Կույր պետք է լինել՝ կոռուպցիայի աճը չտեսնելու համար

28/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Կոռուպցիայի դեմ պայքարն անցումային տնտեսությամբ երկրներում – Ո՞վ է հասել հաջողությունների եւ ինչո՞ւ» (ԿԴՊԱՏԵ 3) խորագրով ՀԲ-ի հաշվետվությունն ընկերությունների մակարդակով անդրադարձ է կատարել հարցումների միջոցով հավաքագրված տվյալներին եւ եզրակացրել, որ` «տարածաշրջանում կոռուպցիայի կրճատման ուղղությամբ ակնհայտ առաջընթաց է նկատվում»: Այնուամենայնիվ, ըստ ՀԲ-ի գնահատականի, Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում կոռուպցիան մնում է ավելի բարձր մակարդակի վրա, քան Արեւմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում: Ընդ որում` խոշոր ընկերությունների համար կաշառակերությունն ավելի զգալիորեն է նվազել, քան փոքր ընկերությունների համար, որոնք հաճախ հանդես են գալիս տնտեսական աճը խթանողի եւ նոր աշխատատեղեր ստեղծողի դերում:

ԿԴՊԱՏԵ 3-ը կոռուպցիայի թեմայով ՀԲ-ի 3-րդ հաշվետվությունն է, որը հիմնված է ՎԶԵԲ-ի եւ ՀԲ-ի կողմից համատեղ իրականացվող Գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հարցախույզի (ԳՄՁԳՎՀ) արդյունքների վրա: Այս հարցախույզն իրականացվում է 3 տարին մեկ անգամ (վերջինը` 2005թ.) նախկին սոցիալիստական 26 երկրներում եւ Թուրքիայում, որոնք համեմատվում են Արեւմտյան Եվրոպայի 5 երկրների` Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի հետ:

«2002թ.-ից ի վեր երկրների մեծ մասում ընկերություններն ավելի հազվադեպ եւ ավելի փոքր գումարով են կաշառք տալիս` նշելով, որ կոռուպցիան ներկայումս այնպիսի լուրջ խնդիր չէ, ինչպես անցյալում»,- ասել է հաշվետվության համահեղինակ եւ ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով ստորաբաժանման ավագ տնտեսագետ Ջեյմս Անդերսոնը: Նա հավաստիացնում է, որ ուսումնասիրությունը ժխտում է այն կարծիքը, թե կոռուպցիայի գծով իրավիճակը գնալով ավելի է վատանում: ՀԲ-ն գտնում է, որ կոռուպցիայի կրճատումը զգալի է հատկապես այն ոլորտներում, որոնցում բարեփոխումներ են իրականացվել:

ԿԴՊԱՏԵ 3-ն ընդհանուր առմամբ դրական է համարում անցումային տնտեսությամբ երկրների կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն երբ անդրադառնում է կոնկրետ Հայաստանին, հասկանալի է դառնում, որ մեզ մոտ իրավիճակը հեռու է լավ լինելուց: Ըստ ՀԲ-ի, կոռուպցիան բնութագրող մի շարք ցուցանիշներ ՀՀ-ում չեն փոփոխվել, թեեւ կաշառակերության դեպքերի հաճախականությունը շարունակում է ցածր մնալ ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից:

Հաշվետվության հեղինակները եզրակացնում են, որ առանձնապես շոշափելի առաջընթաց է արձանագրվել անցումային տնտեսությամբ երկրների հարկային եւ մաքսային ոլորտներում: Օրինակ, Սլովակիայում ֆիքսված դրույքով շահութահարկին անցումը բարելավել է ընկերությունների պատկերացումները հարկային համակարգի վերաբերյալ: Շատ այլ երկրներում նույնպես հարկերից խուսափելու դեպքերը եւ կաշառակերությունը նվազել են: Իսկ մի շարք երկրների մաքսային մարմիններում վիճակը լավացել է շնորհիվ օրենսդրական բարեփոխումների: Որոշ երկրներ ներդրումներ են կատարել տեղեկատվական նոր տեխնոլոգիաների բնագավառում, սահմանափակել են ֆիզիկական անձանց` զննության ենթակա ապրանքների ընտրությունը պաշտոնյաների հայեցողությամբ կատարելու հնարավորությունները: Մի շարք երկրներում սահմանի վրա մաքսազերծման տեւողությունը եւ մաքսային պաշտոնյաների կողմից կաշառակերության դեպքերը կրճատվել են: Բայց այդ երկրների շարքում Հայաստանը չկա: ՀԲ-ն գտնում է, որ հատկապես ՀՀ-ի հարկային ու մաքսային մարմիններում եւ դատարաններում կաշառակերության դեպքերը վերջին 3 տարիներին հաճախակիացել են: «Հարկային վարչարարության ոլորտում կաշառակերությունն առանց այդ էլ բարձր մակարդակից ավելի է բարձրացել Ղրղըզստանի Հանրապետությունում, նախկինում միջին մակարդակից բարձրացել է Սերբիայում եւ Չեռնոգորիայում եւ նախկինում ցածր մակարդակից բարձրացել է Հայաստանում»,- նշված է ԿԴՊԱՏԵ 3-ում:

Դատաիրավական համակարգում, սակայն, իրավիճակն ավելի լուրջ է. դատարաններում կոռուպցիայի ընդհանուր մակարդակն անցումային տնտեսությամբ երկրներում չի նվազել: Այնուամենայնիվ, որոշ երկրներ այս խնդրի ուղղությամբ քայլեր ձեռնարկում են: Օրինակ, ՌԴ-ում եւ Վրաստանում բարձրացրել են դատավորների աշխատավարձերը, Խորվաթիայում ներդրել են դատական վարույթների ավտոմատացված կառավարման համակարգեր, Սլովակիայի Հանրապետությունում կոռումպացված դատավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցառումներ են իրականացվում: Արդյունքում, 3 տարիների ընթացքում որոշ երկրների (Վրաստան, Ռումինիա, Սլովակիա) դատարաններում կաշառակերության դեպքերը նվազել են, իսկ մի քանի երկրներում (Ալբանիա, Սերբիա, Չեռնոգորիա, Հայաստան)` շատացել: Ի դեպ, քաղաքացիներին իրենց իրավունքների վերաբերյալ կրթելու առնչությամբ ՀԲ-ն Հայաստանում դրական երեւույթ է համարում «Իմ իրավունքը» հաղորդաշարի հեռարձակումը եւ հատկապես այն, որ դատական նիստերը նախագահող դատավորի դերում պետական պաշտոնյա է հանդես գալիս:

ՀԲ-ն հաշվարկել է նաեւ օրենսդիր մարմիններում կոռուպցիայի մակարդակը, երբ օրենսդրական դաշտը ձեւավորվում է` փոքրաթիվ անձանց շահերից ելնելով: Այս առումով 2002-2005թթ. վիճակն էականորեն բարելավվել է Բուլղարիայում, Լատվիայում, Սլովակիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Սլովենիայում: «Մինչդեռ 2002թ.-ի համեմատ 2005թ. իրավիճակը զգալիորեն վատթարացել է Ալբանիայում, Հայաստանում, Ռուսաստանում եւ Ադրբեջանում»,- նշվում է ԿԴՊԱՏԵ 3-ում: Նկատենք, որ ՀԲ-ն հիմնականում բոլոր երկրների համար բացասական է համարում ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիության անհարկի լայն երաշխիքների տրամադրման իրողությունը:

ՀԲ-ն արձանագրում է նաեւ կոռուպցիայի հետ կապված առանձին ցուցանիշներ, որոնցով Հայաստանը, մեղմ ասած, գտնվում է անմխիթար վիճակում: Հայաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի վերաբերյալ տվյալները, որոնք 2002 եւ 2005թթ. առանձնապես տարբեր չեն, ցույց են տալիս, որ այդ երկրներում ընկերությունները կոռուպցիան այնպիսի լուրջ խնդիր չեն համարում, ինչպես այն համարվում է ԱՊՀ մյուս երկրներում: Խորվաթիայում, Լիտվայում, Հայաստանում եւ Հունգարիայում ընկերությունների հասույթի մեջ տրված կաշառքների տեսակարար կշիռը 2002-2005թթ. էականորեն չի փոփոխվել: Սակայն այդ երկրների տնտեսության աճի բարձր տեմպից ՀԲ-ն եզրակացնում է, որ կաշառքներին ուղղվող միջոցների ընդհանուր ծավալները նշված ժամանակահատվածում աճել են: Ընկերությունների գրանցման եւ հարկման գործընթացներում կաշառակերության դեպքերը հաճախակի են Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում: Սակայն այս երկրների համեմատ` այս առումով վիճակն ավելի բարդ է Ադրբեջանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ Ուզբեկստանում: Կոռուպցիան որպես գործարարությանը խոչընդոտող խնդիր դիտարկելու առումով էական բարելավումներ են արձանագրվել Վրաստանում, Բելառուսում, Խորվաթիայում եւ Սլովակիայում, մինչդեռ 2002թ.-ի համեմատ 2005թ. կոռուպցիան ավելի լուրջ խնդիր է դարձել Հայաստանի եւ ՆՀՀ Մակեդոնիայի գործարարության համար:

Սակայն ամենաուշագրավը թերեւս ՀԲ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը տրված գնահատականն է: «Հայաստանում 2003թ. մշակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության եւ գործողությունների ծրագիր, իսկ 2004թ. ստեղծվել է բարձր մակարդակի Հակակոռուպցիոն խորհուրդ` երկրի վարչապետի նախագահությամբ: Սակայն 2005թ.-ի ԳՄՁԳՎՀ-ի արդյունքները ցույց են տալիս, որ կոռուպցիայի մի շարք չափումների գծով 2005թ. իրավիճակը 2002-ի համեմատ զգալիորեն վատթարացել է»,- նշվում է ՀԲ-ի հաշվետվությունում` նկատի ունենալով, որ այս տարիների ընթացքում վերոնշյալ կառույցները, այսինքն` ՀՀ իշխանությունները «մատը մատին չեն խփել»: ԿԴՊԱՏԵ 3-ում Հայաստանը համեմատվում է Վրաստանի հետ, որտեղ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության եւ գործողությունների ծրագիրը զուգակցվել է քաղաքականությունների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների լայնամասշտաբ միջոցառումների եւ կիրարկման ագրեսիվ գործողությունների հետ, որոնք ի վերջո հանգեցրել են կոռուպցիայի մակարդակի նվազմանը: ՀԲ-ի հաշվետվության համահեղինակ Շերիլ Գրեյը նշել է, որ Վրաստանում ղեկավարների նոր կազմն իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարի հենահարթակի վրա եւ որպես բարեփոխումների օրակարգի առաջնահերթ խնդիր դիտարկում է կառավարման համակարգի բարելավումը: «Ուժեղ առաջատարի առկայությունը սկզբունքորեն կարեւոր գործոն է կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Յուրաքանչյուր երկիր, որտեղ կոռուպցիայի կրճատման ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել, կա ուժեղ առաջատար, ում համար թափանցիկությունն ու հաշվետվողականությունն առաջնահերթ գերակայություններ են»,- ասել է Գրեյը: Կարելի է ենթադրել, որ եթե, ըստ ՀԲ-ի, 3 տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել, ուրեմն մեր «առաջնորդներն» այդ գործում կամք չեն դրսեւորել: Ցավոք, այս մասին քաջ գիտակցում են նաեւ իրենք` «առաջնորդները»: Հիշենք, որ ամիսներ առաջ ՀՀ նախագահին կից Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին ղեկավար Բագրատ Եսայանը հայտարարեց, որ «ժողովուրդն իշխանություններին չի հավատա այնքան ժամանակ, քանի դեռ մի քանի շնաձկներ չեն բռնվել»: