Երեւանի դատախազությունն ավարտել է Երեւանի տարադրամի փոխանակման երկու կետերի 2006թ. հունվարին կատարված ավազակային հարձակումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում պարզվել ու հիմնավորվել է, որ Բաղրամյան 2 հասցեում գտնվող «Աերոէքս» ՍՊԸ-ի, ինչպես նաեւ Ազատության 1 հասցեում գտնվող «Յուգ-Ավիայի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետերի վրա հունվարի 21-ին եւ 27-ին հարձակումներ կատարողը եղել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Ա. Թորոսյանի ղեկավարած «զինված բանդան»: Ըստ Դատախազության հաղորդագրության, Ա. Թորոսյանն` իմանալով, որ Երեւանի մի շարք տարադրամի կետերում անվտանգության ապահովումը պատշաճ վիճակում չէ, դրանց վրա հարձակում կատարելու հատուկ նպատակով հունվարի 18-ին եկել է Հայաստան: «Իր նպատակներն իրականացնելու համար նա Թբիլիսի քաղաքի բնակիչ Կ. Դավթյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշեն անցակետով, մաքսանենգ ճանապարհով, Հայաստան է տեղափոխել Վրաստանում ապօրինի ձեռք բերած եւ պահած հրազենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները («ԻԺ-79-8» տեսակի, 9մմ տրամաչափի, ակոսավոր փողով ատրճանակ իր խլացուցիչով, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներով)»: