Բուհերի ընդունելության քննությունների ժամանակ բավական լուրջ քննություն է դարձել օտար լեզու առարկան։ Առաջին հայացքից, երբ տեսնում ես, թե որքան տարբեր օտար լեզուներից են քննություն հանձնում հայ դիմորդները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն), մտածում ես, թե մեր ազգը պոլիգլոտ է դարձել։
Սակայն, բավական է ներկա գտնվել օտար լեզվի մեկ-երկու քննության, ու անմիջապես համոզվում ես, որ լեզուների քանակն ամենեւին էլ որակի նշան չէ։ Չենք վախենում այս բառից ու ասում ենք, որ խայտառակ տեսարան է հատկապես ռուսերեն լեզվի քննության ժամանակ՝ թե գրավոր եւ թե բանավոր խոսքում։ Հուլիսի 20-25-ի տվյալներով՝ ռուսերեն լեզվի գրավոր քննության են մասնակցել 222 դիմորդ, որից 93-ը 8 միավորից ցածր է ստացել, այսինքն՝ անբավարար։ 19 ուսանող ստացել է 20 միավոր, իսկ 14-ը՝ 19 միավոր։ «Վերջին ռեկորդը՝ 82 սխալ է եղել 185 խոսքից կազմված թելադրությունում։ Եվ սա` այն դեպքում, երբ թելադրությունների շտեմարանն արդեն 4 տարի գոյություն ունի»,- տեղեկացնում է «Ռուսաց լեզու եւ գրականություն» առարկայի քննական հանձնաժողովի նախագահ Պավել Բալայանը։ Իրավիճակն ավելի տխուր է ռուսաց լեզվի եւ գրականության քննության ժամանակ, երբ «ապագա ռուսագետները» չգիտեն, թե ով է Տուրգենեւը, Լերմոնտովը կամ Չեխովը։ Մինչ օրս 99 դիմորդ է քննություն հանձնել այս առարկայից, որից 34-ն արժանացել է անբավարար գնահատականի։ Բնականաբար, այս դեպքում 20 կամ 19 միավորով գնահատականներ լինել չեն կարող։ Ընդամենը 4 հոգի՝ 18 եւ 5 հոգի՝ 17 միավոր է ստացել։ Տեսարանը շատ տխուր է, հատկապես, եթե հիշում ենք, որ Խորհրդային տարիներին հայերի ռուսերենի իմացության մակարդակը միշտ բարձր է գնահատվել։ «Երեխաների մեծ մասը, պարզապես, անպատրաստ է։ Ռուսերենի չեն տիրապետում, ռուսերեն գրականություն չգիտեն, վերլուծությունը 0 է։ Մեղք են։ Սակայն ձգտում ունեն։ Շատերին թվում է, եթե հեռուստացույցով ռուսերեն ֆիլմ են նայում, ուրեմն տիրապետում են այդ լեզվին ու թելադրություն կգրեն»,- ասում է Պ. Բալայանը։ Նա մեղադրում է դպրոցներին, որտեղ ռուսերեն առարկան դասավանդվում է ընդամենը 2 ժամով։ Ամոթ է նույնիսկ խոսել շրջանների մասին, որտեղ նույն ուսուցիչը դասավանդում է եւ անգլերեն, եւ ռուսերեն, եւ այլ օտար լեզուներ։
Ինչքա՞ն կարելի է պատմել «My family» եւ «My hobby»
Ուսումնասիրելով մինչ օրս տեղի ունեցած քննությունների արդյունքները՝ հստակ կարելի է ասել, որ անգլերեն լեզվից բարձր գնահատական ստացողները գերիշխում են։ Վերջին օրերի հասանելի արդյունքների համաձայն (20.07.2006-25.07.2006)` անգլերեն լեզվից գրավոր քննություն հանձնած 1103 դիմորդից 18-20 միավոր են ստացել 461-ը։ Մեծ թիվ է կազմում նաեւ 17 միավորը, իսկ 8-ից ցածր ստացողները 79-ն են։ Անգլերեն լեզվի բանավոր քննության արդյունքները նույնպես բավական բարձր են՝ 292 դիմորդից 8-ը ստացել են 20, 14-ը՝ 19-ը, 16-ը՝ 18 միավոր։ Շատ են նաեւ 17 միավոր ստացողները՝ 31 հոգի։ Անբավարար ստացածների թիվը 12 է։ Սակայն այս արդյունքները չզարմացրին ռուսաց լեզվի բանավոր հանձնաժողովի նախագահին, ով համոզված էր՝ «իրականում մենք չունենք օտար լեզվի իմացություն՝ ոչ անգլերենից, ոչ ռուսերենից, ոչ էլ չինարենից։ Սա պարզապես վարժեցվածություն է»։ Այս կարծիքին է նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ում հանդիպեցինք քննություններին ստուգայցի ժամանակ։ Նախարարը պատմեց, թե ինչպես գերմաներենի գրավոր քննության ժամանակ դիմորդը կանչել է հանձնաժողովի նախագահին եւ ասել, որ «տեքստում երկու տող պակասում է»։ «Շտեմարանները փոքր ծավալ ունեն, եւ արդեն 7-րդ տարին է` դիմորդներն անգիր են անում ծրագիրը։ Օգոստոսից հետո պետք է այդ խնդիրը լուծենք»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Մկրտչյանը։ Ընդհանուր առմամբ ԿԳ նախարարը նորմալ է համարում քննությունների ընթացքը եւ կարծում է, որ դրանք կարելի է իդեալական համարել այն ժամանակ, երբ միջին գնահատականները տատանվեն 14-16 բալերի սահմաններում։ «Հայ Ժողովրդի պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա՝ մի խոսքով ծանր առարկաների դեպքում այս միջին գնահատականը հնարավոր է պահել։ Ցավոք, խնդիր ունենք լեզուների բնագավառում»,- ասում է Լ. Մկրտչյանը։
Անգլերեն լեզվի բանավոր քննության նախագահ Գայանե Գասպարյանն ամենեւին էլ չի կիսում կարծիքը, թե դիմորդների բարձր գնահատականները վարժեցվածության հետեւանք են. «Ես առ այսօր չեմ վարժվել այս շտեմարանին, որի հեղինակներից մեկն էլ ես եմ։ Մի քանի առաջադրանք կարելի է վարժեցնել։ Սակայն բարձր գնահատականների համար կարեւորում ենք զրույցը։ Զրույցի ժամանակ ավելի լավ են գնահատվում դիմորդի գիտելիքները»։
Անարդարություն, այնուամենայնիվ, այստեղ կա. ռուսերեն բանավոր հանձնող երեխան ստիպված է իմանալ նախադասության վերլուծություն, գրականություն, իսկ անգլերեն բանավոր հանձնող երեխան բավարվում է «My family», «My hobby» եւ այլ թոփիկներով։ Իհարկե, բանասերը պարտավոր է ճանաչել Դոստոեւսկուն, Չեխովին եւ Տոլստոյին, սակայն անգլիագետին, գերմանագետին կամ էլ ֆրանսագետին չէր խանգարի քննությունների ժամանակ «My family»-ի փոխարեն պատմել Շեքսպիրի, Բրեխտի կամ Բալզակի ստեղծագործությունները։ Սա, թերեւս, հավասար մրցակցության պայմաններ կապահովեր։ «Անգիր սովորած թոփիկը դեռ ոչինչ չի նշանակում։ Մի կողմ ենք դնում թոփիկը եւ նույն այդ թոփիկի շուրջ պարզապես հաղորդակցվում ենք։ Թող դիմորդը չիմանա՝ որտեղ է Վաշինգտոնը, բայց թող ազատ խոսի։ Դա ես ավելի եմ գնահատում»,- ասում է Գ. Գասպարյանը։
Ինչ վերաբերում է գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուների քննություններին, ապա այստեղ պատկերը հետեւյալն է. 20.07.06-25.07.06-ի արդյունքներով՝ 18-20 միավոր գերմաներեն գրավորից ստացել է 79 դիմորդ, անբավարարները՝ 15-ն են (154 դիմորդ է մասնակցել)։ Գերմաներեն բանավոր քննությանը մասնակցել է 38 հոգի, որից 18-20 միավոր ստացողները 2-ն են, անբավարարների թիվը նույնպես 2-ն է։ Ֆրանսերենի գրավոր քննություն հանձնած 117 դիմորդից 50-ը ստացել են 18-20 միավոր, 10-ը՝ անբավարար։ 20 միավոր ֆրանսերենի բանավորից դեռ չի եղել։ 18-19 միավորները 12-ն են։ Իսկ 44 դիմորդներից 5-ը կտրվել են քննությունից։ Այս տարի իսպաներենից քննություն կհանձնի 19 դիմորդ։ Գրավոր քննությունն արդեն տեղի է ունեցել եւ ոչ ոք չի կտրվել։ 17 հոգի ստացել են 18-20 միավոր։ Իսպաներենի բանավոր քննությունը նախատեսված է հուլիսի 29-ին։ Միայն մեկ դիմորդ է հանձնել իտալերենի գրավոր քննություն եւ ստացել 15 միավոր։ Հուլիսի 29-ին այդ դիմորդը կհանձնի բանավոր քննությունը։
Պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Երեկ պարսկերեն լեզվի գրավոր քննության օրն էր։ Ընդամենը երեք դիմորդ էր քննություն հանձնում: «Պարսկերենը բավական բարդ գրային համակարգ ունի։ Նրանք, ովքեր այս լեզուն են հանձնում՝ շատ ավելի մեծ ռիսկի են դիմում։ Եվ, ցավոք, օտար լեզու հանձնողները հավասար պայմաններում են»,- ասաց պարսկերեն լեզվի քննական հանձնաժողովի նախագահ Գառնիկ Ասատրյանը։ Նախորդ տարիների համեմատ սա շատ ցածր թիվ է, քանզի ժամանակին մինչեւ 51 դիմորդ է եղել։ Հայաստանի 30-ից ավելի դպրոցներում այսօր դասավանդվում է այս լեզուն, ու ըստ Գ. Ասատրյանի՝ այս երեք դիմորդները հավանաբար հենց այդ դպրոցների շրջանավարտներ են։ «Պարսկերենը մեր երկրի համար շատ կարեւոր, ռազմավարական լեզու է։ Մեր անմիջական հարեւանը Իրանն է, եւ շփման համար լեզվի իմացությունը շատ կարեւոր է»,- ասում է Գ. Ասատրյանը։
Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ-ում ապրում է շուրջ 3000 իրանցի, որից 1500-ը գործարար է, իսկ 1500-ը՝ ուսանող։
Դիմորդների 20.5 տոկոսը հայերեն չգիտի
Իրականում, ոչ մի սարսափելի բան չկա, երբ երեխան օտար լեզվին «փայլուն 20-ի» չի տիրապետում (սակայն, եթե արդեն քննության է գալիս, ապա գոնե փայլուն «16-ի» գիտելիքներ պետք է ունենա)։ Ողբերգությունն այն է, որ այսօր երեխաները պարզապես չգիտեն իրենց մայրենի լեզուն եւ գրականությունը։ Փառք Աստծո, այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ դեռեւս Սասունցի Դավիթը չի վերածվել զոհված ազատամարտիկի, ոչ էլ Խ. Աբովյանն է «Գրին քարտով» մեկնել Ամերիկա (նախորդ տարիների քննություններին արձանագրված դեպքերից է), սակայն սա դեռեւս մխիթարանք չէ։ Դիմորդներն այսօր չգիտեն՝ ինչպես բնութագրել հերոսին, տրամաբանական վերլուծություններ անել։
Արդեն երեք օր է, ինչ ընթանում է հայոց լեզվի բանավոր քննությունը (այսօր չորրորդ օրն է)։ 150 նախատեսված մասնակիցներից քննության են մասնակցել 136-ը։ Դեռեւս 20 միավոր գնահատական չի արձանագրվել։ Մեկ դիմորդ 19-ն է ստացել, 2-ը՝ 18 եւ 4-ը՝ 17 միավոր։ 8-ից ցածր ստացողները 28-ն են։ Ամենատարածված գնահատականն այս քննության ընթացքում 8-ն է՝ 39 հոգի։ «Բարձր գնահատական ստանալու համար երեխան ոչ թե պետք է «Քաոսի» սյուժեն պատմի, այլ պատկերացում կազմի վեպի գաղափարի մասին։ Ինչ վերաբերում է նախադասության վերլուծությանը, այն պետք է ունենա գծապատկեր, բնույթ, պարզեցում։ Ես չեմ զլանա 19-20 նշաններից, սակայն ես ուզում եմ, որ ԵՊՀ-ում լավ կադրեր հավաքվեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայոց լեզվի եւ գրականության» քննության հանձնաժողովի նախագահ Ռիտա Սաղաթելյանը։
Այն պահին, երբ մենք այնտեղ էինք, երիտասարդ աղջիկը համաձայն չէր նշանակված 12 միավորի հետ։ Բողոքարկման ժամանակ վերջինիս քննեց հանձնաժողովի նախագահը եւ իր բարյացակամ վերաբերմունքն ուսանողի նկատմամբ արտահայտեց միանգամից 2 բալ բարձրացնելով (մասնագետների հավաստմամբ՝ բողոքարկման ժամանակ հնարավոր է ընդամենը 1 միավոր բարձրացնել)։ Սակայն 12-ի փոխարեն 14 միավոր ստացած աղջիկն արդեն դրսում ծնողներին պատմում էր, թե իր լավ պատասխանն արժանացավ այդ ցածր միավորին։
Չենք պնդում, թե քննական բոլոր հանձնաժողովներն են օբյեկտիվ աշխատում։ Մենք չենք կարող բացառել հնարավոր խախտումներն ու օրինազանցությունները։ Սակայն այն ամենն, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին քննություններին ներկա գտնվելով, խոսում է այն մասին, որ այսօր դիմորդների մեծ մասը գնահատական ստանում է ոչ թե գիտելիքների եւ տրամաբանության, այլ վարժվածության հաշվին։ Ու դրանում մեղավորը առաջին հերթին դպրոցներն են, որտեղ 10 (այսուհետ 12) տարի սովորելով՝ երեխան չի ստանում այն գիտելիքը, որը նրան պետք կլինի բուհ ընդունվելու համար։ Իսկ 1 տարվա մասնավոր պարապմունքների արդյունքը հենց սա էլ պետք է լիներ։
Հ.Գ. Մինչ օրս բուհական ընդունելության քննությունների ժամանակ ակնհայտ արտասովոր դեպք դեռ չի գրանցվել, բացառությամբ այս մեկի, որը մեզ պատմեց անգլերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Գ. Գասպարյանը. «Անգլերեն բանավորից 20 ստացած երեխան սկսեց հեկեկալ։ Այդ երեխան գիտեր իր ուժերը, բայց չէր հավատում, որ իր ուժերով, արդար ճանապարհով կարող էր 19-20 ստանալ»։