Այս ամառն այնքան շոգ է, որ եվրոպական շատ երկրներում մարդիկ շոգից անգամ մահանում են: Բայց մենք` հայերս, դեռ «էն գլխից» Վարդավառի նման գեղեցիկ տոն ունենք, եւ շոգ օրերին միմյանց ջրում ենք:
Անցյալ կիրակի էլ հայերը բոլ-բոլ իրար ջրեցին: Վարդավառն իսկապես շատ գեղեցիկ տոն է, եւ այն բացառիկ դեպքերից է, երբ եվրոպացիները մեզանից բան ունեն սովորելու:
Սակայն ողջ ցավը նրանում է, որ «ջրելու» ցանկություն հայերի մոտ առաջանում է ոչ միայն Վարդավառի օրը: Ավելին, հայերը սկսել են «ջրել» ինչ պատահի, ում պատահի եւ երբ պատահի: Օրինակ` նորաստեղծ կամ դեռ չբացված կուսակցություններ, հեռուստաընկերություններ, քրեական եւ քաղաքացիական գործեր: Եվ քանի որ Հայաստանում «մոյկեքի» գործը լավ է, սակայն բուհերի հիդրոմելիորատիվ ֆակուլտետներն առանձնապես պահանջարկ չունեն, կարելի է եզրակացնել, որ մեզ մոտ «ջրելու» գործը, շատ ուրիշ գործերի պես, դրված է բավականին ցածր մակարդակի վրա:
Վերջին օրերին մեր հեռուստաընկերությունները «կպած» լուսաբանում են բուհական ընդունելության քննությունները: Ես հասկանում եմ, որ «կրկին փորձիր» սկզբունքով նախարար դարձած Լեւոն Մկրտչյանը PR-ի կարիք ունի եւ նմանատիպ «անմեղ եւ չքաղաքականացված» ռեպորտաժներով սկսել է իր եւ իր կուսակցության նախընտրական արշավը: Բայց պատկերացնո՞ւմ եք, թե այդ քննությունների ընթացքում որքան խելացի երեխաների բողոքարկումներ «կջրվեն», որպեսզի «լավ պապաների ազիզ բալեքը» հինգ տարի անվճար «սովորեն» (սովորել բառը, տվյալ պարագայում, կՁԽ-ով հեռուստացույցի նման մի բան է դարձել) եւ հանկարծ բանակ չգնան: Բուզանդի փողոցի բնակիչների բողոքներն «ընենց չորով ջրեցին», որ անգամ Սահմանադրական դատարանը «օլոմբա կանգնեց»:
Հայաստանի քաղաքական եւ պետական գործիչներն այնպիսի ջանասիրությամբ են «ջրում» լրագրողների հարցերը, որ եթե այդ նույն ջանասիրությամբ ջրեն «Նիգ-Ապարանի» տնկած ծառերը (ի դեպ, հայերը, այդ թվում նաեւ` «Նիգ-Ապարան»-ը, այն, ինչ պիտի ջրեն, չեն ջրում), Հայաստանն այս աստիճանի անապատացման վտանգի առջեւ չէր կանգնի: Որովհետեւ սկսած լենինյան շաբաթօրյակներից մինչեւ վերոհիշյալ վերջին ծառատունկը, բոլոր ժամանակների միջին օղակների չինովնիկները յուրաքանչյուր գարնան վերջում հեռուստատեսությամբ եւ մամուլով մեզ համոզում են, որ իրենք իքս քանակությամբ ծառ են տնկել: Եվ եթե այդքան տնկիները ոչ միայն տնկվեին, այլեւ տնկելուց հետո խնամվեին, այսօր Հայաստանում Շվեյցարիայից շատ անտառ կլիներ: Իսկ մեզ մոտ առայժմ ավելի լավ է ստացվում ջրել մարդկանց, քան ծառերը: Եթե որեւէ մեկն ինձ հետ համաձայն չէ, կարող եմ ապացուցել: Ապրիլի 12-ի գիշերը ընդդիմությանն այնպես ջրեցին, որ մինչեւ հիմա շատերը «թրջված են»:
«Ջրելն» այնքան է դուր եկել հայերին, որ մենք արդեն սկսել ենք «ջրել» անգամ ջրի պրոբլեմները: Ջուրն անհիմն թանկացրեցին` ոչ մեկի պետքը չէ: Խոստացան, որ ջրամատակարարումը կդառնա շուրջօրյա, սակայն անգամ այնտեղ, որտեղ շուրջօրյա էր (օրինակ` Դավիթաշենում) ջուրը տալիս են ընդամենը մի քանի ժամ:
Չնայած, եթե արդեն Փարիզի եւ Մոսկվայի հրավերներն են «ջրվում», պարզ է, որ մանր-մունր հարցեր «կջրվեն ու կջրվեն»: Պարզապես վախենում եմ, որ նմանատիպ մի երկու հանդիպում «ջրելուց» հետո «ջուրը կվերջանա»: Իսկ այդ ժամանակ արդեն կսկսեն «ջրել» ոչ թե մեր «ջրողներին», այլ ողջ Հայաստանը:
Եթե ուշադրություն դարձնեք` «նոր հայերի» սլենգում «ջրել եւ ցրել» բառերը հոմանիշներ են դարձել: Բայց եթե նաեւ հիշենք, որ այդ նույն մարդիկ «ցրել» բառը հաճախ օգտագործում են նաեւ գողանալ իմաստով (համաձայնեք, որ պատահական ոչինչ չի լինում), ապա կարելի է ենթադրել, որ «ջրող եւ ցրող» հայերը նույն մարդիկ են:
Իհարկե, հիմա շոգ է, եւ «ջրելը» նույնիսկ դուրեկան է: Սակայն արդեն աշնանը, երբ նախընտրական պայքարը կմտնի վերջնական փուլ, այն այդքան էլ հաճելի չի լինի, առավել եւս, որ այդ ժամանակ ոչ թե իրար պարզապես ջրելու են, այլ իրար վրա «ցեխ են շպրտելու»: Իսկ դա այնքան էլ հաճելի տեսարան չէ, հատկապես, երբ այսօր շատերը հայտարարում են, որ իրենք «սպիտակ ձեռնոցներով են» ուզում մտնել պայքարի մեջ:
Հպարտ լինելով այն հանգամանքով, որ «մեր ջուրն աշխարհում երկրորդ տեղն է գրավում», այնուամենայնիվ, մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի ամեն ինչ «ջրել»: Վերջիվերջո, մեր ջուրը, ինչպես եւ կոնյակն ու Գեղամյանը, ազգային արժեքներ են: Եվ այն չի կարելի անխնա օգտագործել: Եվ քանի որ ես լավատես եմ, հետեւաբար համոզված եմ, որ մենք այնպես կօգտագործենք մեր ջուրը, որ հաջորդ սերունդները եւս հպարտանալու առիթ ունենան եւ իրար կջրեն միայն Վարդավառի օրը: Եվ վերջապես՝ մի ջրեք, որ չջրվեք…