Թափանցիկ ապագա

28/07/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Վերջին շրջանում մարդիկ հաճախ են միմյանց հարցնում. «Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ»։ Դրական կամ բացասական պատասխաններից հետո սկսում են քննարկել՝ ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմը, կդիմանա՞նք դրան, թե՞ կկորցնենք մեր ձեռքբերումները։ Ամեն ինչ շատ բնական է, քանի դեռ չես խորացել բառերի իմաստների մեջ, քանի դեռ չես փշաքաղվել «պատերազմ», «դիմանալ», «կորցնել» բառերի ամբողջ տարողությունը զգալուց։

Նրանք, ովքեր ֆուտբոլի, եղանակի, դոլարի սակագնի մասին խոսակցությունների միջակայքում զրուցում են նաեւ պատերազմի մասին, չեն հասկանում, որ ի տարբերություն ֆուտբոլի, եղանակի ու դոլարի սակագնի, պատերազմը կամ խաղաղությունը կախված է հենց իրենցից։ Այսինքն՝ պատերազմի սկսվել-չսկսվելը պայմանավորված է իշխանության այն տեսակի գոյությամբ, որի միակ նպատակը հանուն խաղաղության պատերազմի պատրաստվելու անվան տակ ռեժիմ հաստատելն ու ռեսուրսներ մսխելն է։

Ութ տարի առաջ մեր երկրում տեղի ունեցավ մի բան, որն, ըստ էության, կարելի է հեղաշրջում անվանել։ Մարդիկ, ում պատերազմն էր բերել քաղաքական ասպարեզ, որոշեցին չավարտել այն։ Նրանք չհասկացան, որ չավարտված պատերազմն անվերջ շարունակություն ունի, իսկ անվերջ շարունակությունը պահանջում է անվերջ ռեսուրսներ։ Անվերջ շարունակությունն ու անվերջ ռեսուրսների փնտրտուքը պիտի հիմնավորապես վերացնեին ժողովրդավարությունը մի երկրից, որն իր բոլոր հաջողությունները գրանցել էր այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի կողմից ճանաչվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Եվ այն, ինչը ներվում էր ժողովրդավարության կղզյակ համարվող Հայաստանին, չի ներվելու այն պետությանը, որը կանգնած է միապետական վատ թաքնված համակարգի վրա։

Մեր պետությունն՝ անցած ութ տարում ունենալով ժողովրդավարության չափանիշներից բավական հեռու երկու նախագահական, երկու խորհրդարանական ընտրություն եւ մեկ հանրաքվե՝ չի կարող միջազգային հանրությանը համոզել, թե իր ներսում հարգվում է ժողովրդի ձայնը։ Իսկ եթե չի կարող համոզել, ապա վաղ թե ուշ չեն աշխատելու «ժողովուրդը չի հասկանա», «ժողովուրդը պատրաստ չէ» մեխանիզմները։ Մի օր անպայման մեր նախագահին հարց է տրվելու, եւ այդ հարցը տրվելու է այն մարդկանց կողմից, ովքեր աչք փակեցին ընտրությունների ու հանրաքվեի բացահայտ կեղծիքների դեմ, թե այդ ինչպե՞ս է հնարավոր չընտրվելով ընտրվել, իսկ Ղարաբաղի (եւ միայն Ղարաբաղի) հարցում հարգել ժողովրդի կարծիքը։

Հարցնելու են նաեւ, թե ինչպե՞ս է հնարավոր մի քանի օրում «չուլ» սարքել կառավարող կոալիցիայի մաս կազմող բավական ազդեցիկ մի կուսակցության կամ մեկ-երկու ամսում ստեղծել 200 հազարանոց մի այլ նոր ազդեցիկ կուսակցություն, իսկ Ղարաբաղի հարցում ձեւեր թափել, թե ժողովուրդը չի ների ոչ մի զիջում։ Չէ՞ որ 200 հազարանոց այդ բանակը հավաքագրողները որեւէ բառ չեն արտասանում գործող նախագահի եւ գոյություն ունեցող քաղաքական կուրսի դեմ։ Եթե միջազգային հանրությունն այս 200 հազարը բազմապատկի յուրաքանչյուրի ընտանիքի անդամների թվով, կստանա մոտավորապես 800 հազարից մեկ միլիոնանոց մի զանգված։ Եվ եթե սրան էլ գումարի ազդեցիկ մի այլ կուսակցության հետեւորդներին ու նրանց ընտանիքի անդամներին, մոտավորապես կստացվի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը։ Եթե այս մարդիկ համախմբվում են գործող նախագահի եւ պաշտպանության նախարարի բռնած դրոշի ներքո, ո՞նց կարող են հակառակվել նրանց խոսքին։ Ուրեմն կամ թիվն է սուտ, կամ էլ ասվածը։

Եթե միջազգային հանրությունն այս ամենին գումարի գործող մոտ երկու տասնյակ հեռուստաընկերությունների մեջ ընդդիմադիրի կամ գոնե ազատ խոսք ունեցողի բացակայությունը, պարզ կլինի, որ ԱԼՄ-ով երգող կամ ասմունքող երեխաները չեն ղարաբաղյան կարգավորման խոչընդոտը։

Եվ եթե այս ամենին էլ գումարեն Հայաստանի քաղաքական ծովում նավաբեկության ենթարկված ընդդիմությանը, որի ամեն անդամ ինքն իրեն նախագահ է կարծում եւ «փոսն ընկած» ժողովրդի հետ խոսելիս բացարձակապես չի շոշափում խաղաղության կամ գոնե հակամարտության լուծումներ գտնելու հարցը, ամեն ինչ պարզ ու հասկանալի կլինի։

(Հայաստանի քաղաքական կտավի վրա, իհարկե, անկարեւոր վրձնահարված է Ստեփան Դեմիրճյանի այցը Լեռնային Ղարաբաղ, բայց աննշան չէ նրա ոգեւորվածությունն այդ երկրամասի զարգացմամբ։ Որտե՞ղ է եղել «Արդարության» առաջնորդը, ի՞նչ է տեսել իր մեքենայի պատուհանից, որ այդպես ոգեւորվել է զարգացմամբ, դժվար է ասել, բայց դժվար չէ կռահել, որ Հայաստանի չկայացած նախագահը դուրս չի եկել Ստեփանակերտի կենտրոնից, որն իրոք տպավորիչ է):

Ադրբեջանն այսօր շեփորում է իր տնտեսական հաջողությունները, օրեցօր աճող ռազմական բյուջեն թրի պես ճոճում մեր գլխին, իսկ մենք դրան պատասխանում ենք մարտունակության, կազմակերպվածության ու համազգային համախմբման մասին արդեն ծամծմված եւ ճշմարտությանը ոչ այնքան մոտ արտահայտություններով։ Ու չենք մտածում, որ պատերազմի սպառնալիքի դեմ մեր միակ զենքը ոչ թե գոտիները ձգելով ռազմական ծախսերը մեծացնելն է, այլ՝ ժողովրդավարական համակարգ ստեղծելը։

Մենք այսօր չենք հասկանում, որ գործող իշխանությունների վերարտադրման դեպքում ոչ թե գրավված տարածքներն ենք զիջելու, այլ կորցնելու ենք Ղարաբաղը՝ լինի ստորագրությամբ, թե լինի պատերազմով։ Եվ նրանք, ովքեր աչք են փակել վերջին տասնամյակի բոլոր կեղծարարությունների դեմ, այս անգամ էլ են աչք փակելու, այս անգամ էլ են ասելու, թե ընտրություններն անցել են արդար, բայց ոչ թափանցիկ, կամ թափանցիկ, բայց ոչ արդար, ու եվրոպական խորհրդում ընթերցված մի զեկուցմամբ հավաստելու են, թե ուղղվելու հնարավորությունը դեռ սպառված չէ։

Իսկ մեր իշխանությունները լավից դեպի լավագույն ցատկոտելով՝ կանգնելու են փաստաթուղթ ստորագրելու անխուսափելիության առջեւ։ Տա Աստված, որ դա չլինի անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթը։