Վրաստանում, իսկ հետո արդեն՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հայ ընդդիմադիրները «բարի նախանձով» են նայում, ինչի մասին նրանք նույնիսկ բազմիցս բարձրաձայն են արտահայտվել: Սակայն այդ երկրներում կատարվածի վերաբերյալ բոլորովին այլ զգացողություն ունի մեկ այլ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ. Արտաշես Գեղամյանը: «Չեմ կարծում, թե դա կարող է որեւէ մեկի համար նախանձելի օրինակ հանդիսանալ: Նախանձելի կարող է լինել այն, ինչը բարիք է բերելու ժողովրդին: Տա Աստված, Ուկրաինայում հաղթանակի ժողովրդավարությունը, քանի որ վտանգ կա, որ նա կկանգնի համազգային պառակտման շեմին, ինչն ուկրաինացիների շահերից չէ,- ասաց նա՝ հավելելով,- այո, կարելի է նախանձել, որ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, այնտեղի իշխանությունները չհամարձակվեցին զինված մարդկանցով ճնշել համաժողովրդական ընդվզումների ու ցասման դրսեւորումները, որոնք խաղաղ ցույցերով էին արտահայտվում: Այո՛, իրենք իրենց ճակատին խարանի պես չքսեցին անմեղ ժողովրդի թափված արյունը: Այդ տեսակետից, այո, ես էլ եմ բարձր գնահատում Ուկրաինայի եւ Վրաստանի այն ժամանակվա իշխանություններին, որովհետեւ իրենք իշխանավորի համար ամենաբարձր դասը քաղել էին: Չկա այնպիսի իշխանություն ու պաշտոն, որն ավելի թանկ է գնահատվում, քան երեխայի քթից թափված արյունը: Մեր իշխանությունները, սակայն, դժվար թե կարդացած լինեն թե՛ Դոստոեւսկուն, որն այս մասին գրել է, թե՛ մյուս դասականներին»:
Լ. Ս.