Պատերազմում՝ ինչպես պատերազմում

28/07/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Շուրջ երկու շաբաթ է, ինչ Իսրայելը հուժկու ռմբակոծությունների է ենթարկում Գազան, Հարավային Լիբանանը եւ Բեյրութը, ինչի հետեւանքով զոհվել է մոտ չորս հարյուր եւ վիրավորվել` հազարից ավելի մարդ (հիմնականում` խաղաղ բնակիչներ), կես միլիոնը մնացել է անօթեւան:

Լիբանանի հարավային սահմանում սկսվել են ընդհարումներ Իսրայելի ցամաքային ուժերի եւ «Հըզբոլլահի» զինված միավորումների միջեւ: Իսրայելը պնդում է, որ զինված արշավանքը սկսել է ի պատասխան իր երկու զինվորների գերման, սակայն, թվում է, որ դա ընդամենը պատրվակ է, եւ որ Իսրայելը վաղուց պատրաստվում էր «Հըզբոլլահի» «վերջը տալ»: Բացի այդ, հարվածները հասցվում են ոչ միայն «Հըզբոլլահի» դիրքերին, այլեւ Լիբանանի ենթակառուցվածքներին (կամուրջներ, թունելներ, էներգետիկ օբյեկտներ, ճանապարհներ) եւ Բեյրութի բնակելի թաղամասերին: Այս ամբողջը շատ է հիշեցնում ԱՄՆ-ի հարձակումն Իրաքի վրա` սկզբից ռմբակոծել օդից` ինչ-որ հնարավոր է, ապա սկսել ցամաքային օպերացիա: Ի պատասխան Իսրայելի գործողությունների` «Հըզբոլլահը» հրթիռակոծում է Հյուսիսային Իսրայելի քաղաքները (առաջին հերթին` Հայֆան) «Գրադ» եւ «Կատյուշա» տիպի հրթիռներով, ինչի հետեւանքով զոհվել է 36 մարդ:

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դիրքորոշումները

«Մեծ ութնյակի» սամմիթին ԱՄՆ-ի նախագահ Բուշը փորձեց ամեն ինչ գլխիվայր շրջել, ասելով, որ պատերազմական գործողությունները սկսվեցին «Հըզբոլլահի» պատճառով, որովհետեւ նա է առեւանգում մարդկանց եւ հրթիռակոծում Իսրայելը: Ի հակառակ դրան, ՌԴ նախագահ Պուտինի ջանքերով այդ թեմային նվիրված փաստաթուղթը ստացվեց շատ թե քիչ «բալանսավորված»: Մի կողմից` պահանջվում է «դադարեցնել ահաբեկչական ակտերը Իսրայելի դեմ», մյուս կողմից` կոչ է արվում Իսրայելին` «մաքսիմալ զգուշություն ցուցաբերել», որպեսզի չտուժի խաղաղ բնակչությունը: Արդեն սամմիթից հետո ռուսական ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՌԴ-ն մեղադրում է Իսրայելին` «ուժի ոչ համարժեք օգտագործման մեջ», եւ դրա հետ դժվար է չհամաձայնել: Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Իսրայելին տալիս է մեկ շաբաթ` ռազմական գործողություններն ավարտելու համար: Այսպիսով, ԱՄՆ-ը բոլորովին բաց եւ ակնհայտ հրահանգեց Իսրայելին` շարունակել պատերազմը մինչ հաղթանակ, բայց մի փոքր շտապել (քանզի խանգարողները քիչ չեն): Ավելորդ է նշել, որ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը հակասում է սամմիթում ընդունված հայտարարությանը, որտեղ կոչ է արվում «անհապաղ դադարեցնել բռնությունն այդ ռեգիոնում», եւ որի տակ ստորագրել է նախագահ Բուշը:

Սամմիթում նախաճաշի ժամանակ Ջորջ Բուշը հանկարծակի միացրեց խոսափողը, եւ բոլորը լսեցին նրա խոսքերը` ուղղված Թոնի Բլեերին, մասնավորապես` «Պետք է, որպեսզի Սիրիան ստիպի «Հըզբոլլահին»` չանել այդ կեղտը (ՊպՐՖՎՏ)»:

ՌԴ արտգործնախարար Լավրովն ասաց, որ «Հըզբոլլահի» միջոցով ճնշում է գործադրվում Սիրիայի եւ Իրանի վրա:

Բուշին դժվար է մեղադրել Լիբանանին համակրելու մեջ: Սակայն, ելույթ ունենալով Գերմանիայում, նա դիմեց Երուսաղեմին` «պատրաստել ձվածեղ` չջարդելով հավկիթները», այսինքն` ռմբակոծել Լիբանանը այնպես, որպեսզի «չթուլանան լիբանանյան կառավարության դիրքերը»:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը դիմեց կողմերին, խնդրելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել խաղաղ բանակցություններ: Սակայն Ռայսը միաժամանակ հայտարարեց, որ իմաստ չի տեսնում վերադարձնել իրավիճակը սկզբնական կետին: Որպես տարբերակներից մեկը, առաջարկվում է ստեղծել բուֆերային գոտի, որտեղ կտեղակայվեն միջազգային ուժերը: Այդ առաջարկին, իհարկե, համաձայն է իսրայելյան կողմը: Ամերիկյան ադմինիստրացիան պատասխանատվությունը դնում է «Հըզբոլլահի», ինչպես նաեւ` Իրանի եւ Սիրիայի վրա: Ռայսը պահանջեց կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը` «Հըզբոլլահի» զինաթափման մասին:

Կոնֆլիկտի զարգացման միտումները

Իսրայելի զինուժը սկսել է ցամաքային գործողությունները Հարավային Լիբանանում եւ պաշարել «Հըզբոլլահի» «մայրաքաղաք» Բինատ-Ջաբիլ քաղաքը: Ընդհանուր առմամբ Իսրայելը պատրաստվում է գրավել 15 քաղաք եւ գյուղ` այդ օպերացիան կոչելով «Պողպատե ցանց»: Թվում է, որ իսրայելցիները չեն լսի ոչ ոքի եւ կշարունակեն պատերազմական գործողությունները` մինչեւ չստեղծվի 20-30 կիլոմետրանոց գոտի` «Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ, ինչը Հյուսիսային Իսրայելը կդարձնի անհասանելի արաբական հրթիռների համար:

Մինչդեռ անհասկանալի դրդապատճառներով շարունակվում է Բեյրութի եւ Լիբանանի այլ քաղաքների ռմբակոծումը, զոհվում են անմեղ մարդիկ: Բեյրութը լքել է բնակիչների երկու երրորդը, պակասում է սնունդը, խմելու ջուրը եւ բուժօգնությունը: Չի բացառվում, որ իսրայելցիները փորձեն գրոհել Բեյրութը ծովի կողմից:

Ե՛վ Լիբանանը, եւ՛ Իսրայելը պահանջում են իրենց ճանաչել ագրեսիայի զոհ: Միջազգային հանրությունը մնում է ապակողմնորոշված: Ո՛չ պատանդների առեւանգումը եւ ո՛չ էլ Լիբանանի կառավարության հնարավոր անկումը չի ցանկանում ոչ ոք: Ըստ էության, Լիբանանի կառավարությունը չի վերահսկում երկրի հարավը եւ Բեքաայի հովիտը, որտեղ տեղակայվել է «Հըզբոլլահը», եւ կցանկանար ազատվել այդ խմբավորումից, որի ջոկատները` իրենց քանակությամբ եւ սպառազինություններով, համեմատելի են ազգային բանակին: Թեեւ Իսրայելը մեղադրում է Լիբանանի կառավարությանը շիա էքստրեմիստների գործունեության համար, Բեյրութը փորձում է բացատրել ամբողջ աշխարհին, որ ոչ մի մեղք չունի:

Հիշենք, որ Լիբանանի բնակչության մեկ երրորդը քրիստոնյաներ են, իսկ «Հըզբոլլահին» սատարողները կազմում են բնակչության 40 տոկոսը: Այդ տեսանկյունից ճնշումը երկրի եւ կառավարության վրա կարող է բերել երկրի ապակայունացմանը եւ անգամ (ինչը չի բացառվում) նոր քաղաքացիական պատերազմի: Դրանից վախենում են եւ՛ լիբանանցիները, եւ՛ անգամ Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը:

Հարկ է նշել, որ եթե Իսրայելի բանակը արագ չհասնի արդյունքի, կարող է «խրվել» երկարատեւ պատերազմի մեջ: Չէ՞ որ «Հըզբոլլահը» կատաղի դիմադրություն է ցուցաբերում եւ արդեն ոչնչացրել է իսրայելյան հինգ տանկ: