության, 2005-ը նորմալ տարի է լինելու։