ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա ասուլիսում նշեց, որ «դեռեւս պաշտոնական ոչինչ ասել չի կարող», թե 4 ընկերություններից որն է լինելու «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը: Սակայն, երբ լրագրողները նախարարին խնդրեցին որոշ տեղեկություններ տալ այդ ընկերությունների մասին, Կ. Ճշմարիտյանը սկսեց գովել ռուսական «Սիստեմա» (MTC) ընկերությանը: «Սիստեման» լուրջ ընկերություն է, եւ նրա մուտքը Հայաստան լուրջ ներդրում կարող է լինել»,- ասաց նա: Իսկ «Մարս» գործարանի նկատմամբ «Սիստեմայի» հետաքրքրվածությունը Կ. Ճշմարիտյանը բացատրեց նրանով, որ ռուսական ընկերության «պրոֆիլը համընկնում է «Մարսի» ենթակառուցվածքի հետ»: Ճշմարիտյանը նշեց նաեւ, որ «Սիստեման» քաղաքական ազդեցություններից զերծ ընկերություն է: Չենք կարծում, որ Կ. Ճշմարիտյանը պատահաբար սկսեց խոսել հենց «Սիստեմայից»: Հավանաբար ՀՀ կառավարությունում արդեն գիտեն «ԱրմենՏելի» եւ «Մարսի» նոր սեփականատիրոջ անունը եւ արդեն սկսում են ակնարկել, որ հանրությունը դրա տակ քաղաքական ենթատեքստ չփնտրի: