Դեռ նախորդ շաբաթ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հողերի վաճառքի աճուրդներում լուրջ խախտումներ են արձանագրվել, որոնք արդեն իսկ իրենք փոխանցել են ՀՀ Գլխավոր դատախազություն, եւ Դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել դրանց նկատմամբ:
Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ տեղի է ունեցել փաստաթղթերի կեղծում, ինչի արդյունքում բավականին մեծ վնաս է հասցվել պետությանը: «Նախագահի վերահսկողական ծառայությունը մասնավորապես պարզել է, որ գումարները, որոնք քաղաքացիները եւ կազմակերպությունները վճարել են հողօգտագործման համար, պետական բյուջե չեն փոխանցվել կամ փոխանցվել են մասնակի: Իսկ պետական կադաստր ներկայացվել են կեղծված փաստաթղթեր»,- ասված էր Վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Քանի որ հաղորդագրության մեջ կոնկրետ նշված չէր, թե Վերահսկողական ծառայությունը կոնկրետ որտեղ էր նման չարաշահումներ արձանագրել, ու քանի որ Երեւանի քաղաքապետարանը նույնպես տեղյակ չէր, թե խոսքը մասնավորապես որ քաղաքում կատարված աճուրդների մասին է, եւ թե որքանով է այդ հաղորդագրությունն իրենց առնչվում, դիմեցինք Վահրամ Բարսեղյանին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր գլխավորած վարչությունն այս ոլորտում դեռեւս չի ավարտել իր աշխատանքները, եւ որ իրենք շարունակում են «կեղծ միջնորդներ» հայտնաբերելու գործընթացը: «Քանի որ այդ ուսումնասիրությունները դեռեւս ընթացքի մեջ են, մենք դիմել ենք քաղաքացիներին` խնդրելով, ովքեր կասկած ունեն իրենց գրանցումների հետ կապված, դիմել մեզ: Հաղորդագրության իմաստը դա էր, որպեսզի մեր գործն ավելի հեշտ լինի: Պարզելուց հետո մենք հաղորդագրություն կտարածենք»,- ասաց Վ. Բարսեղյանը: «Միջնորդներ կային, որոնք օրենքի սահմաններում` միջնորդի լիազորագրերով գործողություններ են իրականացրել ու գրանցել են այս կամ այն հողերը: Ու քանի որ այդ կեղծ անդորրագրերը, որոնք ներկայացվել են Պետական կադաստր, շատ քիչ են տարբերվում բնօրինակից, նրանք գրանցում են ստացել: Նման բազմաթիվ փաստեր կան: Այժմ նմանատիպ մոտ 72 դեպք ունենք, երբ կեղծ լիազորագրերով գրանցումներ են իրականացրել: Գումարային արտահայտությամբ մոտ 1 միլիարդ դրամից ավելի խախտում կա: Հիմա այդ գործընթացը դեռեւս շարունակվում է»,- ասաց Վահրամ Բարսեղյանը: Մեր հարցին, թե բացահայտե՞լ են, թե ովքեր են զբաղվել նման անօրինականություններով, Վ. Բարսեղյանն ասաց. «Ոչ թե ինչ-որ կոնկրետ մարմին է դա կազմակերպել, այլ` մարդիկ են գտնվել, ովքեր օգտվել են օրենքի այդ բացից ու նման խախտումներ են իրականացրել»: Իսկ հետո Վ. Բարսեղյանը նշեց, որ նման խարդախություններով զբաղվել է մարդկանց «որոշակի խումբ», որոնցով այժմ զբաղվում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: «Հստակ է, թե ովքեր են… Մի խումբ քաղաքացիներ կային, որոնք օրենքի թերացումից օգտվելով նման խարդախություններ են արել: Վերջնական պարզելուց հետո, թե ինչ ծավալ է այն կազմում, մենք անպայման հաղորդագրություն կտարածենք»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենք կոնկրետ անուններ կհայտարարեն միայն այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը նախաքննության կամ հետաքննության ընթացքում պարզի` կապ ունեցե՞լ են արդյոք իրենց հայտնաբերած անձինք այդ խարդախությունների հետ, թե՞ ոչ: Իսկ քանի դեռ Դատախազությունը ոչինչ չի ասել Վերահսկողական ծառայությանը, Վ. Բարսեղյանը չի ցանկանում հրապարակել իրեն հայտնի անունները, որպեսզի, իր իսկ խոսքերով, հետագայում այն ուղղելու անհրաժեշտություն չլինի:
Մեր փորձերը` պարզելու համար, թե Վերահսկողական ծառայությունը կեղծ փաստաթղթերով գործարքներ իրականացնելու փաստեր հիմնականում հանրապետության որ տարածքում է արձանագրել, նույնպես ապարդյուն էին. «Տոկոսային առումով չեմ կարող ասել, որովհետեւ նման հաշվառում չենք կատարել: Մի խումբ մարդիկ են, ովքեր նման բաներ են արել: Պարզելուց հետո, թե ովքեր են, մենք պարզաբանում կներկայացնենք»,- խոստացավ Վ. Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 3-ին «168 Ժամը» գրել էր, որ հողի աճուրդների համար քաղաքացիների մուծած գումարները, ինչը բավական մեծ թիվ է կազմում, բյուջե չմուտքագրելու մեղադրանքով հունիս ամսին` ձերբակալել, այնուհետեւ` անհասկանալի պատճառներով ազատ էին արձակել ԱԺ նախկին նախագահ, դեռեւս «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբորը` Սարգիս Բաղդասարյանին, ով եղել է ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ-Զեյթունի ստորաբաժանման ղեկավարը:
Մեր աղբյուրների պնդմամբ, Սարգիս Բաղդասարյանը նման «գործարքներ» անելիս միայնակ չի եղել, եւ այդ խարդախությունները բացահայտելուց հետո նրա հետ միասին աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել նաեւ նրա տեղակալը: Բացի այդ, մենք նշել էինք, որ ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ-Զեյթունի ստորաբաժանումում տեղի ունեցած անօրինական գործարքների շրջանակներում ձերբակալվել են նաեւ կադաստրի եւս 4-5 աշխատակից: Սակայն, ըստ մեր աղբյուրների` ստորաբաժանման ղեկավար Սարգիս Բաղդասարյանը գտնվում է ազատության մեջ, իսկ իրավապահները, մեկ ամիս է, դեռեւս քննում ու «չեն պարզում» չարաշահումների վերաբերյալ այդ գործը:
Այնպես որ` խիստ կասկածելի է, թե մի օր ՀՀ Գլխավոր դատախազությունը կհրապարակի Վերահսկողական ծառայության հայտնաբերած խախտումների իրական հեղինակներին ու նրանց նկատմամբ քրեական գործ կհարուցի: Բոլորին է հայտնի, թե ինչպես են Դատախազությանն ուղարկված գործերի արդյունքում իրական մեղավորներին թողնում ազատության մեջ, իսկ «Հանուն Հայաստանի Հանրապետության» ու «արդարության» ձերբակալում մեկ-երկու շարքային աշխատողի: Ապացույցներից մեկը վերոնշյալ ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ-Զեյթունի ստորաբաժանման փաստն է: