1998 թվականի իշխանափոխությունից հետո ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի անբաժանելի բաղկացուցիչը: Արդյունքում մի շարք երկրներ հերթով ճանաչեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, սակայն փոխարենը Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ շարունակվում է փակ մնալ հայ-թուրքական սահմանը:
Արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունն արդյունավետ է, եւ դրա արդյունքում կոնկրետ ի՞նչ է շահում կամ կորցնում Հայաստանի շարքային քաղաքացին: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Կիլիկիայում ծնված, այժմ Գերմանիայում բնակվող իրավաբան, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ զգալի աշխատանք կատարած, այս օրերին Հայաստանում գտնվող մեր հայրենակից Իլիաս Գեւորգ Ույարից: Նա գտնում է, որ ցեղասպանության հարցի մասով Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ճիշտ է, քանի որ «դա ճշմարտությունն է»: Մեր զրուցակիցը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի քաղաքացիների համար առավել օգտակար կլիներ, որ իրենց պետությունն իր հնարավորություններն ու ջանքերն ուղղեր հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, երկաթուղու եւ սահմանների բացմանը: «Երկիրն իր քաղաքականությունը չի կառուցում նրա վրա, թե մեկ այլ երկիր դա ինչպես կորակի: Ես չեմ գտնում, թե սահմանի փակ լինելը որեւէ կերպ ազդում է Հայաստանի վրա»,- ասում է Իլիաս Գեւորգ Ույարը: Ըստ նրա, փակ սահմանների պարագայում էլ հայկական շուկայում մեծ ծավալ են զբաղեցնում թուրքական ապրանքները, եւ թուրքական ֆիրմաներն իրենց ներկայացուցչությունն են բացում Հայաստանում: Իսկ եթե սահմանները բացվեն, ապա, ըստ մեր զրուցակցի, հայկական շուկան ուղղակի կհեղեղվի թուրքական ապրանքներով, եւ մենք չենք կարող մրցել դրանց հետ: «Սահմանի փակ կամ բաց լինելը Հայաստանի երիտասարդության արտագաղթելու տրամադրությունների վրա որեւէ դրական ազդեցություն չի թողնի, որովհետեւ բոլորի մտքում Ռուսաստան կամ ԱՄՆ գնալն է: Ում հետ հանդիպել, զրուցել եմ, բոլորի մտքին դա է: Սահմանը փակ է, գնում են, բաց էլ լինի, էլի կգնան»,- համոզված է նա: Ի. Գեւորգ Ույարի խոսքերով՝ սփյուռքում ապրող հայությանը Հայաստանին կապող քաղաքական երկու հանգամանք կա` Լեռնային Ղարաբաղի հարցը, որն ամենաէականն է, եւ ցեղասպանության ճանաչման հարցը: «Այս երկու հարցերում էլ Հայաստանի եւ սփյուռքի սրտերը նույն բանի համար են բաբախում: Եթե այս երկու հանգամանքներից մեկը մի կողմ դնենք, ինչո՞վ ենք նույնանալու իրար հետ, այսինքն` իրար հետ լինելու ոչ մի հանգամանք չկա»,- նշում է նա, հավելելով, որ սփյուռքը ցեղասպանության հետեւանք է, եւ սփյուռքն այդ ցավի մեջ ցեղասպանության հարցում Հայաստանի այսօրվա քաղաքականության արդյունքում ջերմություն է զգում, ու ցեղասպանության հարցի արծարծումը պետության կողմից սփյուռքին հարազատացնում է Հայաստան պետության հետ: Միաժամանակ նա նշում է, որ սփյուռք-Հայաստան հարաբերությունները պետք է սերտացնել նաեւ մշակութային եւ այլ կապերի միջոցով: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր զրուցակիցը համարում է սփյուռքի «եղելության պատվանդանը», սակայն չի հավատում, թե Թուրքիան մի օր կճանաչի հայերի ցեղասպանությունը: Իսկ այդ հարցում պետության այսօրվա քաղաքականության արդյունքում շարքային հայաստանցին կոնկրետ ի՞նչ է շահում կամ կորցնում: «Այստեղ վնասի կամ օգուտի հարց չէ: Հարցը եղելությունն ասելն է: Ցեղասպանությունը եղել է: Իրենք պետք է ասեն, որ ցեղասպանությունը եղել է: Թե այդ ասելուց հետո ի՞նչ կփոխվի, ի՞նչ օգուտ կամ վնաս կլինի, մենք այդ հաշվարկն անելու համար չենք»,- նշում է Ի. Գեւորգ Ույարը: Ըստ նրա, ցեղասպանության ճանաչման հարցն այնքան հիմնային է, որ կապված է մարդու անհատականության հետ: «Ցեղասպանությունը չընդունելով՝ ոնց որ Թուրքիան քեզ մերժի, չընդունի: Դրանից ես իմ ազգային պատկանելությունն եմ գտնում, որովհետեւ իրենք ուզում էին ցեղասպանությամբ ինձ վերացնել, սակայն ես կամ եւ իբրեւ հայ կամ»,- ասում է նա, ավելացնելով, որ հայ-թուրքական հաշտեցումը կամ դրա փորձերն առարկայական չեն: Մեր զրուցակիցը կողմ է հայ-թուրքական երկխոսությանը, սակայն նշում է, թե երկխոսություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: «Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե մենք հողային պահանջ չենք ներկայացնում, մեր դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ չի դնում եւ ցեղասպանության ճանաչումը մեզ համար ավելի շատ բարոյահոգեբանական նշանակություն ունի: Նույնիսկ այսքանից հետո Թուրքիան ցեղասպանությունը չի ուզում ընդունել»,- ասում է Ի. Գեւորգ Ույարը: Վերջինիս պնդմամբ՝ բազմաթիվ քննադատությունների արժանացած հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը ողջունելի կլիներ, եթե դա ինքնաբուխ լիներ: Մինչդեռ, ըստ նրա, այդ հանձնաժողովի ստեղծումը երրորդ կողմը՝ տվյալ դեպքում` ԱՄՆ-ն էր թելադրել: Եվ նրա խոսքերով՝ երբ երրորդ կողմ կա, նշանակում է, որ այդ երրորդ կողմն իր քաղաքականության համար ինչ-որ հաշվարկներ է անում եւ իր շահերից ելնելով է այդ քայլին գնացել: Ի. Գեւորգ Ույարն ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստի վրա, որ վերջին շաբաթների ընթացքում լուրեր են շրջանառվում, թե ԱՄՆ-ը ցանկանում է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ցուցակը` այնտեղ ներառելով Գերմանիային եւ Թուրքիային: «Այս գաղափարը դեռեւս փորձ է, բայց կարող է իրական դառնալ: Երկու պետություն, որոնք մեր լեռնաշխարհում մեր չլինելու պատճառ են դարձել` Գերմանիան եւ Թուրքիան, երկուսն էլ հայոց ցեղասպանության իրականացմանը պետականորեն մեղսակից երկրներ են: Սա աբսուրդ է, անհեթեթություն է: Գերմանացին փոխանակ գետնի տակը մտնի, ի՞նչ իրավունք ունի գա ու իմ հարցն արծարծի: Թուրքիան եւ Գերմանիան ի՞նչ իրավունքով են գալու եւ նստեն այդ բանակցային սեղանին»,- հարցնում է նա: