Հայաստանում փորձնական ուսումնական ծրագիրը ենթարկվում է քննադատության` դպրոցականներին, որպես ապագա զինվորներ դաստիարակելու համար:
«Աջ դա՛րձ: Ձախ ուսն առա՛ջ: Քայլով` մա՛րշ»,- հրաման է տալիս նախնական զինպատրաստության ուսուցիչ Կարո Համբարձումյանը, չնայած, որ իր ստորադասները ոչ թե զինվորներ են, այլ Երեւանի դպրոցներից մեկի 11-12 տարեկան աշակերտներ:
Չնայած Հայաստանում զինվորական պատրաստությունը պարտադիր է 14-16 տարեկան բոլոր աշակերտների համար, թիվ 99 դպրոցում այն ընդգրկվել է նաեւ ավելի ցածր դասարանների ուսումնական ծրագրում: Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններն անհանգստացած են այն ազդեցությամբ, որ վաղ շրջանում սերմանվող ռազմականությունը կարող է ունենալ երեխաների մտածելակերպի վրա: Նրանք նաեւ անհանգստացած են, որ կառավարությունը մտադիր է այս փորձնական ծրագիրն ընդգրկել նաեւ անապահով ընտանիքներից դուրս եկած երեխաներին ապաստան դարձած 11 այլ դպրոցում:
Դպրոցի տնօրեն Լյուդմիլա Մարգարյանը սկզբում այս շաբաթական դասաժամերի միջոցով փորձել է սաստել անկարգապահ տղաներին: «Դասարանում տղաները շատ էին: Մտածում էինք, որ անկարգ կլինեն, եւ որոշեցինք այն ռազմագիտական թեքումով դասարան դարձնել: Երբ համազգեստով են, ավելի կազմակերպված եւ պատասխանատու են»:
Դասարանում սովորող տասնութ տղան եւ ութ աղջիկը քայլքի արվեստ, շարքով կանգնել, Կալաշնիկովի ավտոմատ քանդել են սովորել, եւ հիմա էլ ռազմական գործի նրբություններն են յուրացնում: «Մենք ռազմագիտություն ենք սովորում,- ասում է տասնմեկամյա Սարգիսը: -Մենք սովորում ենք, թե ինչպես պետք է սողոսկելով շրջապատել թշնամուն եւ սպանել նրան»:
Սարգիսի տատիկի` Սուսաննա Մարտիրոսյանի խոսքերով` ծնողներն ուրախությամբ են ընդունել նոր ծրագիրը: «Թոռնիկս ոգեւորված է,- ասում է նա: -Նա գիտի, որ գեներալ է դառնալու, որ զինվորական է: Մենք էլ ենք երջանիկ, որովհետեւ նա զինվորի պարտականություններն է սովորում, իրեն զինվոր է զգում եւ զինվորական գործն է ընտրել»:
Զինվորական համազգեստով, մազերը գլխարկի տակ պահած Հրանուշն ասում է. «Տղաները համազգեստով են դասի գալիս, դե մենք էլ` իրենց նման: Վատ չի: Մենք սովորում ենք անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր հայրենիքը»:
Մեկ այլ աշակերտուհի` Աելիտան, որն արդեն ավարտել է դպրոցը, ավելացնում է. «Ավտոմատին ծանոթացանք, ռազմական տակտիկա եւ ստրատեգիա ենք սովորել: Սովորել ենք նաեւ շրջապատել եւ հաղթել թշնամուն: Բայց ասեմ, որ աղջիկներին ավելի մեղմ էին վերաբերվում, հեշտ էին գնահատական դնում»:
Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Կարո Համբարձումյանը, որ Խորհրդային բանակի սահմանապահ զորքում դեսանտային է եղել, ասում է` որքան շուտ սկսես սովորեցնել` այնքան ավելի լավ. «Մեծերին սովորեցնելը դժվար է: Երեխան խմորի պես է` մանուկ հասակից է պետք դաստիարակել»:
«Միշտ երազել եմ նման դասարան ստեղծելու մասին,- ասում է Համբարձումյանը: -Ինչպես ասում են` խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի: Ես նրանց սովորեցնում եմ, թե ումից ենք պաշտպանելու հայրենիքը եւ ինչպես: Երեխաներն այս ամենն ավտոմատը քանդել-հավաքելուց են սովորում»: Թիվ 99 դպրոցը Երեւանի աղքատ ծայրամասերից մեկում է գտնվում: Այստեղ շատ երեխաներ միակողմանի ծնողազուրկ են:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այս միտումից եթե ոչ զարմացած, ապա հիասթափված է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելու պատճառով Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի շեմին է:
«Եթե երեխաները եւ նրանց ծնողները բողոքելու պատճառ չունեն եւ ընդունում են խաղի կանոնները, ապա իրավունքների խոշոր խախտում սրանում չկա: Բայց վատ է, որ զինվորների երկիր են դարձնում: Սա մի երկիր է, ուր երիտասարդները զինվորներ են: Նման բան հնարավոր էր միայն Խորհրդային Միությունում, կամ էլ` իսլամական որեւէ պետությունում»: Կրթության նախարարությունը ռազմագիտական թեքումով այս ծրագրից գոհ է եւ պատրաստվում է այն մտցնել Հայաստանի եւս 11 դպրոցում: Նախարարությունն այս ծրագրում ընդգրկելու համար ընտրել է «հատուկ դպրոցներ», որոնց աշակերտների մեծ մասը դժվար երեխաներ են:
«Հիմնական մեր նպատակն այն է, որ փողոցից հավաքենք այն երեխաներին, որոնք ինչ-ինչ պատճառներով կանոնավոր կերպով դպրոց չեն գնում, ձգտել են սովորել ռազմական ուսումնական հաստատությունում, բայց հնարավորություն չեն ունեցել, եւ տանք նրանց այդ հնարավորությունն»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի նախնական զինվորական պատրաստության գծով գլխավոր մասնագետ Վաչագան Ասլանյանը: «Ապագայում այս 11 դպրոցի բոլոր դասարաններն են նախնական զինվորական պատրաստության խորացված ծրագիր ունենալու։ Ամեն մարզ մեկ նման դպրոց է ունենալու։ Բոլոր տեղերից ռազմական խորացված գիտելիքներ ստանալ ցանկացող երեխաները տեղափոխվելու են այդ դպրոցները»,- ասում է Ասլանյանը։
Ասլանյանի խոսքերով` երեխաներին այդ դպրոցներ տեղափոխելիս ծնողների համաձայնությունը պարտադիր է: Չնայած վստահեցումներին, ռազմագիտական դասարանների ստեղծման ծրագրի ընդդիմախոսներն անհանգստացած են: «Ես լավ պատկերացնում եմ, թե ինչ է արվում՝ դժվար երեխաներ են, շատ ժամանակ փողոցում են անցկացնում, եւ նրանց զինվորական են դարձնում։ Դա հին սովետական միջոց է»,- ասում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։
«Խախտվում է ՀՀ երեխաների իրավունքների մասին օրենքի 4-րդ կետը, որտեղ ասվում է, որ երեխաներն ունեն հավասար իրավունքներ։ Այս կամ այն պատճառով հատուկ դպրոցներում հայտնված երեխաների համար ընտրվում է ռազմական ուղին։ Խախտվում է երեխայի ապագա ընտրելու իրավունքը»,- նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի մամուլի պատասխանատու Էմիլ Սահակյանը։ «Երեխաների ապագան այլ մարդիկ են ընտրում: Ես հասկանում եմ, որ երկրին պետք են լավ զինվորներ, բայց նաեւ լավ գիտնական, բժիշկ, այլ մասնագետներ էլ են պետք։ Ո՞վ ասաց, որ երկիրը պաշտպանված լինելու համար միայն զինվորներ են պետք, իսկ մյուս մասնագիտությունների տեր մարդիկ իրենց լուման չե՞ն ներդնում երկրի պաշտպանության գործում»,- շարունակում է Սահակյանը:
Իսկ երեխաներն իրենց նոր հմտություններին անմիջական եւ գործնական կիրառում են գտել: «Ռազմագիտության դասերն օգնում են ուրիշ դասարանցիների հետ կռիվների ժամանակ։ Բարձր դասարանցիների հետ էլ են կռիվներ լինում, մենք դասարանով իրար օգնում ենք»,- ասում է Վարազդատը։
Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասյան լրատուի (CRS) # 349