Հայերը ցանկացած պարագայում փորձում են հավելյալ փողեր աշխատել` երբեմն նույնիսկ չարաշահելով այլ կազմակերպությունների վստահությունն ու լավությունը: Օրերս Արմեն անունով մի երիտասարդ նման միջադեպի մասնակից էր դարձել Երեւանի «Ջրաշխարհում»:
Հանգստյան այս վայրի մուտքի տոմսն արժե 4000 դրամ: Սակայն «Ջրաշխարհ» կարելի է մտնել նաեւ հրավիրատոմսերով, որը հաստատությունը երբեմն նվիրում է տարբեր կազմակերպությունների ու հիմնարկությունների: Մեր զրուցակիցը «Ջրաշխարհի» մուտքից մի քանի մետր հեռավորության վրա հանդիպել էր «լավ հագնված» մի երիտասարդի, ով նրան առաջարկել էր 3500 դրամով հրավիրատոմսեր գնել իրենից: Սկզբում Արմենը կասկածել է դրանց իսկության վրա, բայց երբ տեսել է, որ տոմսը վավեր է ամբողջ տարվա ընթացքում, եւ դրա վրա առկա է «Ջրաշխարհի» կնիքը, որոշել է խնայել 500 դրամը: Բացի այդ, «տոմսավաճառը» նրան հավաստիացրել է, որ նա դեսպանատան աշխատակից է, այդ հրավիրատոմսերը ստացել է դեսպանատունը, բայց քանի որ իրենց դրանք պետք չեն, որոշել է վաճառել: Դեռ ավելին, նա ցույց է տվել իր մոտ եղած բոլոր հրավիրատոմսերը` թվով մի քանի տասնյակ: Դրամարկղի մոտ Արմենը խնդիր չի ունեցել. նրա ձեռքին հեշտությամբ ամրացրել են մուտքի թույլտվության թուղթը: Սակայն «Ջրաշխարհի» անվտանգության ծառայության ղեկավարը մոտեցել է Արմենին եւ խնդրել է ասել, թե որտեղից է նա ձեռք բերել այդ հրավիրատոմսը: Տեսնելով Արմենի եւ անվտանգության աշխատակցի խոսակցությունը` «տոմսավաճառը» նստել է արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենան եւ հեռացել: Իհարկե, Արմենը հեշտությամբ մտել է «Ջրաշխարհ», սակայն այս ամենն ընկերությանը մտահոգվելու տեղիք է տալիս: Չէ՞ որ, եթե բոլոր հրավիրվածները նման ձեւով վարվեն, ընկերությունը լուրջ ֆինանսական կորուստներ կկրի: Իսկ գերատեսչություններն ու դեսպանությունները պետք է նման հարցերում ավելի ուշադիր լինեն, քանզի դրանք կարող են բացասաբար անդրադառնալ իրենց հեղինակության վրա:
Ս.Գ.