ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ խոստովանել է, որ իրենց հանձնաժողովի կազմակերպած նախորդ մրցույթների ժամանակ իրենք բավարար ժամանակ չեն ունեցել ուսումնասիրելու համար ներկայացված փաթեթները, եւ գտնում է, որ «ՀՌԱՀ մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունը դրական է: Օրենքում կատարված փոփոխությունը վերաբերում է մրցույթների անցկացման ժամանակացույցին, եւ համաձայն դրա, այսուհետ համապատասխան կապուղու համար մրցույթի մասին հայտարարվելու է տվյալ կապուղու գործունեության ժամկետի` լիցենզիայի ավարտից վեց ամիս առաջ: «Դրա նպատակն է՝ բավարար ժամանակ ունենալ եւ ավելի հանգամանալից ծանոթանալ առաջարկներին»,- հայտարարեց Գ. Ամալյանը՝ նշելով, որ նախորդ մրցույթների ժամանակ իրենք ժամանակի «խիստ ցայտնոտ» են ունեցել:
100,6 եւ 101,1 ՄՀց ռադիոհաճախականությունների մրցույթի արդյունքները ՀՌԱՀ-ը հրապարակելու է միայն 2005թ. փետրվարի 14-ին, իսկ մինչ այդ, ինչպես վստահեցրել է Ամալյանը, մրցույթի մասնակիցները կարող են ծանոթանալ մրցակիցների առաջարկ-փաթեթներին: «Ա1+»-ի փոխանցմամբ, «ՀՌԱՀ մասին» օրենքում կատարված վերոնշյալ փոփոխության մասին գրեթե ոչ ոք տեղյակ չէր, եւ այն հայտնի է դարձել միայն երեկվա նիստում: Իսկ այդ ռադիոհաճախականությունների համար հայտ էր ներկայացրել «Էմ Էս Էքսփլորեր» ընկերությունը, որի հիմնադիրներն են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը եւ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
101,1 ՄՀՑ ռադիոհաճախականության համար դիմել էր նաեւ «Ավտոռադիո» ՍՊԸ-ն, որի մրցութային փաթեթը հանձնաժողովին ներկայացնում էր Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի եղբորորդին, որը պատրաստակամություն հայտնեց 7 տարվա ընթացքում ներդնել 106,7 մլն դրամ: Իսկ եթերը, ըստ նրա, կլինի 24 ժամ, որտեղ լրատվական հաղորդումների ծավալը կկազմի 7%, իսկ հայրենական եւ սեփական արտադրության հաղորդումների ծավալը՝ 66%: Բացի այդ, նա վստահեցրել է, որ իրենք խոսելու են միայն անաղարտ մայրենիով, իսկ եթեր են հրավիրելու միայն «ճիշտ հայերեն խոսողներին»: Ավելին, պարոն Ամիրյանը Ամալյանին ու մյուս հանձնաժողովականներին համոզում էր, որ իրենց ռադիոեթերում թե՛ տեխնիկական քաղաքականությունը, թե՛ գովազդային քաղաքականությունը, թե՛ մյուս ոլորտներն աննախադեպ են լինելու: Ընդհուպ՝ մինչեւ տաղավարների օդափոխությունը, որի համար նրանք պատրաստ են ամենահայտնի արտասահմանյան ֆիրմաների տեխնիկան ներդնել: «Խոստանում ենք «առաջնթաց», «մեծագույն պրոգրես», անգամ՝ այնպիսի հեղափոխություն FM դաշտում, որ կլուծվի «ս» տառի հնչեղության խնդիրը, ռադիոեթերից ձայնը կհնչի գեղեցիկ, թավշյա»,- հայտարարեց «Ավտոռադիո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Իսկ 100,3 հաճախականության համար հայտ էր ներկայացրել «Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին խոստացավ ներդնել 40.000 դոլար, որից 26.000-ը կտրամադրեն տեխնիկայի ձեռքբերման համար: Նրանց ներկայացրած փաթեթից թերեւս ուշագրավ էր անվտանգության միջոցառումների մասին բաժինը: Օրինակ, նրանց ներկայացուցիչը հայտարարեց, որ ռադիոկայան կողմնակի անձանց մուտքն ընդհանրապես արգելվելու է, եւ տնօրինությունը հատուկ միջոցներ է ձեռնարկելու` «անթույլատրելի մարդկանց թափանցումը եթեր» կանխելու համար:
Սեփ.լր.