Երեկ լրանալու էր Վարդգես Գնունու ծննդյան 70-ամյակը: Առավոտյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի աշխատակիցներն այցելեցին իրենց երկարամյա տնօրենի շիրմին: Կեսօրից հետո Մեխանիկայի ինստիտուտում կայացավ գիտական սեմինար: Մասնակիցների համար այն մի կողմից` տուրք էր իրենց գործընկերոջ ու ուսուցչի հիշատակին: Մյուս կողմից՝ այն նախապատրաստությունն էր Վարդգես Գնունու անվան միջազգային գիտական սեմինարի, որ կայանալու է սեպտեմբերին: Կազմակերպիչները ենթադրում են, որ միջազգային սեմինարը ներկայացուցչական է լինելու: Իր գիտական գործունեության ընթացքում Գնունին սերտ կապեր է ունեցել Խորհրդային Միության բոլոր այն գիտական կենտրոնների հետ, որոնք ընդգրկված են եղել ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրում: Տարիներ շարունակ մեր ժամանակների անվանի գիտնականը համագործակցել է Մոսկվայի, Խոդկովոյի, Խարկովի, Կիեւի, Լվովի, Կազանի, Նովոսիբիրսկի, Չելյաբինսկի, Կրասնոյարսկի, Պետերբուրգի գիտահետազոտական կենտրոնների հետ: Երեւանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետն ավարտելուց հետո Վարդգես Գնունին թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում, իսկ դոկտորականը՝ Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում: Գիտական երկու աշխատություններն էլ մինչեւ օրս գաղտնազերծված չեն, ինչպես նրա հեղինակած բազմաթիվ այլ աշխատություններ: Հայտնի է, որ Վարդգես Գնունին մասնակցել է խորհրդային հանրահայտ ՍՍ-20 հրթիռի նախագծային աշխատանքներին: Զուտ այս պատճառով մեխանիկայի ոլորտում անվիճելի հեղինակություն համարվող գիտնականի շատ գործեր անծանոթ են անգամ այս ոլորտի շատ մասնագետների: Ռազմաարդյունաբերության ոլորտում կատարած աշխատանքներից զատ` Գնունին գիտական մոտ 200 տպագիր աշխատությունների հեղինակ է: 90-ական թթ. նա իր ավանդը բերեց արդեն անկախ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կայացման գործին: Մեր հասարակությունը Վարդգես Գնունուն գիտի որպես անկախության շրջանում գիտության ու կրթության նախարար: 1991 թ. նա նշանակվեց բարձրագույն կրթության ու գիտության նախարար: Պետական ու հասարակական կյանքի այս բարդ շրջանում գիտնականը կերտեց իր համար նոր՝ քաղաքական գործչի կենսագրություն: Բնագետի համար հազվագյուտ շրջահայացությամբ էր Գնունի նախարարը վերաբերվում հասարակագիտության եւ հատկապես հայագիտության խնդիրներին: Նախարար Գնունին կազմակերպեց Արցախի ազատագրված տարածքների գիտական առաջին ուսումնասիրությունները: Թե Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի, թե նախարարի աշխատանքին զուգահեռ` Վարդգես Գնունին մշտապես դասավանդել է: 70-ականների սկզբին նա Գորիսի մանկավարժական ինստիտուտի մեխմաթ ֆակուլտետի դեկանն էր: Հետո մշտապես դասավանդում էր Երեւանի պետական համալսարանում: Իսկ այդ աշխատանքի արդյունքն այսօր գիտությունների դոկտոր եւ թեկնածու նրա մի քանի տասնյակ աշակերտներն են: