Գյուղմթերքը չի էժանանա

28/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2006թ. Գյուղատնտեսական տարին կարծես թե կիսվեց, բայց շուկա մտնելիս տպավորություն է ստեղծվում, թե գարունը նոր է բացվել, մրգերի ու բանջարեղենի առաջին քաղը նոր-նոր է քաղաք հասել, եւ ուր որ է, սկսվելու է մեծ բերքահավաքը, ու ամեն ինչ էժանանալու է: Սակայն շուտով արդեն վերջանում է ամառվա երկրորդ ամիսը, ու շուկաներում գյուղատնտեսական մթերքի հիմնական գինը 300-500 դրամ է:

Այնքան, որքան որ ձմռանն էր: Վաղ գարնանը մեր պետական այրերն, իրենց ասելով, հայրենասիրական նկրտումներից ելնելով` արգելեցին Թուրքիայից սննդամթերքի, այդ թվում եւ` գյուղմթերքի ներկրումը, եւ մեզ հուսադրեցին, թե` մինչեւ գարուն դիմացեք, մեր երկրի բերքուբարիքը դուրս գա` մեզ ծով կանի: Հետո պարզվեց, որ ոչ միայն սննդամթերքի ներմուծումն է հայրենական մոնոպոլիստների ձեռքին, այլ նույն վիճակում են նաեւ գյուղատնտեսական մթերքի արտադրությունն ու վաճառքը: Ու հենց դրա համար էլ արգելվեց Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների ներկրումը, ինչը մեր շուկայում գնագոյացման ժամանակ որոշակի դեր էր կատարում` իր էժանությամբ բավականին լավ մրցակցություն էր ստեղծում եւ համեմատաբար ցածր գնի վրա էր պահում տեղական արտադրանքը: Հիմա մեզ մոտ հատկապես ջերմոցային տնտեսությունը եւ գյուղմթերքի արտահանումն է մենաշնորհային վիճակում: Եվ մեր ջերմոցատեր իշխանիկներն իրենց գրպանը տռզեցնելու համար արգելեցին գյուղմթերքի ներկրումը, իսկ իրենց արտադրանքի վրա էլ դրեցին, շուկայի լեզվով ասած, իրենց հոր գինը: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե խոշոր ջերմոցային տնտեսություններ ունեն ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ազգային անվտանգության ղեկավարները, ու հենց նրանք էլ միշտ բարձր են պահում գյուղմթերքի գները: Իհարկե, այն սեզոնին, երբ հողի բերքը դեռ դուրս չի եկել: Մասնագետներն ասում են, թե հունիս-հուլիսին սեփականատերերն իրենց ջերմոցները բացել են, ու բանջարեղենի մասսայական հասունացում է տեղի ունենում: Մինչեւ հիմա շուկայի գյուղմթերքի մեծ մասը ջերմոցային է եղել:

Գյուղատնտեսության նախարարության մասնագետները վաղ գարնանից մեզ հուսադրում են, թե հուլիսի վերջին ու օգոստոսի կեսին լինելու է «հողի» բերքի մասսայական բերքահավաքը, ու գյուղմթերքի գները կտրուկ իջնելու են: Իսկ այս տարվա թանկությունը նրանք բացատրում էին երաշտի պատճառով: Սակայն նորից նշենք, որ մինչեւ հիմա շուկա է դուրս եկել ջերմոցների եւ Արարատյան դաշտավայրի գյուղմթերքը, որի վրա երաշտը շատ մեծ ազդեցություն չէր կարող ունենալ, որովհետեւ այդ տարածաշրջանում ցանքատարածությունները ոռոգելի են: Ճիշտ է, երաշտն իր սեւ գործն այդտեղ էլ է արել, բայց ոչ այնքան, որ պտուղբանջարեղենի գներն անցած տարվա համեմատ երեք անգամ բարձր լինեն: Իսկ հիմա, երբ բանջարեղենի մասսայական բերքահավաք է սկսվել, հույս կա, որ գները կիջնեն: Սակայն շուկաներում նման միտում ընդհանրապես չի զգացվում: Անցած տարի այս ժամանակ պոմիդորի ու սմբուկի միջին գինը 100 դրամ էր, վարունգի եւ կարտոֆիլի գինը` 70-100 դրամ: Այս պահին այդ գները համապատասխանաբար տատանվում են 250-400 եւ 150-250 դրամի սահմաններում: Գյուղմթերքի գների այս տարվա զարգացումը կամ, ավելի ճիշտ, կայունացումը մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս, որ նույնիսկ բերքառատ օգոստոսին գյուղատնտեսական արտադրանքը չի էժանանալու: Մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ հուլիս-օգոստոս-սեպտեմբեր, նույնիսկ հոկտեմբեր ամիսներին Հայաստանում սովորաբար ընդհանուր գնաճի տոկոսը շատ ցածր էր լինում, կամ, ավելի ճիշտ, գնանկում էր գրանցվում: Մեր սպառողներին եւ վիճակագիրներին այդ հաճույքը պատճառում էին գյուղմթերքի ցածր գները: Իսկ այս տարի, ինչպես տեսնում եք, հաճելի անակնկալներ չեն լինելու: Թե՛ մրգերի, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաների միջին գինը 350 դրամ է: Տպավորություն է ստեղծվում, կարծես մի քանի հոգի հավաքվել ու գին են սահմանել:

Կարծիք կա, որ գյուղատնտեսական ապրանքների թանկացման համար իրենց ներդրումն ունեն նաեւ շուկաների տերերն ու վերավաճառողները: Նրանք իրենց տարածքները վերավաճառողներին վարձով են տալիս բավականին բարձր գներով, ինչն ազդում է մթերքի գնագոյացման վրա: Բացի այդ, գյուղացիներն այսօր քաղաքում չեն կարող վաճառել իրենց արտադրանքը, շատ դեպքերում վերավաճառողների խավը նրանց թույլ չի տալիս: Կարծիք կա նաեւ, որ պակասել է ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքն, ու առաջարկի քիչ լինելը բերում է գների բարձրացման: Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով` գյուղացին խուսափում է շատ արտադրելուց, որովհետեւ վախենում է, թե չի կարողանա իրացնել: Դրա համար էլ հիմա կարծես թե ընդհանուր ցանքատարածություններն էլ են կրճատվել, բերքն էլ քչացել է ու թանկացել: Նման իրավիճակի մենք հանդիպեցինք 2004թ., երբ կարտոֆիլի մեծ բերքը գյուղացիները չկարողացան ամբողջությամբ իրացնել: Իսկ անցյալ տարի այգեպանները դեղձը չէին կարողանում հավաքել, որովհետեւ չէին կարողանում այն վաճառել: Այս տարի գյուղատնտեսությունը կարծես սեւ օրեր է ապրում, թեպետ Վիճվարչությունն անցյալ տարվա համեմատ 7 տոկոսով աճ է գրանցել ոլորտում: